«Լիվինգ արտ» արդյունաբերական նոր շարժման մեկնարկը Գյումրիում - Mediamax.am

exclusive
2294 դիտում

«Լիվինգ արտ» արդյունաբերական նոր շարժման մեկնարկը Գյումրիում


«Լիվինգ արտ, Լիվինգ զարդեր, Զարգացող տնտեսություն» ծրագրի շնորհանդեսը Գյումրիում
«Լիվինգ արտ, Լիվինգ զարդեր, Զարգացող տնտեսություն» ծրագրի շնորհանդեսը Գյումրիում

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

Լիվինգ զարդի նախատիպի ներկայացումը Գյումրիում
Լիվինգ զարդի նախատիպի ներկայացումը Գյումրիում

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

«Հարմոնիա» լիվինգ զարդը
«Հարմոնիա» լիվինգ զարդը

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

«Հարմոնիա» լիվինգ զարդը
«Հարմոնիա» լիվինգ զարդը

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

«Քարի շունչը» լիվինգ զարդը
«Քարի շունչը» լիվինգ զարդը

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

Լիվինգ զարդերի հեղինակները
Լիվինգ զարդերի հեղինակները

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ

Լուսանկարը` «Լույս» հիմնադրամ


Հայաստանի մշակութային մայրաքաղաքը՝ Գյումրին, ունի բոլոր հնարավորությունները ժամանակակից արդյունաբերության նոր ուղղության՝ Լիվինգ արտի զարգացման համար:

 

Լիվինգ արտը, որ հայտնի է նաեւ որպես լիվինգ դիզայն կամ պատասխանատու միջավայր, զարգացող  ոլորտ է, որն օգտագործում է արհեստական ինտելեկտը` ստեղծելու արվեստի ինտերակտիվ գործեր` համակցելով թվանշանային տեխնոլոգիաները եւ արվեստի  ավելի ավանդական ձեւերը:

 

Ներդրված ալգորիթմերն իրերին թույլ են տալիս ճանաչել եւ փոխազդել շրջապատող  միջավայրի հետ, ինչպես նաեւ փոխել հասարակությանն ուղղված հաղորդագրությունը՝ կախված  դիտողի շարժումից, դիմախաղից, դիտման կետից եւ այլն:

 

Արհեստների եւ արվեստների քաղաքում այս նոր տեսակի արդյունաբերության ներդրման գաղափարը պատկանում է «Լույս» հիմնադրամին է, որն օրեր առաջ գյումրեցիներին ներկայացրեց «Լիվինգ արտ, Լիվինգ զարդեր, Զարգացող տնտեսություն» ծրագիրը:

 

«Լիվինգ արտ, Լիվինգ զարդեր, Զարգացող տնտեսություն» ծրագրի շնորհանդեսը Գյումրիում

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Գյումրիում Լիվինգ արտը խթանելու գաղափարը ծագել է հինգ տարի առաջ, երբ հիմնադրամի հրավերով առաջին անգամ Ֆրանսիայից Գյումրի ժամանեց «Լիվինգ-արտ-լաբս»-ի  պրոդյուսեր, հետազոտող եւ հեղինակ Ֆլորան Ազիոսմանովը, ում աշխատանքները մեծապես նպաստում են այս ոլորտի զարգացմանը:

 

«Գյումրին հարուստ մշակույթ եւ ավանդույթներ ունի արհեստի եւ արվեստի ոլորտում: Ծանոթանալով քաղաքին եւ այն տաղանդավոր մարդկանց, ովքեր ապրում են այստեղ՝  գաղափար ծագեց այդ մշակույթային ավանդույթները համադրել նորագույն տեխնոլոգիաների հետ եւ ստեղծել այնպիսի առարկաներ, որոնք մտածելու ունակություն ունեն, որոնք կարող են աշխարհին հաղորդագրություն ուղարկել»,- Գյումրիում ծրագրի ներկայացման ժամանակ ասել է Ֆլորան Ազիոսմանովը:

 

Հունիսի 24-ից 27-ը «Լույսի» թիմը եւ ֆրանսիացի մասնագետը Գյումրիում հանդիպել են տեխնոլոգիայի ոլորտի ստեղծամիտ երիտասարդների եւ արվեստագետների հետ, ովքեր մասնագիտացած են տարբեր  ճյուղերում ` զարդաստեղծում, հագուստի նախագծում, կարպետագործություն, նկարչություն, խեցեգործություն, պատկերազարդում, գրաֆիկական արվեստ, վեբ նախագծում, ծրագրավորում,  ինժեներիա եւ ռոբոտաշինություն:

 

Նրանցից տասնհինգը` հինգ արվեստագետներ, հինգ ոսկերիչներ եւ տեխնոլոգիայի  ոլորտի հինգ ներկայացուցիչներ անցել են առաջին վարպետության դասը ֆրանսիացի մասնագետի հետ: Շուրջ 10 օր տեւած վարպետության դասի արդյունքում աշխատանքային խմբերը Ֆրանսիայից բերված թվանշանային սարքերի օգնությամբ լիվինգ զարդերի նախատիպեր  են ստեղծել:

 

Լիվինգ զարդի նախատիպի ներկայացումը Գյումրիում

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող Տաթեւ Հարթենյանը մեկն է գյումրեցի այն արվեստագետներից, ով մասնակցել է «լիվինգ զարդերի» ստեղծմանը: Հեղինակի աշխատանքը՝ «Հարմոնիա» անվանումը կրող վզնոցը ներկայանում է յուրահատուկ սենսորային էկրանի տեսքով, որը նրբազգաց է շրջակա միջավայրի նկատմամբ:  

 

«Երբ զարդի շուրջ շարժում, գործողություններ են նկատվում, էկրանն աշխատում է վառ գույների մեջ: Օրինակ, երբ զարդին մարդ է մոտենում, էկրանը պատվում է կարմիր գույնով, երբ անձը զրուցում է, էկրանին գունային մանր պղպջակներ են առաջանում»,- պատմել է հեղինակը:

 

«Հարմոնիա» լիվինգ զարդը

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Լիվինգ զարդի ստեղծման վրա Տաթեւ Հարթենյանն աշխատել է գյումրեցի ոսկերիչների եւ ծրագրավորողների հետ: Նրա խոսքերով, մինչ այս համագործակցությունը երբեւէ չէր աշխատել իր համաքաղաքացիների հետ:

 

«Ապրելով Գյումրիում՝ տեղյակ չէի, որ մեր քաղաքում այսպիսի տաղանդավոր մասնագետներ կան, որոնց հետ կարելի է նման հետաքրքիր նախագծեր իրականացնել: Հպարտության յուրահատուկ զգացողություն ունեմ, որ իմ քաղաքում, իմ կողքին կան նման մասնագետներ, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում հենց մեր քաղաքում կարողացանք լիվինգ զարդեր ստեղծել: Վստահ եմ, որ հետագայում կարող ենք ավելի լուրջ գաղափարներ կյանքի կոչել», - նշել է գյումրեցի արվեստագետը:

 

«Հարմոնիա» լիվինգ զարդը

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Աշխատանքային մեկ այլ խմբի ստեղծած լիվինգ զարդը, որը կոչվում է «Քարի շունչը», մի քանի քարերից պատրաստված յուրօրինակ վզնոց է, որի միջոցով հեղինակները ցանկացել են ցույց տալ, որ անգամ անկենդան քարն ունի զգալու, մարդու սրտին բնորոշ բաբախում ունենալու հատկություն:

 

«Աշխատանքը ներկայացնում է քարի պուլսացիան: Երբ մարդ մոտենում է դրան,  քարի պուլսացիան արագանում է, այն կարծես վերածվում է կենդանի էակի, որը զգում եւ ստանում է շրջապատի ազդակները»,- ներկայացնելով լիվինգ զարդը՝ ասել է հեղինակ Վահագն Ղուկասյանը: 

 

«Քարի շունչը» լիվինգ զարդը

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Գյումրիում Լիվինգ արտ շարժման նախաձեռնողները վստահ են, որ արդյունաբերության այս նոր ճյուղը ունակ է խթանելու քաղաքի տնտեսական զարգացումը:

 

«Թվանշային մշակույթի կիրառումը իր հետ բերում է ինդուստրիալ հեղափոխություն: Այն հզոր ուժ ունի ամբողջ աշխարհում: Այդ հեղափոխության ծննդին մենք այսօր ականատես ենք լինում Գյումրիում»,- ասել է Ֆլորան Ազիոսմանովը:

 

Լիվինգ զարդերի հեղինակները

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամի 

 

Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը Լիվինգ արտի տարածաշրջանային խոշոր կենտրոն դարձնելու նպատակով «Լույս»-ի թիմը նախատեսում է մեկ տարվա  ընթացքում վարպետության կանոնավոր դասեր կազմակերպել ու վերապատրաստել մասնագետներին:

 

Երկարաժամկետ հեռանկարում թիմը նախատեսում է Գյումրիում լիվինգ արտի /լիվինգ դիզայնի` դպրոց հիմնել:

 

Այդ ընթացքում Գյումրիում ստեղծված լիվինգ զարդերի նախատիպերը կներկայացվեն կառավարության, դեսպանատների,  գործարար աշխարհի ներկայացուցիչներին՝ ապրանքները տեղի եւ միջազգային շուկաներում տարածելու համար:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին