exclusive
2634 դիտում

Book fest, Կալենց, «Արվեստ», «Այլ Կերպ», Պրոկոֆեւ, Rozen Tal



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

Այս տարի աշունն այնքան հրաշագեղ էր, որ շատերն անգամ չհասցրեցին ավանդական աշնանային դեպրեսիա ապրել: Սակայն հիմա էլ մեծ է սեզոնի ավարտի կապակցությամբ տխրելու հավանականությունը եւ այն հնարավոր է շրջանցել՝ հետաքրքիր վայրեր եւ միջոցառումներ այցելելով: Նոյեմբերի վերջին ուիքենդի «ծրագրում» գերակշռում են մշակութային միջոցառումները, որոնք կօգնեն չկենտրոնանալ մոտեցող ձմռան անխուսափելիության վրա:

25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Նոյեմբերի 24-26-ը Երեւանում կայանալու է Գրքի առաջին փառատոնը, որի ընթացքում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, ընթերցանություն, մրցույթ: Այն անցկացվելու է Հանրապետության հրապարակում տեղակայված արտաքին գործերի նախարարության շենքում:

«Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ գրքերի վաճառքին ներգրավված կլինեն գրողներ:

Նոյեմբերի 25-ին ժամը 16:00-ից 18:00-ը գրող Գուրգեն Խանջյանը կվաճառի հրատարակչության գրքերը 20% զեղչով: Իսկ նրա ստեղծագործությունները հնարավոր կլինի ձեռք բերել 30% զեղչով:


Նույն սկզբունքով գրքեր կվաճառի նաեւ երիտասարդ գրող Գրիգը: Նրանից գիրք կարող եք գնել ժամը 12:00-14:00-ը:

Փառատոնի ծրագրին եւ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շաբաթ օրը բացվում է «Գեւորգ Գրիգորյան Ջոտտո» ցուցադրությունը՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարչի 120 ամյակին: «Արծիվ» սրահում  ներկայացվելու է 62 գեղանկար եւ գրաֆիկական աշխատանք, շատերը՝ նախկինում չցուցադրված:


Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը:

Մուտքն ազատ է:

***

Picasso art studio-ն (Ազատության 12) առաջարկում է «Ինքնաբուխ նկարչության» թերապևտիկ դասընթացներ, որոնց շնորհիվ միգուցե բացահայտվեն ձեր թաքնված նկարչական ունակությունները, ներկերի միջոցով հնարավորություն կունենաք ազատվել ներքին ընկճվածությունից, գույնի, ձեւի, լույսի շնորհիվ` հասկանալ սեփական վախերը եւ մտահոգությունները` միաժամանակ ձեռք բերելով նկարելու փորձ:

Առաջին դասը կկայանա շաբաթ օրը, ժամը 12:30-ին: Գրանցվելու համար հարկավոր է զանգահարել` 091 46 43 34 հեռախոսահամարով: Մեկ դասի արժեքը 1500 դրամ է:

***

12:30 LOFT-ում ձեռքի շնորհ ունեցող մեծ եւ փոքր մարդիկ հավաքվելու են ասեղնագործ փայտե բրոշներ պատրաստելու նպատակով: Աշխատարանի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կպատրաստի երկուական բրոշ. երկրորդը նախատեսված կլինի ամենասիրելի մարդու համար:


Աշխատարանին մասնակցելու արժեքը կազմում է 3 000 դրամ:

Գրանցման համար զանգահարել` 043 40 88 64 հեռախոսահամարով:

***

Դպրոցականներին կրկին գեղանկարչական շաբաթ-կիրակի է սպասում:

Art Corner-ում տեղի կունենա ծանոթություն Սալվադոր Դալիի հետ: Նկարչի կյանքին եւ աշխատանքներին ծանոթանալուց հետո երեխաները կստեղծագործեն սյուրռեալիստական ոգով:


Դասի արժեքը` 2000 դրամ: Գրանցվելու համար պետք է զանգահարել 095 58 58 34 հեռախոսահամարով:

Դասերը կանցկացվեն շաբաթ օրը`13:00-ին, եւ կիրակի`15:00-ին:

***

Ժամը 12:00-ին Indigo զարգացման կենտրոնում կկայանա Հարություն Կալենցին նվիրված միջոցառումը: Ինտերակտիվ եղանակով կներկայացվեն գեղանկարչի կենսագրությունը, կտավները, աշխատաոճը, այնուհետեւ` երեխաները կփորձեն կրկնօրինակել նրա ամենահայտնի կտավներից մեկը:


Մասնակցության արժեքն է 2000 դրամ: Գրանցվելու հեռախոսահամարները` 011 97 79 77 եւ 091 34 21 34:

***

Կալենցի, Այվազովսկու, Սուրենյանցի, Մինասի, Քոչարի եւ եւս 7 հայ մեծանուն արվեստագետների ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ նաեւ վերջերս լույս տեսած «Արվեստ» խաղ-գրքի  շնորհիվ:

Ժամը 14:00-ին ՏաՏա կենտրոնը (Բուզանդի 43) հյուրընկալելու է խաղի հեղինակներին, որոնք կսովորեցնեն 5+ երեխաներին խաղալ «Արվեստ»:


Մասնակցության արժեքը` 1000 դրամ:

Նախնական գրանցումը պարտադիր է: Հարկավոր է զանգահարել 096 86 82 82 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել կենտրոնի ֆեյսբուքան էջին:

***

Աշնան վերջին օրերին հնարավորություն կունենաք առնչվել ծաղիկների հետ: Ժամը 14:00-ին, Digilab-ում (Խորենացի 15) տեղի կունենա դիզայներ-ֆլորիստ Անահիտ Թադեւոսյանի վարպետության դասը: Դասի ընթացքում համատեղ ջանքերով կպատրաստվեն ծաղկային կոմպոզիցիաներ:

Գրանցվել կարելի է այս հղումով:

***

Այսուհետ Հայաստանի եւ Եվրոպական միության գործակցությունը կառուցվելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իսկ դուք գիտե՞ք, որ Եվրամիության անդամ մի շարք երկրների ներկա եւ նախկին ղեկավարներ եղել են Արարատ թանգարանում եւ այցելել Երեւանի կոնյակի գործարանի գանձարան, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը՝ կոնյակներ եւ կոնյակի սպիրտներ սկսած 1902 թվականից:


Երեւանի կոնյակի գործարանի շենքում գործող թանգարանը այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:


***

Jam Rock Pub-ը (Խանջյան 7) շաբաթը հայտարարել է «Դարդերի օր» եւ բոլոր «դարդոդած» մարդկանց հրավիրում է խմելու եւ ցրվելու: Հոգեբանի դերում հանդես կգա բարմենը՝ տրամադրությանը համապատասխան երգերի ներքո: Հավաքույթի վերջնական նպատակը կուտակված դարդերը բարեհաջող ճանապարհելն է:

Խմել-ցրվել հնարավոր կլինի ժամը 18:00-ից սկսած:

***

Իսկ եթե ոչ մի լուրջ դարդ չունեք, ապա խմել-անկեղծանալու փոխարեն կարող եք ներկա գտնվել Գաֆեսճյան կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայանալիք դաշնամուրային երեկոյին եւ լսել Պրոկոֆեւի սոնատները՝ դաշնակարուհիներ Շաքե Թադեւոսյանի եւ Կարինե Հովհաննիսյանի կատարմամբ:

Համերգը նվիրված է վաստակավոր ուսուցիչ, պրոֆեսոր Վաչե Ումր-Շատի ծննդյան 95-ամյակին:


Սկիզբը՝ 20:00-ին: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ: Ամրագրման համար զանգահարեք 010 56 72 62 հեռախոսահամարով:

***

Ժամը 21:00-ին Stop ակումբում Rozen Tal խումբը պրոգրեսիվ ռոք է նվագելու:



Մուտքի արժեքը՝ 1000 դրամ:

26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

ՏաՏա կենտրոնում մեկնարկում է նախատոնական միջոցառումների շարքը, որի ընթացքում կպատրաստվեն տոնական զարդարանքներ, աղանդներ եւ այլն:

Առաջին դասին երեխաները նարնջից մոմեր կպատրաստեն: Մասնագետի օգնությամբ բալիկները մոմ կհալեցնեն եւ կլցնեն այն նարնջի կեղեւի մեջ:


Աշխատարանի սկիզբը՝ ժամը 16:00-ին:

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության արժեքը կազմում է 3000 դրամ:

Մանրամասների եւ գրանցման համար զանգահարել՝ 096 86 82 82 կամ հաղորդագրություն ուղարկել կենտրոնի ֆեյսբուքան էջին:

***

Մյուս ձմեռային աշխատարանը մեծերի համար է՝ ժամը 18:00-ին In Art Studio-ում (Բաղրամյան 30) կավագործության երեկո կմեկնարկի, որը կուղեկցվի գլինտվեյնի հյուրասիրությամբ: Դասի վերջում մասնակիցների աշխատանքները կթրծվեն եւ կհանձնվեն իրենց արարիչներին:


Մասնակցության արժեքը կազմում է  3000 դրամ, երկու մասնակցի դեպքում՝ 2500 դրամ: Գրանցվելու համար զանգահարեք՝ 091 16 69 96, 091 22 81 08:

***
Ժամը 15:00-ին Smash Studio-ում (Այգեստան 9-րդ փողոց, տուն 89) կկայանա մեր հայկական ավանդական խորովածին նվիրված համեղ վարպետության դասը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էլ անգործ չեն մնա՝ հալվա եւ խորիզով գաթա կպատրաստեն: Երեխաները նույնպես ներգրավված կլինեն եւ խոհանոցում ստեղծագործելու հնարավորություն կունենան:

Մասնակցության արժեքն է`4000 դրամ: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 055 86 87 91 հեռախոսահամարով:

***

Ժամը 16:00-ին T-Shirt խանութի (Տերյան 26ա) յուրահատուկ միջավայրում հայտնի լրագրող եւ գրող Աշոտ Գազազյանը կհանդիպի ընթերցողների հետ: Նա կներկայացնի իր վերջին` Бессонница в летнюю ночь հավաքածուն եւ կընթերցի որոշ հատվածներ` լավ գինու «ուղեկցությամբ»:


***

Ժամը 18:00-ին Փոքր թատրոնում կարող եք դիտել «Համլետ MACHINE» մոնոներկայացումը` շեքսպիրյան «Համլետի» եւ Հ. Մյուլերի «ՀամլետMachine» աբստրակտ պիեսի մոտիվներով: Ներկայացման ընթացքում կբացահայտեք Համլետի դրամայի արդիականությունը մեր օրերում: Դերակատար` Նարեկ Բաղդասարյան:



***

Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, հայտնի թմբկահար Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին նվիրված համերգը, որին մասնակցելու են Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ջազ նվագախումբը, երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Դավիթ Գեոդակյանը եւ շատ ուրիշներ:   


Տոմսերի արժեքը`2000, 3000 դրամ:

***

Ժամը 19:00-ին Էօն հակասրճարանում (վերա)նայելու են լեգենդար «Աստղային պատերազմներ» ֆիլմի առաջին մասը: «Կինոսեանսի» արժեքը 1000 դրամ է` ներառյալ սուրճ, քաղցրավենիք եւ պոպկորն:


Ներկայությունը հաստատեք այստեղ:

***

Չենք մոռանում քաղաքից դուրս գնալու մասին եւ առաջարկում ենք կիրակի մեկնել Գյումրի՝ այս անգամ ոչ թե էքսկուրսիայի, այլ` հայկական սեղանի խաղերի թեժ մրցաշարին մասնակցելու համար: Ժամը 14:00-ից LOFTGyumri-ում խաղալու են Այլ Կերպ, Զիլ Զառ, Մի շնչով, Դե Խաղա, Սիվիկ, Էնթեր Սիգնիթիլենդ:


Մուտքավճարը` 1000 դրամ: Մանրամասների համար զանգահարեք 041 17 76 77 հեռախոսահամարով, իսկ մասնակցելու հայտը կարող եք լրացնել այստեղ:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am