Թթի փառատոն, Ռինգոյի ծնունդը, «Ամեն ինչ լայվ ա լինելու», Վարդավառ - Mediamax.am

exclusive
5662 դիտում

Թթի փառատոն, Ռինգոյի ծնունդը, «Ամեն ինչ լայվ ա լինելու», Վարդավառ


Լուսանկարը` Getty Images


Հուլիսի հենց առաջին օրերից վրա հասած տապը «սպանում» է որեւէ ակտիվ գործունեություն ծավալելու ձգտումները, սակայն նույնիսկ այս անմարդկային պայմաններում կարելի է գտնել որոշ հետաքրքիր շաբաթօրյա միջոցառումներ, կիրակի օրն էլ մի լավ զովանալ՝ Վարդավառի շնորհիվ:

 

ՇԱԲԱԹ, ՀՈՒԼԻՍԻ 7

 

Գորիսից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում թթի փառատոն է լինելու: Ձեզ սպասում են թութ թափ տալու մրցութային արարողություն, օղի թորելու, դոշաբ պատրաստելու վարպետության դասեր, չրի, մուրաբայի եւ Սյունիքի ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք եւ ժողովրդական երգի ու պարի ներկայացում:

 

Տուրիստական գործակալությունների առաջարկներին եւ սակագներին  կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Վստահ ենք, որ բիթլոմանները իրենց սիրելի երաժիշտների համար պատրաստ կլինեն շաբաթ օրը ցերեկը տանից դուրս գալ՝ ամենատարեց Բիթլի՝ Ռինգո Սթարի 78 ամյակը շնորհավորելու նպատակով:

Լուսանկարը` Getty Images

Կեսօրին The Beatles Pub-ում (Պուշկինի 60)  շնորհավորական ուղերձը կհնչի լայվ հոլովակի միջոցով, որը կտարածվի Ռինգոյի պաշտոնական էջի, այնուհետեւ՝ Բիթլզի ֆեյսբուքյան էջի կողմից:

 

 

***

 

Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում ժամը 18:00-ից վերսկսվելու են կուկուռուզ ուտելու օրերը: Հյուրասիրող կողմը խոստանում է մեծ քանակությամբ եգիպտացորեն եփել, մնում է հասնել սրճարան եւ մասնակցել  համեղ գործընթացին:

 

***

 

Ժամը 19:00-ին «Գուրու» նորաբաց սրճարան-ռեստորանի բակում  կկայանա «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտների «Մի կտոր Երեւան» ճեպանկարների ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաեւ քաղաքի հին շինությունների եւ նրանց պահպանման մասին եւ կցուցադրվի աշակերտների ճեպանկարների հիման վրա ստեղծված «Մի կտոր Երեւանցի» մարդուկի անիմացիոն պատմությունը:

 

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվեք այս հղումով:

 

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 8

 

Վարդավառի տոնը շատերի մոտ հակասական զգացմունքներ է առաջացնում, որոնք հիմնականում կապված են կամքին հակառակ փողոցում ջրված լինելու մեծ հավանականության հետ: Չնայած դրան, Վարդավառը շարունակում է մնալ երեխաների սիրված տոներից մեկը, մեծերի մոտ էլ մանկության հուշեր է արթնացնում՝ ջրվելու համար անհրաժեշտ «պզիկների», առաջին հարկի հարեւաններից ջուր խնդրելու, «աղջիկներն ընդդեմ տղաների» թեժ ջրային պայքարի, բակում չորացող բուրդը չփչացնելու եւ հարազատների՝ տուն կանչելու ապարդյուն փորձերի մասին:

 

Վերջին տարիներին Վարդավառի ձեւաչափը ընդլայնվել է, այդ օրը քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների ջրավազանների մոտ կազմակերպվում են ուրախ միջոցառումներ, որոնցից ամենահայտնին տեղի է ունենում Կարապի լճի տարածքում՝ ջրցան մեքենաների ներգրավվմամբ:

 

Այս տարի Կարապի լճում հանգիստ խղճով լողանալ կարելի է ժամը 11:00-ից:

 

***

 

Թեժ ջրոցի են խոստանում նաեւ Երազի այգում: Ժամը 10:00-ից հնարավոր կլինի մասնակցել ջրախաղերին, իսկ անհրաժեշտ ջրային ատրճանակները եւ տարբեր տարաները կարող եք ձեռք բերել հենց տեղում:

 

***

 

ArmGuest տուրիստական գործակալությունը առաջարկում է այդ օրը գնալ Սեւան եւ նշել Վարդավառը նավի վրա:

 

Մանրամասները պարզելու համար զանգահարեք՝  044 35 73 57 հեռախոսահամարով:

 

***

 

Առավել լուրջ կերպով Վարդավառը տոնելու  են Գառնիում եւ Գեղարդում, որտեղ  արդեն հինգերորդ անգամ բոլոր ծիսակատարություններով կիրականացվի Վարդավառի փառատոն: Օրվա ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

***

 

Cityzen-ի բացօթյա տարածքում ջրվելու են ժամը 12:00-ից: Հրավիրում են ինչպես փոքրերին, այնպես էլ՝ ուրախ մեծերին: Կլինեն նաեւ մրցույթներ եւ ջրային խաղեր, իսկ երեկոյան սպասվում է DJ party:

 

Մասնագիտությունների քաղաքի բացօթյա տարածքի մուտքն ազատ է:

 

***

 

Մի լավ ջրվելուց հետո կիրակի երեկոյան կարող եք գնալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ ժամը 19:00-ին Հայկ Պետրոսյանը կներկայացնի «Ամեն ինչ լայվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» նոր, դուխով բեմադրությունը:

 

Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին