Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դիմել են Գյումրիի երաժշտական դպրոցի սաներին եւ ուսուցիչներին - Mediamax.am

exclusive
22290 դիտում

Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դիմել են Գյումրիի երաժշտական դպրոցի սաներին եւ ուսուցիչներին


Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ու Deep Purple-ի վոկալիստ Էին Գիլանը
Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ու Deep Purple-ի վոկալիստ Էին Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռոք-աստղեր Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath) դիմել են Գյումրիի № 6 երաժշտական դպրոցի սաներին եւ դասատուներին:

Սեպտեմբերի 20-ին կլրանա Հայ Օգնության Ֆոնդի, Մեդիամաքս-ի եւ Do Something ավստրալիական կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում կառուցված երաժշտական դպրոցի բացման առաջին տարեդարձը: 

 

«Սիրելի դասատուներ եւ աշակերտներ, ես մտածում եմ ձեր մասին՝ դպրոցի բացման առաջին տարեդարձի օրը: Հուսով եմ, դուք վայելում եք դպրոցը, եւ, ինչը շատ ավելի կարեւոր է, վայելում եք երաժշտությունը: Երաժշտությունը ընկեր է ողջ կյանքի համար: Մաղթում եմ ձեզ սեր եւ խաղաղություն», - ասված է Իէն Գիլանի նամակում:

 

«Հարգելի տնօրեն եւ աշակերտներ, իմ աշխատանքային ժամանակացույցը թույլ չտվեց ինձ այցելել ձեզ, սակայն ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ դպրոցի բացման առաջին տարեդարձի կապակցությամբ: Ապշեցուցիչ է տեսնել, որ գաղափարը, որը ծնվեց Իէն Գիլանի հետ մեր զրույցի ընթացքում, հաջողակ դպրոց դարձավ: Աշխարհում շատերը գիտեն ձեր մասին եւ շատ մարդիկ նպաստեցին նոր դպրոցի կառուցմանը: Հուսով եմ, որ ապագայում կկարողանամ անձամբ այցելել ձեզ», - ասվում է Թոնի Այոմիի նամակում:

 

Դպրոցի բացման արարողությունը կայացել էր 2013թ. սեպտեմբերի  20-ին: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանը, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը, Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին, Մարդիգյան ընտանիքի ներկայացուցիչները:

 

***

 

1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

 

 

2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ: Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը: Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավորը դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

 

2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատանը:

 

Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որին տարիներ շարունակ օժանդակում էր Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ): Երեխաների ելույթը անտարբեր չթողեց Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:

 

2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգները, որոնց հասույթը՝ 45.000 ԱՄՆ դոլարը, փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:

 

2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվեց մոտ 110.000 ԱՄՆ դոլար:

 

Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունը ունեցան նաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները:

 

Նախագիծը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում էր: Երկու անգամ` 2010թ. գարնանը եւ 2013թ. ամռանը ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից դպրոցի շինարարության համար հատկացրեց 10 մլն դրամ:

 

2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water: 2012 թվականին հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված են Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված եւ հազվագյուտ երգերի հավաքածուն:

 

 

2012 թվականին ամռանը ՀՕՖ-ը Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Մի քանի օր անց Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը` տրամադրելով շուրջ 350.000 ԱՄՆ դոլար: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն տվեց սկսել նախագծի իրագործումը` 2012թ. օգոստոսին սկսվեց դպրոցի շինարարությունը:

 

Դպրոցի շինարարությունն իրականացրեց «Կանակա» ընկերությունը, որը հաղթել էր ՀՕՖ-ի կազմակերպած մրցույթում:

 

2011 թվականի հունվարին Կանադայում Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը կապ հաստատեց Իէն Գիլանի մենեջերի հետ եւ հայտնեց, որ ցանկանում է երաժշտական գործիքներ տրամադրել Գյումրիի դպրոցին: Երկու տարվա ընթացքում Թիմ Իրվինգը տպավորիչ քանակությամբ երաժշտական գործիքներ հավաքեց դպրոցի համար. 24 ջութակ, 12 ակուստիկ կիթառ, 12 ուկելելե, 4 ալթ-սաքսոֆոն, 4 շեփոր, 2 մանդոլինա, 2 ֆլեյտա, Yamaha սինթեզատոր, Yamaha էլեկտրական դաշնամուր եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին