Հայաստանը զիջել է դիրքերը Համաշխարհային մրցունակության զեկույցում - Mediamax.am

3269 դիտում

Հայաստանը զիջել է դիրքերը Համաշխարհային մրցունակության զեկույցում


Մանուկ Հերգնյանը
Մանուկ Հերգնյանը

Լուսանկարը` Անձնախան արխիվից


Երեւան: Մեդիամաքս: 2014-2015 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը: Նախորդ տարվա ՀՄԶ զեկույցում Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

 

Զեկույցի համաձայն, Հայաստանը 2 կետով առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ բարձրագույն կրթության, եւ 1 կետով` տեխնոլոգիական պատրաստվածության ցուցիչում: Միեւնույն ժամանակ, վատթարացել են այլ ցուցանիշներ, մասնավորապես` 24 կետով հետընթաց է գրանցվել աշխատուժի շուկայի արդյունավետության եւ 21 կետով` ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշում:

 

2014-2015թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանի մրցունակության ուշագրավ առավելությունների շարքում է նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակն ու դրա համար նախատեսվող ժամկետը:

 

Որպես առավելություն զեկույցում նշվում է նաեւ Հայաստանում ներդրողների իրավական պաշտպանվածության մակարդակը, ԶԻԱՀ-ի տարածվածությունը չափահաս բնակչության տոկոսային հարաբերակցության մեջ, ինչպես նաեւ հանցագործության հետ կապված ծախսերը գործարարության համար:

 

Ըստ առանձին ցուցիչների, զգալի բարելավում կա տեղական մրցակցության ուժգնության, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի եւ դպրոցներում ինտերնետի հասանելիության մակարդակներում:

 

Ուշագրավ թերությունների շարքում զեկույցում առանձնացված է ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը, արտաքին շուկայի չափի համաթիվը, երկրի կարողություն ձեռք բերելն ու տաղանդների պահպանումը, ինչպես նաեւ կառավարության կողմից առաջատար տեխնոլոգիական ապրանքների ձեռքբերումը:

 

Առանձին ցուցիչներով վատթարացում կա գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման եւ իրավական դաշտի սանդղակներում:

 

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են գրանցել Ղրղըզստանը` 13 կետով, Ռուսաստանը` 11 կետով եւ Ուկրաինան` 8 կետով: Մեկ կետով առաջընթաց կա Ադրբեջանում` նախորդ տարվա 39-րդ տեղի փոխարեն այս տարի այն զբաղեցնում է զեկույցի 38-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին