Թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել Դինքին, պնդում է ռեժիսորը - Mediamax.am

6023 դիտում

Թուրք դերասանները հրաժարվել են մարմնավորել Դինքին, պնդում է ռեժիսորը


Ֆատիհ Աքինը
Ֆատիհ Աքինը

Լուսանկարը` http://www.belbios.nl


Երեւան: Մեդիամաքս: Ծագումով թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆատիհ Աքինը հայտարարել է, որ հրաժարվում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մասին ֆիլմի նկարահանման գաղափարից, քանի որ ոչ մի թուրք դերասան չի ցանկանում մարմնավորել 2007 թ. Ստամբուլում սպանված հայտնի լրագրողին:

Ինչպես հաղորդում է AFP-ն, «Ակօս»-ի հետ հարցազրույցում Ֆատիհ Աքինն ասել է, որ բոլոր այն թուրք դերասանները, որոնց ինքը դիմել է, հրաժարվել են դերից՝ նշելով, որ ֆիլմի սցենարը «չափազանց խիստ» է:

 

«Ես չկարողացա համոզել որեւէ դերասանի խաղալ Հրանտի դերը: Բոլորը գտնում են, որ սցենարը չափազանց խիստ եւ կտրուկ է, ուստի ես ստիպված էի դադարացնել այս նախագիծը: Չէի ցանկանում վնասել որեւէ մի դերասանի, բայց ինձ համար կարեւոր էր, որպեսզի Հրանտի մասին պատմող ֆիլմը լինի թուրքական: Ամերիկացի կամ ֆրանսիացի դերասանը չի կարող մարմնավորել Հրանտին: Մենք ինքներս պետք է առերեսվենք այս հարցերի հետ»,- ասել է կինոռեժիսորը:

 

Ֆատիհ Աքինի հարցազրույցից հետո երկու երիտասարդ թուրք դերասաններ՝ Ռիզա Քոչաօղլուն եւ Սարպ Ակկայան իրենց Twitter-ներում գրել են, որ կցանկանային խաղալ Հրանտ Դինքի դերը:

 

Ս.թ. օգոստոսի վերջում Վենետիկի կինոփառատոնում կկայանա Ֆատիհ Աքինի «Կտրվածք» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հայ տղամարդու մասին, ով ողջ է մնում 1915 թ. Ցեղասպանությունից հետո եւ շրջում է ողջ աշխարհը իր դստերը գտնելու համար:

 

«Նրանց, ովքեր վախենում են այս ֆիլմից, ես կասեմ. «Սա պարզապես ֆիլմ է»:

 

«Վստահ եմ, որ թուրք հասարակությունը, որի մեկ անդամն էլ ես եմ, պատրաստ է այս ֆիլմին»,- ասել է Ֆատիհ Աքինը:

 

«Կտրվածք» ֆիլմը, որի նկարահանումները ֆինանսավորել են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Կանադան եւ Թուրքիան Ֆատիհ Աքինի «Սեր, Մահ եւ Սատանա» եռապատման եզրափակիչ մասն է հանդիսանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին