Մինչեւ 6 ամսական կրծքով կերակրելը տարեկան 60-ից 90 երեխայի կյանք կփրկի - Mediamax.am

2609 դիտում

Մինչեւ 6 ամսական կրծքով կերակրելը տարեկան 60-ից 90 երեխայի կյանք կփրկի


Լուսանկարը` http://otvetymamam.ru


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը նախածննդյան շրջանից սկսած կրծքով կերակրելը խրախուսելուց բացի, նաեւ պայքարում է մանկական սննդի ոլորտում խախտումների դեմ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Վորլդ Վիժն» (World vision) Հայաստանի «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը նշել է, որ օրենքը վերաբերում է նաեւ գործատուներին, ովքեր պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի աշխատանքի ժամերին կինը կարողանա երեխային կրծքով կերակրել:

 

Ինչ վերաբերում է մանկական սննդի ոլորտում խախտումներին, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն ասել է, որ օրենքը խախտումներ իրականացնողների համար պատժամիջոցներ է սահմանել:

 

«Կան ծննդատներ, ուր կաթնախառնուրդներ եւ մանկական սնունդ են խրախուսում եւ մի քանի բաժին տրամադրում են մայրերին: Կանանց ասում են, որ նրանց կաթը քիչ է, լավ կլինի նաեւ դրանք օգտագործեն: Իրականում նոր ծննդաբերած կնոջ կաթն այնքան է, որքան անհրաժեշտ է փոքրիկին»,- ասել է նա:

 

Սուսաննա Հարությունյանը շեշտել է, որ մարդիկ, վստահելով բժիշկներին, մոտ մեկ տարի կախվածության մեջ են ընկնում այդ սննդից: Ըստ նրա, միջազգային շուկայում կաթնախառնուրդների գովազդն ու վաճառքը վաղուց արգելվել է, եւ պետք է հետեւել այդ փորձին:

 

Նաիրա Ղարախանյանը, անդրադառնալով կրծքով կերակրելուն ուղղված քարոզարշավին, ասել է, որ իրենց թիրախում մանկական մահացության նվազեցումն է, ինչը էականորեն կարող է կանխել մինչեւ 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը:

 

«Հայաստանում մանուկներին մինչեւ 6 ամսականը բացառապես կրծքով կերակրում է մայրերի 35 տոկոսը, եթե մենք կարողանանք այս ցուցանիշը բարելավել, ապա 13 տոկոսով կկրճատենք մանկական մահացությունն ու տարեկան 60-90 երեխայի կյանք կփրկվի»,- ասել է «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը:

 

Մինչեւ 4 ամսական կրծքով սնուցման ցուցանիշները վերջին տարիներին բարելավվել են, եթե երկրաշարժից հետո այդ թիվը 20 տոկոս էր, ապա 2011-ին հասել է 81 տոկոսի:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին