Հարմարեցված ավտոբուսներին սպասելով - Mediamax.am

exclusive
2344 դիտում

Հարմարեցված ավտոբուսներին սպասելով


Լուսանկարը` theguardian.com

Լուսանկարը` www.adainformation.org

Հարմարեցված ավտոբուս՝ Սինգապուրում:
Հարմարեցված ավտոբուս՝ Սինգապուրում:

Լուսանկարը` yourhealth.asiaone.com

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` globalaccessibilitynews.com

Հարմարեցված ավտոբուս՝ Մասաչուսետսում:
Հարմարեցված ավտոբուս՝ Մասաչուսետսում:

Լուսանկարը` mbta.com

Հարմարեցված ավտոբուս՝ Մասաչուսետսում:
Հարմարեցված ավտոբուս՝ Մասաչուսետսում:

Լուսանկարը` mbta.com


Մայրաքաղաքում հարմարեցված հանրային տրանսպորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար երազանք է: Դեռեւս 2012 թ-ի վերջին Երեւանի քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ 2013-ի ապրիլին առնվազն 10 ավտոբուս կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, սակայն ավարտվում է 2014-ը, իսկ խնդիրը դեռեւս իր լուծումը չի ստացել: Մայրաքաղաքում այսօր միայն մեկ տրանսպորտ կա, որով հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են տեղաշարժվել. 50 տրոլեյբուսներից ընդամենն երկուսն են կահավորված թեքահարթակով:

 

Չհարմարեցված հանրային տրանսպորտի պատճառով հենաշարժական խնդիրներ ունեցող մարդը Երեւանում պետք է օրական միջինը 2000 դրամ հատկացնի տեղաշարժման համար: Սակայն տաքսի ծառայություններից օգտվելիս էլ բացվում է հաջորդ խնդիրը:

 

«Եթե մարդը սայլակով է, ապա ո՞ր տաքսին կհամաձայնի կամ կարող է այդ ծառայությունը մատուցել: Սայլակը բեռնախցիկում հիմնականում հնարավոր չէ տեղավորել: Երեւանում ընդամենը մեկ հարմարեցված տաքսի կա»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանը:

 

Եվրամիության ֆինասնավորմամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որում շրջակա միջավայրի մատչելիության խնդիրների վերաբերյալ հարցվածների մեծ մասը, որպես ամենակարեւոր խոչընդոտ, մատնանշել է անմատչելիության գործոնը թե հասարակական տրանսպորտում, թե շինություններում:

 

Ըստ զեկույցի, երթուղիների շահագործման մրցույթներ հայտարարելիս պետք է դրվի պարտադիր պահանջ՝ յուրաքանչյուր երթուղում ունենալ առնվազն 2 հարմարեցված տրասնպորտային միջոց ։ Հարմարեցումից հետո պետք է նախապես սահմանվեն գրաֆիկներով հատուկ երթուղիները:

 

Հարմարեցված ավտոբուս՝ Սինգապուրում

Լուսանկարը՝ yourhealth.asiaone.com կայքից

 

Զարուհի Բաթոյանը նկատում է, որ քաղաքապետարանը հերթական անգամ խոստացել է կահավորել ավտոբուսները մինչեւ այս տարվա վերջ, բայց մեկ ամսում կհասցնեն արդյոք, չի կարող ասել:  

 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը համաձայն է, որ տրանսպորտային սպասարկման ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները դեռեւս բավարար չեն։

 

Մեդիամաքս-ին վարչությունից տեղեկացնում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցները մատչելի դարձնելու նպատակով Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող չինական «Հայգեր» մակնիշի 10 ավտոբուսների վրա հատուկ վերելակային հարմարանքներ տեղադրելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության կողմից ներկայում իրականացվում են վերելակների ներկրման աշխատանքները։

 

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ վերելակները մայրաքաղաքում կլինեն դեկտեմբեր ամսվա կեսին մոտ, որին կհետեւեն ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքները։

 

2015 թվականին եւս նախատեսվում է թվով 10 ավտոբուսների վրա տեղադրել նմանատիպ վերելակային հարմարանքներ:

 

Քաղաքապետարանը հարմարեցված այլ տրանսպորտային միջոցների ներկրում չի նախատեսում: Զարուհի Բաթոյանի խոսքով, շատ լավ է, եթե ի սկզբանե ներկրվեն հարմարեցված ավտոբուսներ, կամ գոնե այնպիսինները, որոնց համար արտադրված վերելակներ կան. «Սակայն այս պահին թե քաղաքապետարանի, թե Տրանսպորտի եւ կապի նախարարության, թե մարդկանց համար կարեւոր է, որ առաջին քայլը լինի նախադեպ, եւ փորձ ունենանք»:

 

Հարմարեցված ավտոբուս՝ Մասաչուսետսում

Լուսանկարը՝ mbta.com կայքից

 

Թե ինչպիսին կլինեն հարմարեցված ավտոբուսները, ցույց կտա ժամանակը, սակայն հարկ է նշել, որ հարմարեցնել չի նշանակում միայն վերելակ տեղադրել: Փոխադրամիջոցի ներսում եւս պետք է հարմարություններ լինեն. սայլակը գետնին ամրացնելու տեղ, անվտանգության ամրագոտիներ, վարորդի հետ կապվելու հարմարանք:

 

Բաթոյանի բնորոշմամբ, մինչ օրս քաղաքային իշխանությունները պատճառ են բերել գումարի բացակայությունը: Զարուհի Բաթոյանը կարծում է, որ եթե քաղաքապետարանը ցանկանա, գերակա խնդիր համարի, կարող է այդ գումարը գտնել:

 

«Կան պահուստային ֆոնդեր, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ համագործակցող բարեգործական կազմակերպություններ: Մարդիկ շատ լավ տեղյակ են խնդրին ու գիտեն՝ ինչ է անհրաժեշտ անել: Այլ հարց է, թե որքանով են իրենք իսկապես ուզում միջոցներ տրամադրել դրան եւ որքանով է այդ քաղաքական կամքն առկա: Այն, ինչ արել ենք վերջին երկու տարում, բավական լավ է, եթե համեմատենք նախորդ տարիների հետ»,- ասում է նա եւ հավելում, ոչ եթե այս տեմպերով առաջ գնանք, շատ երկար կերազենք այն Երեւանի մասին, որը հարմար կլինի բոլորին:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին