Սարյան, «Երեք ընկեր», Օլաֆ, Շուման, Պարային մարտ, Գարիկ եւ Սոնա - Mediamax.am

exclusive
4760 դիտում

Սարյան, «Երեք ընկեր», Օլաֆ, Շուման, Պարային մարտ, Գարիկ եւ Սոնա


Լուսանկարը` Marog Marketing


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

Սլացիկ արագությամբ դեկտեմբերն իր վարդագույն լուսաբացներով եւ ծիրանագույն մայրամուտներով մոտենում է կուլմինացիային, իսկ եղանակը շարունակում է ուրախացնել եւ հնարավորություն է տալիս հեշտությամբ տեղափոխվել քաղաքով եւ մասնակցել զանազան միջոցառումներին:

 

16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

 

Շաբաթ օրը ժամը 12:00-ին «Ինդիգո» Զարգացման կենտրոնում երեխաների եւ ծնողների համար կախարդական հանդիպում է նախատեսվում:

 

Երեխաները կպատրաստեն տոնածառի խաղալիքներ, շոկոլադ, կթխեն ամանորյա թխվածքաբլիթներ, կլուսանկարվեն եւ կզվարճանան սիրված ձնեմարդուկ Օլաֆի հետ:

 

Մայրիկներին էլ կծանոթանան կենտրոնի մասնագետների հետ եւ թեյ-սուրճ կըմպեն:

 

Երեխա+ծնող մուտքի արժեքը՝ 3000 դրամ: Նախնական գրանցումը պարտադիր է 091 34 21 34, 011 97 79 77 հեռախոսահամարներով:

 

***

 

Տիկնիկային թատրոնում եւս տոնական տրամադրություն կլինի՝ ժամը 13:00-ին կկայանա «Ո՞վ է գողացել նվերները» ամանորյա երաժշտական ներկայացումը:

 

Քանի որ տեղերը սահմանափակ են, տոմսերն անհրաժեշտ է գնել նախապես: Օրինակ՝ www.tomsarkgh.am կայքից: Արժեքը՝1000 դրամ:

 

***

 

Ժամը 16:00-ին Խնկո Ապոր գրադարանում տեղի կունենա Էդիտ Պրինտ հրատարակչության հրապարակած Էրիխ Մարիա Ռեմարկի ամենահայտնի ու ազդեցիկ ստեղծագործություններից մեկի՝ «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

 

***

 

Ժամը 19:00-ին «Խոզի միս եւ գարեջուր» համադրությանը հարգանքով վերաբերվող մարդկանց սպասում են Picasso-ում: Տեղի կունենա գոճու պատրաստմանը նվիրված վարպետության դաս, կմատուցվեն համեղ խորտիկներ եւ գարեջուր:

 

Մեկ անձի մասնակցության արժեքը՝ 9000 դրամ: Ամրագրման համար զանգահարել 010 53 22 33 հեռախոսահամարով:

 

***

 

Դասական երաժշտության գեղեցիկ ձմեռային երեկո վայելելու համար գնացեք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ 19:00-ին սկսելու է ռոմանտիկ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ, կոմպոզիտոր Ռոբերտ Շումանին նվիրված համերգը:

 

Ելույթ են ունենալու Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Աննա Մայիլյանը (մեցցո-սոպրանո):

 

Երեկոն կայանալու է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում: 

 

Մուտքն ազատ է:

 

***

 

Դասական երաժշտության երեկո կլինի նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, որտեղ հանդես կգա երիտասարդ դաշնակահար Իդո Ռամոթը (Իսրայել):

 

Ծրագրում՝ Դեբյուսսի, Ռախմանինով, Պրոկոֆեւ, Բոնիս, Շոպեն:

 

Սկիզբը՝ 20:00-ին:

 

Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

 

***

 

Եթե տրամադրված եք ավելի ակտիվ կերպով ավարտել օրը, կարող եք մասնակցել Պարային մարտին, որը տեղի կունենա Մաշտոցի 50 հասցեում գտնվող Baker Street-ում: Հնարավոր կլինի մրցել բոլոր պարային ոճերում, մի լավ զվարճանալ ու լիցքաթափվել:

 

Սկիզբը՝ 20:00-ին:

 

Տեղեր ամրագրելու համար զանգահարեք՝ 094 493 338, 099 493 338 հեռախոսահամարներով:

 

17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի օրը լի է ստեղծագործական դասընթացներով, ընդ որում՝ բոլոր տարիքի մարդկանց համար:

 

Կեսօրից մինչեւ 18:00-ը In Art Studio-ում 4+ տարեկանից սկսած անձիք հանգիստ խղճով պատերի վրա նկարելու հնարավորություն կունենան: Վճարելով ընդամենը 1000 դրամ, կարելի է «զավթել» ստուդիայի պատերը եւ նկարել, որքան ֆանտազիան թույլ կտա:

 

Մանրամասները պարզելու համար զանգահարեք 091 16 69 96, 091 22 81 08 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 15:00-ին Art Corner-ում ստեղծագործելու են դպրոցական տարիքի երեխաները: Այս անգամ՝  Գուստավ Կլիմտի ոճում, փորձելով օգտագործելով նրա անկրկնելի գույները:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ: Նախապես գրանցվելու համար զանգահարեք  095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Եթե ձմեռային արեւը ձեզ չի հերիքում եւ կարոտում եք ամառային գույները, գնացեք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, որն աշխատում է ժամը 11:00-ից 18:00-ը:

Լուսանկարը` Marog Marketing

Իսկ շատ շուտով, դեկտեմբերի 23-ին եւ 24-ին Արարատ թանգարանում կկայանա յուրահատուկ ցուցահանդես, որի ժամանակ Սարյանի մի քանի կտավներ «կենդանություն կառնեն»:

 

***

 

Ցերեկային եռուզեռից հետո In ArtStudio-ն կրկին միջոցառում է պլանավորել. 16+ աղջիկները եւ տղաները արդեն հանգիստ միջավայրում կմասնակցեն անսովոր դասընթացի. Ամանորյա կենդանի համերգի ներքո, ըմպելով տաք կակաո, ստեղծվելու են կավե աշխատանքներ:

 

Սկիզբը` 18:00-ին:

 

Մուտքի արժեքը՝ 3000 դրամ, երկու անձի համար՝ 5000 դրամ:

 

***

 

InVino-ում մեկնարկում է միջոցառումների «Ի՞նչ ես կարդում հիմա» շարքը: Գինու համտեսման ընթացքում մասնակիցները կպատմեն, թե ի՞նչ են կարդում եւ մեջբերումներ կանեն գրքերից:

 

Սկիզբը՝ 19:30-ին:

 

Ամրագրման համար անհրաժեշտ է այցելել In Vino կամ զանգահարել՝ 010 521931 հեռախոսահամարով:

 

***

 

Friends փաբում կրկին կինոդիտում է լինելու: Ցուցադրվելու է 1988 թվականին նկարահանված «Игла» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Վիկտոր Ցոյը եւ Պյոտր Մամոնովը:

 

 

ԽՍՀՄ-ի գոյության տարիներին այս ֆիլմը մեծ աղմուկ էր հանել՝ առաջին անգամ «խոշոր պլանով» ներկայացնելով  թմրամոլության խնդիրը:

 

Սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

***

 

Եթե դեռ չեք լսել Սոնա Ռուբենյանի եւ Գարիկ Պապոյանի համատեղ կատարումները, ժամը 21:30-ին կարող եք անել դա Kami ակումբում: Կհնչեն հայկական երգեր՝ նոր գործիքավորմամբ:

 

 

Տոմսերի արժեքն է՝ 8000, 10 000, 12 000 դրամ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին