Պերճ Սեդրակյան. «Մեր երազանքն է կառուցել ուժեղ Հայաստան» - Mediamax.am

9680 դիտում

Պերճ Սեդրակյան. «Մեր երազանքն է կառուցել ուժեղ Հայաստան»


Պերճ Սեդրակյանը
Պերճ Սեդրակյանը

Լուսանկարը` http://www.armradio.am


Հունվարի 30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ներկայիս վիճակի, խնդիրների եւ ապագայի մասին:

 

Ներկայացնում ենք հատվածներ Պերճ Սեդրակյանի ելույթից:

 

Հայաստանի խնդիրների մասին

 

Այնպես չէ, որ միայն մենք խնդիրներ ունենք: Այսօր ողջ աշխարհն է լրջագույն խնդիրների բախվում` տեսեք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում: Պետք է դիմակայենք խնդիրներին եւ փորձենք լուծումներ գտնել»:

 

Իհարկե, Հայաստանում մեզ շատ բաներ են մտահոգում: Իհարկե, մեզ չի ուրախացնում պետական կոռուպցիան: Միաժամանակ, մենք իրատես ենք, եւ շատ բաներով հպարտանում ենք: Քաղաքական ռեժիմները եւ կուսակցությունները գալիս ու գնում են, բայց մենք ներգրավված ենք մեր երկրի կառուցման երկարատեւ ծրագրերի մեջ: Նույնիսկ կոմունիզմի ամենասեւ օրերին մենք շարունակում էինք աջակցել Հայաստանին: 

 

ՀԲԸՄ-ը կառավարությանը հանրային քննադատելու խնդիր չունի, քանի որ մենք ընդդիմադիր քաղաքական ուժ չենք: Այդ իսկ պատճառով, Հայաստանի անկախությունից ի վեր ցանկացած կառավարություն մեզ վստահել է: Եվ հավատացնում եմ, մենք խոսում եւ քննարկում ենք իշխանությունների հետ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները: Պետք է շարունակենք պայքարել Հայաստանի ավելի լավ ապագայի համար, եւ ես շարունակում եմ լավատես մնալ:

 

Մի պահ մոռացեք բարեգործության մասին: Այժմ ՀԲԸՄ-ի գլխավոր ուղղություններից է ներգրավվել եւ աշխատանք տանել այնպիսի անհատների հետ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Էդուարդո Էռնեկյանը՝ այն մարդկանց հետ, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանին օգնելու համար: Մեր գլխավոր մտքերից է, թե ինչպե՞ս կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում: Այսօր մեր բոլոր ջանքերը դրան են ուղղված:

 

Մեր երազանքն է կառուցել ուժեղ Հայաստան: Որպես սփյուռքի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ սփյուռքը չի կարողանա երկար գոյատեւել, եթե Հայաստանը մեզ համար հպարտության առարկա չդառնա:

 

Երիտասարդների դերի մասին

 

Երիտասարդությունը պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի ապագայի համար: Հավատում եմ, որ մենք ունենք պայծառ ապագա, սակայն դրա կառուցման համար ժամանակ է անհրաժեշտ: Բազմաթիվ մարդկանց գիտեմ, ովքեր հավատարիմ են այդ գործին, եւ դուք էլ պետք է հավատարիմ լինեք:

 

Հայրենադարձության մասին

 

Պետք է կարողանանք խրախուսել պաշտոնաթող հայերին ԱՄՆ-ից եւ այլ երկրներից տեղափոխվել Հայաստան: Դա իհարկե, պետք է որոշակի սոցիալ-տնտեսական, տրամաբանական հիմքեր ունենա եւ կարող է իրագործվել համապատասխան պայմանների առկայության դեպքում` պետք է ի վիճակի լինենք ապահովել նրանց սոցիալական եկամուտները: Իհարկե, կարող եք առարկել, թե ինչո՞ւ է աջակցել տարեց մարդկանց վերադարձը Հայաստան: Բայց չէ՞ որ նրանք գումար են բերելու երկիր, նրանց երեխաները եւ թոռները կգան Հայաստան իրենց ծնողների մոտ: Դա այսօր մեր աշխատանքի ուղղություններից մեկն է:

 

Արվեստի մասին

 

Արվեստը եւ երաժշտությունը մեր ազգի ոգին է: 90-ականների սկզբում ՀԲԸՄ-ն ի թիվս այլ ծրագրերի ֆինանսավորում էր ֆիլհարմոնիկի գործունեությունը, ինչի համար շատերը մեզ քննադատում էին՝ ասելով, որ մարդիկ սոված են, իսկ դուք մշակույթին ենք աջակցում: Բայց չէ՞ որ, եթե հայ ազգի հոգին սոված մնա, այն այլեւս նույնը չի լինի:

 

Հերոսների մասին

 

Մեզ հերոսներ են անհրաժեշտ: Արամ Խաչատրյանը հերոս է: Ինքն ու Շառլ Ազնավուրն ավելի մեծ համբավ են բերել Հայաստանին, քան հարյուրավոր փաստաբաններ:

 

Պերճ Սեդրակյանի մտքերը գրի է առել Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին