Մանրամասներ ցեղասպանության զոհերի սրբադասման մասին - Mediamax.am

exclusive
3012 դիտում

Մանրամասներ ցեղասպանության զոհերի սրբադասման մասին


Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ավարտին հայտարարվեց, որ 2015-ին կսրբադասվեն Հայոց ցեղասպանության զոհերը:

 

Հայտարարությունից հետո մի շարք դեմ եւ կողմ կարծիքներ հնչեցին գաղափարի եւ դրա իրականացման մեխանիզմի  մասին: Սրբադասման կարգի, կարեւորության  եւ դրան առնչվող այլ հարցերի մասին Մեդիամաքս-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի ղեկավար, Հայ եկեղեցու սրբադասման հանձնախմբի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

 

«Սրբադասմամբ եկեղեցին ընդունում եւ ճանաչում է այն սրբակենցաղ անձանց հերոսությունը, ովքեր նահատակվել են հավատքի խոստովանության վկայությամբ, կատարել են հրաշագործություններ կենդանության օրոք կամ մահվանից հետո, եղել են հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության եւ Աստծու խոսքի բացառիկ քարոզիչներ, ապրել են սրբակեցությամբ: Այս չորս պայմանների առկայության դեպքում, անշուշտ ոչ անպայման բոլորը միաժամանակ, եկեղեցին սրբադասում է նրանց»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը եւ նշել, որ  սրբադասումը չի նշանակում սրբացում:

 

«Նրանք արդեն իսկ իրենց ապրածով, գիտակցությամբ եւ վարքով սրբացվել են ժողովրդի կողմից, որը եկեղեցին, որոշակի ուսումնասիրությունից հետո, ընդունում եւ հռչակում է», - ասել է նա:

 

Բագրատ Սրբազանը նշում է, որ Հայ եկեղեցում անհրաժեշտություն էր դարձել վերականգնել սրբադասման կարգը. «Հարցը քննարկվում էր  դեռեւս 1960-ականներին: Հայ եկեղեցին իր վերջին սուրբից հետո, որը եղել է Մովսես Տաթեւացի հայրապետը, շուրջ 400 տարի սրբադասում չի կատարել: Այս պատճառով էլ շուրջ չորս տարի առաջ կազմվեց Հայ Եկեղեցու սրբադասման հանձնախումբը` ուսումնասիրելու բոլոր տվյալները, պատմական փորձը, պարզելու սրբադասման կարգն ու պայմանները»:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից նախաշեմին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միասնաբար հանձնարարեցին սրբադասման հանձնախմբին ուսումնասիրել եւ քննել ցեղասպանության  զոհերի սրբադասման հարցը:

 

«Սրբադասման կարգի վերականգման միջոցով, որպես առաջին հանգրվան, կլինի ցեղասպանության զոհերի սրբադասման խորհուրդը»,- ասել է նա:

 

Հարցին, թե ովքե՞ր են սրբադասվելու, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  պատասխանել է. «Մենք չենք նշում 1,5 միլիոն թիվը, ոչ էլ անհատների անուններ: Լինելու է հավաքական սրբադասում` ի հիշատակ  նրանց, ովքեր ընկան հանուն հավատքի եւ հայրենիքի: Մոտավորապես սա է լինելու ըմբռնումը` առանց մատնանշելու որեւէ թիվ կամ անհատական դրսեւորում»:

 

Սրբադասման հանձնախմբի ներկայացուցչի փոխանցմամբ, եկեղեցին ոչ թե առանձնացնում, այլ որպես հավաքականություն մատնանշում է նրանց զոհաբերությունը, հռչակում մեր նահատակների հերոսությունը, սրբությունը:

 

«Եկեղեցին հռչակում է անձի գիտակցաբար նահատակության փաստը, ով չի ուրացել իր հավատքը եւ մարտիրոսվել է, որն էլ եկեղեցին ընդունում է որպես հոգեւոր հերոսություն: Իրականությունն այն է, որ ցեղասպանության մեր նահատակները անանուն մարտիրոսացան՝ ավելի ճիշտ մեկ ընդհանրական անունով՝ քրիստոնյա հայեր, եւ դա կարծես մեր հավաքական, մեզ միմյանց կապող անտեսանելի արյունը լինի, որի արդյունքում էլ այսօրվա ապրողներս նրանց նկատմամբ անսահման հարգանք, աղոթք եւ լուռ խոնարհում ունենք, ովքեր իրենց արյան հեղմամբ մեր Տիրոջ օրինակով գնեցին մեր ինքնությունն ու ապրելու իրավունքը: Եկեղեցին հենց այդ խոնարհումը, հարգանքն ու աղոթքն է ճանաչում եւ հռչակում», - ասել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

Մեկնաբանելով այն կարծիքը, թե բոլորն արժանի չեն սրբադասման եւ պետք չէ սրբադասվեն մարդիկ, ովքեր գլխիկոր գնացել են դեպի նահատակության` մեր զրուցակիցն ասել է հետեւյալը. «Նրանք, ովքեր նահատակներերին նման բնութագիր են տալիս, խորը հոգեւոր արժեքների  հասկացողություն չունեն:  Սա ոչ թե գլխիկոր նահատակություն է, այլ գիտակցված նահատակություն: Դա հավատքի մեծագույն արտահայտություն է: Նրանք կարող էին ուրանալ իրենց հավատքը եւ ազատվել մահվան ճիրաններից` առանց սպասելու, որ այսօրվա հեռավորությունից իրենց հանգիստ կյանքը վայելող մարդիկ գաղափարական վերլուծություն կկատարեն իրենց նահատակության վերաբերյալ»:

 

Խոսելով սրբապատկերի մասին` Բագրատ Սրբազանն ասել է, որ դրա հետ կապված արդեն իսկ որոշակի ուղղվածություն կա. «Այն պետք է խորհրդանշի հարությունն ու հաղթանակը. Մեր նահատակներն իրենց գործով ու ճանապարհով կրեցին հարության եւ հաղթանակի խորհուրդը եւ այդ գիտակցությունն ու կամքը փոխանցել են մեզ»:

 

Նրա փոխանցմամբ, աշխատանքներ են տարվում նաեւ հատուկ շարականի կանոնի, ժամամուտի, վարքի, եւ մասնատուփերի մշակման ուղղությամբ: Սրբադասման կարգը կկատարվի այդ առիթով մատուցվող Սուրբ պատարագի ընթացում, որը եւս կանցկացվի հատուկ արարողակարգով:

 

Մեր զրուցակիցը նշել է, որ սրբադասման օրվա եւ այլ հարցերի պատասխաններն առավել հստակ կլինեն մինչեւ նոյեմբերին կայանալիք եպիսկոպոսների հաջորդ ժողովը:

 

«Մենք երանելի սերունդ ենք, որ այսքան երկարատեւ ընդմիջումից հետո պատիվ եւ պատասխանատվություն ունենք այս մեծ խորհուրդն իրականացնելու: Հետեւաբար, մեր խնդրանքը, հորդորն ու հրավերն է` խոկումով, աղոթքով, խոնարհությամբ եւ վեհությամբ մոտենալ այս մեծ իրադարձությանը, որը դուրս է սովորական կամ պատահական դեպքի սահմանից: Մենք միասին պատմություն ենք կերտում եւ հոգեւոր նոր ճանապարհորդության սկիզբ դնում մեր կյանքում»,-ասել է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին