ԱԺ-ում բացվել է IDeA-ի նախաձեռնած ցուցահանդեսը - Mediamax.am

2350 դիտում

ԱԺ-ում բացվել է IDeA-ի նախաձեռնած ցուցահանդեսը


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովում այսօր բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից:

 

Բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, պատգամավորներ, հյուրեր:

 

Ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից:

 

IDeA հիմնադրամը նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:

 

«Մեծ Հաղթանակի ուղիներով»  ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ եւ ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության թեմատիկան:

 

«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին  եւ բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները», - ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատել է, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: «Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք: Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝  այս հրաշալի ցուցադրության համար, եւ կցանկանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- ասել է Սերգեհ Նարիշկինը:

 

Հիմնադրամը  նախաձեռնել է հայ եւ ռուս  գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերահիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվար, բայց հաղթական էջերը, ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

 

«Հիմնադրամը մտադիր է բարերարների  հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին»,-նշեց Արմեն Գեւորգյանը:

 

Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված  գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի  հայտնի ներկայացուցիչներ: Հավաքածուում ընդգրկված են  նաեւ տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին