Մարդուկ-Կոտրուկ, Պեպպի, Սեբու, Lelocity, «Մեր Բակ», Միշո - Mediamax.am

exclusive
5993 դիտում

Մարդուկ-Կոտրուկ, Պեպպի, Սեբու, Lelocity, «Մեր Բակ», Միշո


Լուսանկարը` Bravo.am


Քաղաքում վառվեցին ամանորյա լույսերը, երեկոյան ժամերին խանութներում արդեն նկատվում է ավանդական աշխուժությունը, երեխաները տարված են Ձմեռ Պապիկին նամակներ գրելով:

 

Այս հաճելի անցուդարձի մեջ կարելի է ժամանակ գտնել եւ մասնակցել 2017թ-ի նախավերջին ուիքենդին կայանալիք միջոցառումներին, որոնցից շատերը, բնականաբար, թեմատիկ բնույթ են կրում եւ կարող են աջակցել էլ ավելի բարձր տրամադրություն ունենալուն:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, ՇԱԲԱԹ

 

Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին՝ 09:30-ից մինչեւ 17:30, Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանում կանցնեն «Բաց դռների օրերը»: Երկու հոբելյանների՝ հայկական կոնյակագործության 130-ամյակի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակի խորհրդանշական տարում, թանգարանը իր այցելուներին հատուկ հնարավորություն կտա ճանապարհորդելու հայկական կոնյակագործության պատմության միջով եւ նորովի կներկայացնի Վարպետի գլուխգործոցները:

 

Թանգարանում տեղադրված կլինեն հատուկ էկրաններ, որոնց վրա կկենդանանան Սարյանի կտավները: 

 

Նշենք նաեւ, որ բաց դռների օրերին այցելուները ԱՐԱՐԱՏ թանգարանով անվճար էքսկուրսիայի հնարավորությունից բացի կստանան նաեւ մինչեւ 2018թ.-ի մարտի 31-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան անվճար այցելելու տոմս:

 

***

 

Ամանորյա նվերներ գնելու եւ ջերմ մթնոլորտում շփվելու տարբերակ է առաջարկում ԷՕՆ-ը: Ժամը 12:00-ից այնտեղ կգործի Ամանորյա տոնավաճառը, որտեղ ներկայացված կլինեն ձեռքի աշխատանքներ, զարդեր, մոմեր, խաղալիքներ,գրքեր եւ  հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք:

 

Մուտքն ազատ է:

 

***

Դեկտեմբերի 22-ից Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում ցուցադրվելու է Չայկովսկու երաժշտության հիման վրա բեմադրված Նոր տարվա ամենագեղեցիկ հեքիաթը՝ Մարդուկ-Կոտրուկը: Ներկայացումից առաջ երեխաներին դիմավորելու են Ձմեռ Պապը, Ձյունանուշը եւ տարբեր հեքիաթների հերոսները:

 

Ներկայացման օրերին եւ ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

 

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում Ամանորը տոնելու է չարաճճի Պեպպին: Նա օգնելու է բռնել քաղաքում հայտնված գողերին եւ պատժել նրանց՝ կախարդական ճամպրուկի շնորհիվ: Ներկայացման սկիզբը ժամը 15:00-ին է:

Տեղեկատու հեռախոս՝ 010 58 01 99:

 

***

 

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեխաներին սպասում են Հենզելի եւ Գրետելի ամանորյա արկածները, որոնց ընթացքում Ձմեռ Պապն ու նապաստակ Լոլոն պետք է օգնության հասնեն եւ պաշտպանեն նրանց չար Մարդակեր Հելմուտից:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

 

Ներկայացման բոլոր օրերն եւ ժամերը ներկայացված են այստեղ:

 

***

 

Ժամը 17:00-ին (եւ կիրակի՝ 18:00-ին) Art Corner-ում պատրաստելու են Սուրբ Ծննդյան Պսակ: Այս ուրախ գործընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակումների:

 

Մուտքը՝ 5000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարել՝ 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (Զարոբյան 20) հավաքվելու են իգական սեռի ներկայացուցիչները եւ քննարկելու են «Կնոջ առեղծվածային սեւ զգեստի» անվերջ թեման: Հանդիպման ընթացքում հայտնի կդառնան գալիք տարվա նորաձեւ գույները, դասական սեւ զգեստը գրագետ «խաղարկելու» գաղտնիքները: Քննարկումներին մասնակցելու է ԱՏԵՔՍ նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը:

 

Սկիզբը՝ 18:00-ին:

 

Մուտքը՝ 1000 դրամ: Տեղեկատու հեռախոսներ՝ 010 56 24 24, 010 58 73 80:

 

***

 

Իսկ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում հանդիպելու են գրքամոլները եւ քննարկելու են իսպանացի գրող Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գիրքը:

 

Սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

***

 

Երաժշտական առումով երեկոն բազմաժանր է ստացվել:

 

Կամերային երաժշտության տանը ելույթ կունենան ամերիկահայ երգիչ, Capital Cities ինդի փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանը եւ ընկերները:

Լուսանկարը` Bravo.am

Այստեղ էլ կարող եք կարդալ Սեբուի «ոտաբոբիկ» հարցազրույցը:

 

Տոմսերի արժեքը՝ 6000, 8000 դրամ:

 

Սկիզբը՝ 19:00-ին:

 

***

 

LOFT-ում 19:00-ին ելույթ կունենա Lelocity ալտերնատիվ ռոք խումբը: Խմբի երկրպագուները կլսեն իրենց ամենասիրված երգերը, սակայն այս անգամ՝ ակուստիկ տարբերակով:

 

Մուտքը՝ 1300 դրամ, որն իր մեջ ներառում է նաեւ թեյ, սուրճ, քաղցրավենիք:

 

***

 

Messier 53 hotel Yerevan-ում տեղի կունենա Jameson Urban Christmas Night-ը, որին կնվագեն Boiler Room նախագծի (Դանիա) արտիստներից Muff Deep-ը եւ «մերոնքական» Jacob-ը, Մերուժ Խալաթյանը եւ Գոռ Սուջյանը՝ էքսպերիմենտալ փորձով:

 

Սկիզբը՝ 19:00-ին:

 

Հրավիրատոմս ունենալու եւ այլ մանրամասների համար այցելեք  www.jamesonurban.am  կայքը:

 

***

 

Ամանորին ընդառաջ մի փոքր անսովոր, սակայն ոչ պակաս կարեւոր համերգ է սպասվում նաեւ DAS-ում (Կորյունի 19/a): 20:00-ին ՝ Zhesht Events-ի շնորհիվ կմեկնարկի TOTAL DEATH metal show-ն, որի ժամանակ ամենայն մետալիստական ուժգնությամբ հանդես կգան Վրաստանից ժամանած չորս խմբեր:

 

Տոմսերը վաճառվելու են միայն մուտքի մոտ: Արժեքը՝ 3000 դրամ:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի օրը երեխաները կարող են տոներին վերաբերող օգտակար առավոտ ունենալ՝ այցելելով Երեւանի պատմության թանգարան, որտեղ ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանների տոնածառներ, խաղալիքներ, տիկնիկներ:

 

Թանգարանը գործում է 11:00-17:30:

 

Դպրոցական երեխաների համար տոմսերի արժեքը կազմում է 250 դրամ, մեծահասակների համար՝ 500 դրամ, մանկապարտեզի բալիկների համար՝ անվճար:

 

***

 

Քաղաքից դուրս գնալու դեպքում հնարավորություն կունենաք իմանալ, թե ինչպես են հայերը նախկինում դիմավորել Կաղանդը եւ Նոր Տարին: Բյուրականի «Տոնացույց» կենտրոնը առաջարկում է հետաքրքիր օր անցկացնել. էքսկուրսիաներ, ավանդական ուտեստների համտեսում, տոնածառի զարդարում, հեքիաթներ եւ ծիսական երգեր, թեյախմություն:

 

Ծրագրի սկիզբը՝ 13:00-ին:

 

Տոմսի արժեքը՝ 7000 դրամ:

 

Տոնսերը կարող եք պատվիրել այստեղ:

 

***

 

Եթե Հյուսիսային պողոտայի տոնավաճառով զբոսնելիս լինեք, ի նկատի ունեցեք, որ  ժամը 16:00-ին Cinnabon-ում սկսելու է շատ-շատ ուրախ շոու ծրագիր: Խոստանում են նաեւ Ձմեռ Պապիկի առկայություն:

 

***

 

Բարի ու համեղ օր է սպասվում Վայնբուրգում` ժամը 12:00-20:00-ը դերասան Հովհաննես Ազոյանը պատրաստելու է բուրգերներ՝ սիմվոլիկ 1000 դրամով:

 

***

 

Yes Republic-ում 9+ տարեկան երեխաները մի լավ ուրախանալու են ՝ մասնակցելով կարաոկե մրցույթին, համտեսելով համեղ կոկտեյլներ, հալված շոկոլադ, մարշմելոու: Իհարկե, կլինի նաեւ DJ, դիսկոտեկ եւ կախարդական պղպջակներ: Փարթիի սկիզբը՝ 18:00-ին:

 

Տոմսերի համար զանգահարել՝ ‎060 75 00 55 հեռախոսահամարով:

 

***

 

Արդեն 20 տարուց ավել է, ինչ հայկական ամանորյա ավանդույթներին ավելացել է «Մեր Բակը» ֆիլմի դիտումը:

 

 

Այս տարի Friends փաբը առաջարկում է դա անել «տնական» ձեւաչափից դուրս եւ հրավիրում է բոլոր ցանկացողներին միասին նայել  Հրանտի, Աշոտի եւ հարազատ դարձած մնացած հերոսների պատմությունը:

 

Սկիզբը՝ 17:00-ին:

 

***

 

Կամերային երաժշտության տանը «Արտ Սինեմա» մենակատարների անսամբլը տոնական ծրագրով հանդես կգա եւ կկատարի Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Միքայել Թարիվերդիեւի, Հենրի Մանչինիի, Գլեն Միլլերի եւ այլ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները: Կլինեն նաեւ երաժշտական տոնական անակնկալներ:

 

Սկիզբը՝ 19:00-ին:

 

Տոմսերի արժեքը 1000, 2000, 3000 դրամ:

 

***

 

Ջազմենները տարին կեզրափակեն մեծ ամանորյա համերգով: Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ-նվագախումբը, Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Մարիամ Մերաբովան, Արտակ Ներսիսյանը, Հայկ Պետրոսյանը եւ ուրիշներ:

 

Ծրագրում միջազգային եւ հայտնի ջազային ստեղծագործություններն են, ամանորյա եւ Սուրբ Ծննդյան երգեր:

 

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000, 7000, 10000 դրամ:

 

***

 

Նախատոնական երեկոն կարող է նաեւ հիփ-հոփային լինել՝ «Կամի» ակումբում, կկայանա Միշոյի նոր՝ «Մառախուղ» ալբոմի համերգ-շնորհանդեսը:

 

Սկիզբը՝ 21:00-ին:

 

Տոմսերի արժեքը ՝3000 եւ 5000 դրամ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին