ՀԲ-ն խորհուրդ չի տալիս արգելել երեխայի սեռի բացահայտումը - Mediamax.am

4821 դիտում

ՀԲ-ն խորհուրդ չի տալիս արգելել երեխայի սեռի բացահայտումը


Լուսանկարը` www.motherhoodyourway.ne


Երեւան: Մեդիամաքս: Փորձագետները Հայաստանին խորհուրդ չեն տալիս արգելել կամ սահմանափակել պտղի սեռի բացահայտումը, ինչը այլ երկրներում դրական արդյունք չի տվել:

Այս մասին ասվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) Հայաստանի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի «Չծնված աղջիկները Հարավային Կովկասում» թեմայով համատեղ հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են այսօր Երեւանում:

 

Փոխարենն առաջարկվում է գենդերային հավասարության խթանում, պայքար գենդերային կարծրատիպերի դեմ եւ հավասար հնարավորությունների ստեղծում ինչպես տղա, այնպես էլ աղջիկ երեխաների համար:

 

ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը մտահոգիչ է համարել չծնված աղջիկների ցուցանիշը Հարավային Կովկասում: Հետազոտության համաձայն, յուրաքանչյուր 100 նորածին աղջկա դիմաց Հայաստանում ծնվում է 115 տղա, ինչը համեմատելի է Չինաստանի եւ Հնդկաստանի ցուցանիշների հետ:

 

«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները հասարակության մեջ առաջացնում են սոցիալական անհավասարակշռություն, ինչը վաղ թե ուշ ազդելու է ժողովրդագրական զարգացման, ինչպես նաեւ աշխատաշուկայի վրա»,- ասել է նա:

 

«Չծնված աղջիկները Հայաստանում» հետազոտության համաձայն, Հայաստանի բնակչությունը հավասարաչափ չէ բաշխված ըստ սեռերի. 65 տարեկանից բարձր տարիքային խմբում կանայք կազմում են 62%, իսկ 0-14 տարեկանների խմբում՝ մոտ 46%: Հետազոտության համաձայն, արու զավակ ունենալու նախապատվությունը հիմնականում տրվում է գյուղերում, ինչն էլ, ըստ հարցվածների, հիմնականում պատճառաբանվում է տոհմը շարունակելու ցանկությամբ եւ ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման ցանկությամբ:

 

Ինչ վերաբերում է ծնելիության մակարդակի նվազմանը, ապա հետազոտությունը փաստում է, որ այն գրանցվել է դեռ նախորդ դարի 90-ականների սկզբից, ինչին զուգահեռ աճում է նորածինների սեռային հարաբերակցության տարբերությունը:

 

Վիճակագրությունը վկայում է, որ նշված ժամանակահատվածից սկսած ծնելությունը նվազել է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, սակայն սեռի հարաբերակցության աճը հատկապես մեծ է գյուղերում: Հետազոտության համաձայն, սեռով պայմանավորված հղիության ընդհատման հարցում որոշիչ է ամուսնու խոսքը:

 

Հետագա խնդիրներից խուսափելու համար Չինաստանը, Հնդկաստանն ու Հարավային Կորեան, օրինակ, արգելել են նախածննդյան փուլում երեխայի սեռի բացահայտումը, իսկ Հնդկաստանն աղջիկ ունենալու համար տրամադրել է լրացուցիչ ֆինանսական լծակներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին