ՀՀ մշակույթի նախարարություն` Թուրքիան փոշի է փչում աշխարհի աչքերին Անիի մասին խոսելիս - Mediamax.am

6992 դիտում

ՀՀ մշակույթի նախարարություն` Թուրքիան փոշի է փչում աշխարհի աչքերին Անիի մասին խոսելիս


Անիի Մայր տաճարը
Անիի Մայր տաճարը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է, որ «Թուրքիան միջազգային հանրության աչքերին փոշի է փչում` հայտարարելով Անիի Մայր տաճարի եւ Սուրբ Փրկչի եկեղեցու վերականգնման մասին»:

Փոխնախարարը Մեդիամաքսին ասել է, որ ապրիլին հայ մասնագետները այցելել են Անի եւ ծանոթացել «այսպես կոչված վերականգման գործընթացին»:

 

«Անիի վերականգման ոչ մի նախագիծ էլ չկա: Համենայնդեպս, մեր մասնագետներն այն չեն տեսել: Բնականաբար, թուրքական կողմը հակառակն է պնդում` փոշի փչելով միջազգային հանրության աչքերին», - ասել է Արեւ Սամուելյանը:

 

ՀՀ մշակույթի փոխնախարարը չի բացառել, որ Անիի վերականգնման հարցում թուրքական կողմը կնախընտրի կոնսերվացիայի եղանակը:

 

«Հնարավոր է, ինչ-որ աշխատանքներ կիրականացվեն, սակայն Թուրքիայի հիմնական նպատակը ուշադրություն գրավելն է, ինչն, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության վրա», - ասել է նա:

 

Փոխնախարարն հավելել է, որ Հայաստանը Անիի վերականգման հարցում  միջազգային կազմակերպությունների օժանդակության կարիքն ունի:  Հայկական պատվիրակության անդամները մտադիր են այդ հարցը բարձրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հանձնաժողովի հունիսյան նիստի շրջանակներում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի դրույթի համաձայն, այն դեպքում, երբ պետության սահմանները չեն համապատասխանում իր պատմական սահմաններին` մշակութային արձանի վերականգնումը նախատեսող կողմը պարտավոր է հրավիրել տվյալ պետության մասնագետներին:

 

Ավելի վաղ Մեդիամաքսի հետ հարցազրույցում ICOMOS-Հայաստանի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդ) նախագահ Գագիկ Գյուրջյանն ասել էր, որ թուրքական Anadolu Kultur ոչ կառավարական կազմակերպության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերականգնողական աշխատանքներին պետք է մասնակցեին նաեւ հայաստանյան մասնագետներ, սակայն Թուրքիայի մշակույթի նախարարությունը դեմ է արտահայտվել:

 

 

Մեր ընտրանին