Մշակվում է Ցեղասպանության իրավական պահանջների թղթածրարը - Mediamax.am

3639 դիտում

Մշակվում է Ցեղասպանության իրավական պահանջների թղթածրարը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ ներկայումս Հայ իրավաբանների միջազգային ընկերակցությունը մշակում է Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համապարփակ հայեցակարգ եւ իրավական պահանջների թղթածրար:

«Դուք գիտեք, որ իրավական պահանջների թղթածրարի պատրաստման հարցն երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Մենք հստակ ժամանակացույց չենք դրել, թե երբ է պատրաստ լինելու իրավական պահանջների վերջնական փաթեթը, քանի որ նախատեսվում են շատ լուրջ ներքին քննարկումներ եւ համաձայնություն հնարավոր բոլոր շահառուների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վիգեն Սարգսյանը՝ Մեդիամաքս-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով երեկ հրապարկված Համահայկական հռչակագրի՝ իրավական պահանջների վերաբերյալ կետը:

 

Նա հավելել է, որ ակնկալվում է մշակել այնպիսի համապարփակ թղթածրար, որը համադրում է Հայոց ցեղապսանության հետեւանքների հաղթահարման եւ դրանից բխող իրավական պահաջների շուրջ հայկական աշխարհի հիմնական դերակատարների մոտեցումները:

 

«Տվյալ դեպքում պետք չէ իրավական ուղիներ ասվածը հասկանալ միայն դատական վեճի ճանապարհով: Սովորաբար լավագույն ճանապարհն այն է, որ վեճը լուծվում է մինչ դատարան մտնելը»,- հստակեցրել է Վիգեն Սարգսյանը:

 

Խոսելով Համահայկական հռչակագրի մասին՝ նա ասել է, որ այն իր տեսակով առաջին փաստաթուղթն է, որի ստեղծման շուրջ համախմբվել են Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կառույցները:

 

«Հռչակագրի ընդունման փաստն արդեն մեծ երեւույթ է: Սա մեծ պատասխան է նաեւ նրանց, ովքեր պատմություններ են մոգոնում, թե իբր հայերը Սփյուռքում եւ հայերը Հայաստանում այլ ցանկություններ եւ նպատակներ ունեն: Սա միասնականության պատասխան է, որը մեր ժողովուրդը դրսեւորում է 100-ամյակի նախաշեմին»,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին