«Թանգարանային գիշերվա» ընտրանին + թատրոն եւ համերգներ - Mediamax.am

exclusive
9362 դիտում

«Թանգարանային գիշերվա» ընտրանին + թատրոն եւ համերգներ



Թավշյա շաբաթ-կիրակիներն ավարտվեցին, վերադառնում է հանգստյան օրերին բնորոշ  մշակութա-ճանաչողական երանգը, որի խտությունն այս անգամ կրկնակի է լինելու՝ Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանային գիշեր» ծրագրի շնորհիվ: 

Այս տարի «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայաստանում եւ Արցախում միացել է 116 թանգարան, որոնք մայիսի 19-ին, ժամը 18:00-24:00-ը անվճար բացելու են  դռները: Մշակույթի նախարարության կայքում ներկայացված ամբողջական ցանկից առանձնացրել ենք երեւանյան թանգարաններից մի քանիսը: 

 

ՇԱԲԱԹ, ՄԱՅԻՍԻ 19

 

«Ավազե Ամրոցում» (Արամի 80) երեխաները կնշեն Թանգարանների միջազգային օրը «Սարյանը փոքրիկների աչքերով» միջոցառման ներքո՝ խորասուզվելով սարյանական գույների մեջ եւ ծանոթանալով մեծ նկարչի կտավներին՝  ավազե  մեկնաբանությամբ:  

 

 

 

Սկիզբը՝ 12:00-ին:

 

Միջոցառմանը կարող եք մասնակցել նաեւ մայիսի 20-ին, մինչեւ ժամը 17:00-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ տեղեր ամրագրելու համար զանգահարեք 077 11 87 87 հեռախոսահամարով:

 

***

 

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում գործելու է «Երեւանի մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը, իսկ «Թամանյան» սրահը «Թափառող պատերինն» է լինելու՝ գոբելենի եւ կարպետների ցուցադրությամբ եւ համապատասխան վարպետության դասերով:

 

 

 

Թանգարանի անվճար այցելության ժամերն են՝ 18:00-24:00-ը:

 

***

 

Գրականության եւ արվեստի թանգարանում ժամը 18:00-ին տեղի կունենա Արմեն Տեր-Մկրտչյանի «Քաղաք» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին զուգահեռ կկայանա հանդիպում թատերական կերպարների հետ: 

 

Ժամը 19:00-ին երեխաների համար սկսելու է «Թղթե հեքիաթ»-ը: 

 

Ժամը 21:00-ից երեկոն նվիրված կլինի Աշուղ Շերամի երգերին:

 

***

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը այցելուներին դիմավորելու է հագեցած համերգային ծրագրով, իսկ օրվա վերջ կցուցադրվի Սարյանին նվիրված «Լուսավորը» վավերագրական ֆիլմը:

 

 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Մի ամբողջ երեկո կարելի է անցկացնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մասնակցելով իրար հաջորդող համերգներին, թեմատիկ նկարազարդմանը, պարերի դասընթացին: Միջոցառումների ողջ ցանկը ներկայացված է այստեղ:

 

 

 

***

 

Մինչեւ ուշ երեկո կարելի է մնալ նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ժամը 18:00-ին 6-9 տարեկան երեխաները կմասնակցեն «Խաղ ասեմ խաղի գլխին» կրթական ծրագրին: 

 

 

 

Ժամը 20:00-ին կցուցադրվի Հայկ Սայադյանի՝աշուղ Մահուբի Գեւորգի երգի հիման վրա նկարահանված անիմացիոն պատմվածքը: 

 

Ժամը 21:00-ին էլ «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը կանցկացնի հայ ավանդական պարերի բաց դաս:

 

 

 

***

 

Երեւանասերներն անպայման կայցելեն նաեւ մեր քաղաքի պատմության թանգարանը, որտեղ ժամը 20:00-ից կբացվի «Երեւանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսը:

 

 

 

***

 

Եթե թանգարանային գիշերը ձեզ չգայթակղեց, այլընտրանքային տարբերակ կարող է լինել ժամը 19:00-ին Էօնում կայանալիք անգլիացի երաժիշտ Դեվիդ Ֆիշերի համերգը: 

 

 

Ֆիշերը վերջերս է տեղափոխվել Երեւան եւ ելույթ է ունենում նաեւ The Windrose խմբի հետ: 

 

Մուտքի արժեքը՝1500 դրամ:

 

Սեղան ամրագրել կարելի է այս հղումով:

 

ԿԻՐԱԿԻ, ՄԱՅԻՍԻ 20

 

Հնաբերդ գյուղում հայկական ամենահամեղ տոլմայի փառատոնն է լինելու: Այդ կապակցությամբ տուրիստական գործակալություններն առաջարկում են տարբեր փաթեթներ, որոնք ներառում են ոչ  միայն տոլման համտեսելու հնարավորություն, այլեւ էքսկուրսիաներ՝ հետաքրքիր եւ պատմական վայրերով: Փառատոնին վերաբերող առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

 

***

 

Ժամը 19:30-ին քաղաքի ինտելեկտուալները հավաքվելու են էօնում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղալու: 

 

Մուտքավճարը՝1500 դրամ: 

 

***

 

Դասական երաժշտություն սիրահարները եւս «անգործ» չեն մնա. ժամը 19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան շվեյցարաբնակ ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովան եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Մոցարտ, Շուբերտ:

 

 

 

***

 

Գոյ թատրոնի բեմում ժամը 19:00-ին կհայտնվեն մեկ բազմոց, չորս տղամարդ եւ մեկ կին՝ Աղասի Այվազյանի «Դեկորներին» համապատասխան

 

 

 

Բեմադրիչ Սամսոն Ստեփանյանն ասում է, որ  այս ներկայացումը մարդու մասին է, որն իր ներսի դատարկությունն ամեն կերպ փորձում է լցնել տարբեր իրերով, իսկ  պահանջների անվերջ շարքը նրան զրկում է չափի զգացողությունից:

 

Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ:

 

***

 

Տիկնիկային թատրոնի ետնաբեմում ժամը 20:00-ին կլինի «Комментарии непристойного Тома» ներկայացումը` բեմադրված Ռաֆայել Հակոբջանյանի պիեսի հիման վրա: Դերերում՝ Տաթեւիկ Մելքոնյան, Արամ Կարախանյան:

 

 

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ: 

 

Արժեքը՝1500 դրամ: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին