«Դիլիջանը կփոխվի այն ժամանակ, երբ բնակիչները փոփոխությունների պատրաստ կլինեն» - Mediamax.am

5666 դիտում

«Դիլիջանը կփոխվի այն ժամանակ, երբ բնակիչները փոփոխությունների պատրաստ կլինեն»


Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանում ավարտվել է IDeA հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա UWC Dilijan ամառային ճամբարը:

Երկու շաբաթ տեւած ճամբարին մասնակցել են 16-18 տարեկան պատանիներ Իտալիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Իսրայելից, Շվեյցարիայից, Կանադայից, Նորվեգիայից, Թուրքիայից, Հայաստանից, ԼՂՀ-ից եւ այլ երկրներից:

 

«Ամառային դպրոցի նպատակն էր հետազոտել, թե ինչպես կարող ենք ավելի խթանող երիտասարդական մշակույթ ստեղծել Դիլիջանում՝ համատեղելով տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ երիտասարդների փորձառությունները»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է UWC Dilijan դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:

 

UWC Dilijan-ի տնօրենների խորհրդի նախագահ, դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ Դիլիջանը կփոխվի այն ժամանակ, երբ տեղի բնակիչները պատրաստ կլինեն փոփոխությունների:

 

«Արդեն երկրորդ անգամ անցկացվող UWC Dilijan դպրոցի ամառային ճամբարին մասնակցում էին նաեւ տեղի երեխաները: Այս տարի երկու մասնակից ունեինք Թուրքիայից եւ հրավիրել էինք երկու երեխա Ղարաբաղից, քանի որ ճամբարի նպատակն է առավելագույն ինտեգրացիա ապահովել», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Նա նաեւ հավելել է, որ դասընթացի վերջին օրերին ճամբարականներին միացել են եւս 15 պատանիներ Արցախից:

 

Ամառային ճամբարի համակարգող Էդրիան Բայելը հայտնել է, որ UWC Dilijan ամառային ճամբարը կենտրոնացած էր համայնքի զարգացման խնդրի վրա:

 

«UWC քոլեջների նպատակն է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ հաղորդել, այլեւ բազմակողմանի զարգացնել ուսանողի անհատականությունը: Կենտրոնացել ենք այն հարցի շուրջ, թե ինչը կարող է Դիլիջանը դարձնում գրավիչ, հարուստ եւ հետաքրքրական համայնք երիտասարդների համար: Ցավոք, այսօր երիտասարդների համար այս համայնքում շատ զբաղմունքներ չկան: Դասընթացի երկրորդ կեսին երեխաներն աշխատանքներ են իրականացրել հատուկ խմբակներում՝ երաժշտության, արվեստի, սպորտի եւ կինոյի, որոնք կարող են խթան հանդիսանալ համայնքային զարգացման համար», - ասել է ճամբարի համակարգողը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին