Երեւանում շահագործման է հանձնվել AREAL գծային արագացուցիչը - Mediamax.am

2487 դիտում

Երեւանում շահագործման է հանձնվել AREAL գծային արագացուցիչը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում (CANDLE) այսօր բացվել է AREAL գծային արագացուցիչը, որը 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի առաջին փուլն է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ AREAL-ը հայ եւ արտասահմանյան գիտնականների համար գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառում ժամանակակից փորձարարական հետազոտությունների կատարման նոր հնարավորություններ է ընձեռում:

 

«Այսուհետ գիտնականները կիրականացնեն իրենց հետազոտություններն AREAL-ի միջոցով բնագիտական ուղղությունների ողջ տիրույթում՝ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, նյութագիտության, կենսա- եւ նանոտեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում»,- ասել է նա:

 

Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ Գիտության պետկոմիտեն արդեն մրցույթ է հայտարարել հայ երիտասարդ գիտնականների համար՝ AREAL-ի միջոցով գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով: 

 

Նրա խոսքով, մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին, հաղթող 5 գիտնական կստանա ֆինանսավորում ներկայացված նախագծերի իրականացման համար:

 

AREAL-ի բացմանը ներկա էր նաեւ գերմանական DESY կենտրոնի ավագ գիտաշխատող Քլաուս Ֆլոթմանը: 

 

«AREAL-ը ոչնչով չի զիջում աշխարհի նման մակարդակի սարքավորումներին: Գիտության զարգացման առումով այն կարեւոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Իսկ Հայաստանի պարագայում այն մեծ ներդրում կունենա երիտասարդ կադրերի պատրաստման գործում», - ասել է գիտնականը:

 

Նա նշել է, որ այս ծրագրի իրականացումն ապացուցեց, որ հայ գիտնականներն ունեն ունակություն եւ ներուժ նման կարգի բարդ սարքավորումների կառուցման համար:

 

Հավելենք, որ «ՔԵՆԴԼ» նախագծի 2-րդ փուլի իրականացման համար հողատարածքի տրամադրման հարցը կլուծվի այս տարվա ընթացքում:

 

«ՔԵՆԴԼ» նախագիծն իրականացվում է գերմանական DESY, շվեյցարական PSI, Ստեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին