7 մեղքերը, Ժայռամագլցում, Գո խաղ, Cre/Active, Ֆիթնես դաս - Mediamax.am

exclusive
3207 դիտում

7 մեղքերը, Ժայռամագլցում, Գո խաղ, Cre/Active, Ֆիթնես դաս



ՇԱԲԱԹ, ԱՊՐԻԼԻ 14

 

Անգլերենին քիչ թե շատ տիրապետող երեխաներին հետաքրքիր կլինի ներկա գտնվել English Theatre-ի սաների կողմից բեմադրված «Կարմիր Գլխարկ»-ին: Ներկայացումից հետո նրանք կարող են համեղ կարկանդակներ ուտել, մատների տիկնիկներ պատրաստել եւ անգլիական երգեր երգել:

 

Անգլերեն հեքիաթի ժամը տեղի կունենա «Երազ» մանկական կենտրոնում (Ազատության 27/3), ժամը 12:00-ին:

 

***

 

Ժամը 11:00-ից 17:00-ը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ժայռամագլցման՝ բնական պատի վրա: Դասընթացները կանցկացվեն պրոֆեսիոնալ հրահանգչի հսկողության ներքո: Նախնական գրանցումը պարտադիր է, մասնակցության արժեքը՝ 5000 դրամ:

 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով:

 

***

 

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում են «Երաժշտական զբոսանքները»: Այս անգամ կներկայացվեն վաղ ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչները՝ Շուբերտ, Շուման, Մենդելսոն, Շոպեն:

 

Ծրագիրը նախատեսված է 8-11 տարեկան երեխաների համար՝ ծնողների պարտադիր ներկայությամբ:

 

 

Սկիզբը՝14:00-ին:

 

Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ 54 19 32/34 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 17:00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կարող եք դիտել «Վերջին ուսուցիչը» ներկայացումը՝ բեմադրված Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա:

 

Այն պատմում է դպրոցի ավարտական քննություններից առաջ բարձր դասարաններում տեղի ունեցած տհաճ միջադեպի, ընտանեկան բարդ հարաբերությունների եւ աշակերտներին օգնության հասնող գրականության ուսուցիչ Վահան Մամյանի մասին:

 

***

 

Օրեր առաջ Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Փարիզում բնակվող նկարիչ եւ քանդակագործ Նինա Խեմչյանի «7 հիմնական մեղքերը» անհատական նախագիծը: Նկարչուհու՝ բարկություն, նախանձ, ծուլություն եւ մնացած արդի մեղքերի տեսլականին կարելի է ծանոթանալ թանգարանի աշխատանքային ժամերին՝ 11:00-ից 18:00-ը:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 27-ը: 

 

***

 

«Գոյ» կենտրոնի ինտելեկտուալ ակումբում (Բաղրամյան 21) ժամը 19:00-ին դիտելու են հայտնի Loving Vincent անիմացիոն ֆիլմը, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկերով: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել է 125 նկարիչներից բաղկացած թիմ՝ օգտագործելով Վան Գոգի տեխնիկան:

 

 

Մուտքավճարը՝1000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարեք  041 02 77 02, 098 59 49 12, 099 08 97 01 հեռախոսահամարներով:

 

***

 

Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) շաբաթօրյա երեկոն ցուցահանդեսային-համերգային է լինելու: Ցուցադրվելու են քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի աշխատանքները, նաեւ կհնչեն հեղինակային եւ ժողովրդական երգեր՝ Սար- a Band խմբի կատարմամբ:

 

Սկիզբը՝ ժամը 19:00-ին: Մուտքի արժեքը՝ 3000 դրամ:

 

***

 

Ժամը 21:00-ին Green Dragon թորանոցում ֆանկա-ջազա-սոուլա-էլեկտրոնային  միջավայրը ապահովելու են Brothers Nalbandyan-ն ու Jacob-ը:

 

 

ԿԻՐԱԿԻ, ԱՊՐԻԼԻ 15

 

Կիրակի օրը «խելոք» ձեով սկսելու լավ տարբերակ է այցելել «Ալվարիում» խորհրդատվական կազմակերպություն: Կեսօրին այստեղ սովորելու են խաղալ հնագույն չինական «Գո» խաղը։ Չնայած պարզ կանոններին, այն հեշտ չէ խաղալ:

 

«Գո»-ի հմտություններին տիրապետելու դեպքում զարգանում է ռազմավարական մտածողությունը: Խաղի ստրատեգիաներն էլ կարելի է կիրառել բիզնեսում, բարդ իրավիճակներում, մրցակցության պայմաններում:

 

Հասցե՝ Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն:

 

***

 

Ավելի ստեղծագործական ցերեկային միջոցառման ժամը 12:05-ին հրավիրում է Cre/Active-ը՝ կազմակերպելով ֆոտոարշավ եւ բացահայտելով գարնանային Երեւանի թաքնված անկյունները:

 

Երթուղու մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով:

 

Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ՝ ներառյալ գիդի եւ լուսանկարչի ծառայությունները:

 

Գրանցվել կարող եք այստեղ։

 

***

 

Ժամը 15:00-ին «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում» «Արկածներով լի ճամփորդություն» է լինելու: Այն պատմում է Դիկոն անունով տղայի մասին, ով ճամփա է ընկնում՝ իր քույրիկ Ֆենիին գտնելու համար: Պարզվում է, որ Ֆենիին իր մոտ անտառի արքան է պահում եւ խոստանում է ազատել աղջկան՝ երեք զարմանալի առարկաներ գտնելու պայմանով:

 

Տոմսերի արժեքը՝ 700 դրամ:

 

***

 

Եթե շաբաթ օրը գնացել էիք դիտելու Loving Vincent ֆիլմը, տեսածից ոգեշնչված կարող եք ձեր ուժերը փորձել Art Corner-ի՝ Վան Գոգին նվիրված դասընթացին` նախատեսված 15+ անձանց համար:

 

Մասնակցության արժեքը՝ 3 000 դրամ:

 

Սկիզբը՝ժամը 16:00-ին:

 

Գրանցվելու համար զանգահարեք 095 585834 հեռախոսահամարով:

 

***

 

Mi Morena-ում անսովոր վարպետության դաս է սպասվում, որը հատկապես կհետաքրքրի քաղաքի լամբերսեքսուալներին: Խոսքը Երեւանի 12 բարբերների կողմից ցուցադրվող կտրվածքների մասին է: Երաժշտական ուղեկցության պատասխանատուրն են DJ-ները եւ ռեպեր Նարեկը:

 

Սեմինարը վարելու է դերասան եւ հաղորդավար Հայկ Պետրոսյանը:

 

Սկիզբը՝ժամը 17:00-ին:

 

***

 

Նույն ժամին Բուսաբանական այգում սպորտային ոգին է տիրելու. Nutrillion Wellnesss ակումբի նախաձեռնությամբ տեղի կունենա անվճար Ֆիթնես դաս՝ մարզիչների հսկողությամբ:

 

Մանրամասները պարզելու համար զանգահարեք 094 15 17 41, 095 55 95 45 հեռախոսահամարներով:

 

***

 

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում ժամը 19:00-ին կարող եք դիտել Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման՝ երկու գործողությամբ:

 

Այն պատմում է Փարիզում տեղի ունեցած ԱՍԱԼԱ-ի մարտիկների դատավարության մասին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000-2500 դրամ: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին