Փրկված գրքեր. Շուրիշկանի Ավետարան - Mediamax.am

exclusive
20839 դիտում

Փրկված գրքեր. Շուրիշկանի Ավետարան


Շուրիշկանի Ավետարանը
Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուրիշկանից բերված պատարագ անցկացնելու համար պարագաներ
Շուրիշկանից բերված պատարագ անցկացնելու համար պարագաներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուրիշկանի Ավետարանը
Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուրիշկանի Ավետարանը
Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը
Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի (Նարուկ) Մելիքյանը
Արմենուհի (Նարուկ) Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը գանձ համարելու մոտեցումը հայության շրջանում դարերի դրսեւորում ունի եւ հատկապես ցայտուն է դարձել տեղահանությունների ու Ցեղասպանության ընթացքում։ Գիրքը՝ առավելաբար Ավետարանն ու Նարեկը կյանքի գնով փրկելու փաստական պատմությունները հաշվվում են ոչ թե մեկ-երկուսով, այլ տասնյակներով։ Թերեւս բոլոր հրաշագործ կամ խնդրակատար Ավետարանները անցել են փրկության այդ ուղին եւ ավելի զորացել ու երկյուղածության մղել ոչ միայն հավատավոր հայությանը, այլեւ այլադավան օտարերկրացիներին։ Նմանօրինակ մի քանի Ավետարանների պատմությունը կներկայացնենք Մեդիամաքսի նոր շարքում։

 

Դարերի պատմություն եւ անհամար գաղտնիքներ ունեցող Շուրիշկանի Ավետարանը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թ-ին։ Ավետարանն ընդօրինակելու պատվերը Թուրվանտա իշխանինն է, ընդօրինակումը՝ տեր Բարսեղ քահանայինը։

 

Շուրիշկանի Ավետարանը գրված է բոլորագրով, բաղկացած է 322 թերթից, չափսերը՝ 18x13 սմ, ունի 3 մանրանկար, բազմաթիվ կիսախորան-անվանաթերթեր եւ լուսանցագրեր։ Ստվարաթղթե կազմը կաշեպատ է` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, որի աստառը թղթից ու մետաքսից է։

Շուրիշկանի Ավետարանը Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

30 տարի Մատենադարանում պահված Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը արդեն 12 տարի յուրաքանչյուր Զատիկին հաջորդող կիրակի՝ Կրկնազատկին  ուխտավորների մեծ թափորի ուղեկցությամբ Մատենադարանից տարվում է Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցի, որտեղ պահվում է մինչեւ ուշ երեկո։

 

Այդ օրը մատուցվող Սուրբ պատարագի ընթացքում յուրաքանչյուր ուխտավոր Ավետարանի հրաշագործ զորությանն առնչվելու հնարավորություն է ստանում։

Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնությունը Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանինն է.

 

«2000 թ-ին Սբ. Գեւորգ եկեղեցին նորոգումից հետո օծվեց, մեկ տարի անց նշեցինք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը, իսկ 2002-ին երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի աջակցությամբ Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանից Մուղնի բերելու համաձայնություն ստացանք։ Կարծես Ավետարանն ինքն էր ուզում այս եկեղեցի գալ. երբ Մատենադարան դիմելը դեռեւս միայն մտադրություն էր, եկեղեցի եկավ մի մարդ ու մեզ հանձնեց Շուրիշկանի եկեղեցու երկու մոմակալ, խնկաման ու խաչ՝ պատարագ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները։

Շուրիշկանից բերված պատարագ անցկացնելու համար պարագաներ Շուրիշկանից բերված պատարագ անցկացնելու համար պարագաներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասես Ավետարանն ինքը հարթեց իր ուղին դեպի Սբ. Գեւորգ եկեղեցի, իսկ նրա զորությունն անմիջականորեն եմ զգացել։ Երեք տարեկան էի, երբ ծնողներս ինձ տարան Շուրիշկան ուխտի: Հիվանդ էի։ Նրանց պատմելով, մեր գյուղ՝ Հազարջրիբ վերադարձանք լիովին բժշկված»։

 

Մինչ այդ` 1940-ականներին, ապա նաեւ 1970-ականների կեսերին Իրանից հայրենադարձված հայությունը, կարեւորելով Շուրիշկանի Ավետարանի զորությունը, սեփական՝ մասնավորապես, Խաչատուր Ստեփանյանի նախաձեռնությամբ ամեն տարի Աշտարակում ուխտագնացություն է կազմակերպել՝ անխախտ պահելով հայրենի գյուղում՝ Շուրիշկանում,  ձեւավորված ավանդույթը։

 

«Ինչ ինձ գիտեմ, գիտեմ նաեւ Շուրիշկանի Ավետարանի մասին, որից ավելի հին Ավետարաններ էլ կան, բայց խաչը Տերն է զորացնում։ Իսկ Շուրիշկանի զորությունը անկասկած է ու անքննելի։ Աներորդուս փրկությունը դիվոտումից, որը հիմա հոգեկան շեղում են անվանում, իմ աչքով եմ տեսել եւ հազար ու մի հրաշագործության մասին լսել շատ շատերից»,- պատմում է բնիկ շուրիշկանցի, ներկայումս Աշտարակի բնակիչ Խաչատուր Ստեփանյանը։ Նա հուզմունքով է մտաբերում գուսանների՝ Ավետարանին նվիրած երգերն ու արտասանում ժողովրդի հյուսած բանաստեղծությունից մի հատված.

 

Ոտքդ կը գայ ամէն միլլէթ,

Շուրիշկանանց Աւետարան.

Դու կ’ազատես ցաւ ու իլլէթ,

Շուրիշկանանց Աւետարան:

Գերիդ կը գայ հզար բուրը,

Քեզի թայ չիլնի Զաբուրը.

Մուրվարի է աջիդ բուռը,

Շուրիշկանանց Աւետարան…

 

Շուրիշկանի Ավետարանն այդպես է կոչվել համանուն՝ Շուրիշկան գյուղում գտնվելու պատճառով, իսկ հայտնվել է այդ գյուղում 1603-1604թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասի նախաձեռնած շուրջ 500 հազար հայերի տեղահանության հետեւանքով։

Շուրիշկանի Ավետարանը Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարսկաստանում հայտնված տեղահան հայությունը բնակություն է հաստատել Սպահան նահանգի Փերիա գավառում՝ հիմնելով 24 հայաբնակ գյուղ, այդ թվում՝ Շուրիշկանը։  Բռնագաղթած հայության մեջ էր նաեւ տեր Գրիգորը, որի թողած տվյալների համաձայն՝ Ավետարանը այծի մորթուց պատրաստված ջրադիմացկուն տիկով կապված է եղել նրա մեջքին, եւ հենց Ավետարանի զորությամբ գոտեպնդված է հայությունը ձեռք ձեռքի հաղթահարել Արաքսի ջրերը։

 

«Չեմ հասկանում` այդ գրքի զորությունը որտեղից է տրվում, բայց աչքովս եմ տեսել նրա զորությունն ու գործած հրաշքները։ Քրոջս երեխան արդեն բավական մեծ էր ու չէր խոսում։ Շուրիշկանի Ավետարանին ուխտի գնացինք ամբողջ ընտանիքով ու նույն օրը տուն բերեցինք երեխային։ Տղաս՝ Հայկը խաղում էր հետը, ինչպես միշտ տարբեր կենդանիների նկարներ ցույց տվեց, ու մեկ էլ երեխան սկսեց խոսել, ասաց՝ փիղ։ Ու հիմա խոսում է։ Շուրիշկանի Ավետարանը հրաշագործ է: Հրաշքը էնպես է լինում, ասես առօրյա երեւույթ, բայց հետ հայացք ես գցում ու ապշում, թե ինչպես ստացվեց, ինչպես եղավ, ու հասկանում ես, որ հրաշքն արդեն եղել է, կատարված է»,- խնդրակատար Ավետարանի իր տեսած հրաշքի մասին է պատմում շուրիշկանցու շառավիղ, Էջմիածնի բնակիչ Սերժ Նաջարյանը։

 

Համաճարակներ չեզոքացնելու Ավետարանի զորությանը ականատես են եղել տարբեր քաղաքաբնակներ, որոնց տարբեր համաճարակներից փրկելու համար Շուրիշկանի Ավետարանն ուխտավորների թափորը աղոթքի ներքո տարել է Նոր Ջուղա եւ այլ քաղաքներ ու շրջել փողոցներով՝ այդկերպ դադարեցնելով համաճարակները։ Սակայն խնդրակատար Ավետարանի հրաշքներից ամենահայտնին ու ազդեցիկը մնում է հենց Ավետարանի փրկության պատմությունը։ 

Շուրիշկանի Ավետարանը Շուրիշկանի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուրիշկանում հայությունը քոչվորների հարձակումներից պաշտպանվելու խնդրի առաջ է հայտնվել եւ Ավետարանի անվտանգությունն ապահովելու նպատակով այն թաղել է Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում։ 7 տարի անց, իրավիճակը կայուն համարելով, շտապել են Ավետարանը հանել հողատակ թաքստոցից եւ բացահայտել, որ Ավետարանի թաղված տեղում աղբյուր է հորդել ու լճակ գոյացրել։ 7 տարի շարունակ հող ու ջրի տակ մնացած Ավետարանը պահպանվել է անվնաս կերպով եւ առավել մեծ զորությամբ օժտվել։ Բուժիչ զորությամբ է օժտված նաեւ աղբյուրի ջուրը, որը հետագայում ժողովուրդն անվանել է Պապի աղբյուր եւ հարեւանությամբ մատուռ կառուցել։ Շուրիշկանում այսօր հայ բնակչություն այլեւս չկա, սակայն Պապի աղբյուրը պահպանվում է որպես բուժիչ զորությամբ օժտված ուխտավայր, ի դեպ, ոչ միայն հայության, այլեւ օտարազգիների, այդ թվում՝ նաեւ իրանցիների համար։

 

«Շուրիշկանում եւ շրջակա հայկական գյուղերում չկար մեկը, որը չիմանար ու չհավատար Ավետարանի զորությանը։ Այն երկյուղվածություն էր ներշնչում անգամ այլադավան օտարներին։ Ծնողներս պատմում էին, որ երբ պարսիկ մեծահարուստի ձիերն անհետացել են, օրեր տեւած փնտրտուքը ոչ մի արդյունքի չի բերել, եւ ճարահատ պարսիկը հրամայել է, որպեսզի դիմեն հայերի զորավոր Ավետարանին։ Ձիերն օր անց հայտնվել են, ու մի քուռակ էլ հետները։ Փառք Զորավորին, որ պարգեւել է մեզ Շուրիշկանի Ավետարանին դիմելու հնարավորությունն ու հավատը»,- պատանեկության տարիներին լսածն է պատմում Շուրիշկանի գյուղապետ Հովհաննես Մելիքյանի դուստր, ներկայում Էջմիածնում բնակվող Արմենուհի (Նարուկ) Մելիքյանը, որի ընտանիքում Ավետարանի մասին յուրաքանչյուր հրատարակված տեղեկություն հավաքում են ինչպես մասունք եւ ուխտի գնում Շուրիշկան՝ Պապի աղբյուր։

Արմենուհի (Նարուկ) Մելիքյանը Արմենուհի (Նարուկ) Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Նարուկի ընտանիքում մասունք է ընկալվում նաեւ Պապի աղբյուրի ավազանում տարիներ առաջ աճած, սակայն այժմ արդեն չորացած հաստաբուն ծառի արմատների կտորտանքը։

 

Տիկին Նարուկի եւ նրա որդու՝ Սերժ Նաջարյանի խոսքով, այսօր էլ պահպանված է Պապի աղբյուրը, սակայն գյուղի եկեղեցին այլեւս չկա, իսկ եկեղեցուց մնացած միակ քարը Շուրիշկանում բնակվող պարսիկ ընտանիքի տան դիմաց է. պահպանում են որպես զբոսաշրջիկներ գրավող մասունք։ 

 

Շուրիշկանի Ավետարանը 1970-ականների հայրենադարձության փուլում Հայաստան է բերվել եւ հանձնվել Մատենադարան պահպանության։

Չնայած երեք տասնամյակ Ավետարանը հասանելի չի եղել ուխտավորներին, այնուամենայնիվ, նրա հանդեպ հավատը պահպանվել է, եւ Ավետարանը սերնդեսերունդ ընկալվում է որպես հրաշագործ ու խնդրակատար զորությամբ օժտված Սուրբ գիրք։ Այսպիսին է նաեւ տիկին Նարուկի թոռան՝ 13-ամյա Հայկ Նաջարյանի ընկալումներում. «Տեսել եմ Ավետարանի զորությունը, երբ մեր ընտանիքի ուխտից հետո սկսեց խոսել հորաքրոջս աղջիկը եւ երբ մեր ընտանիքի` Ավետարանին ուղղված աղոթքից հետո Միացյալ Նահանգներում անբուժելի հիվանդությունից ազատվեց հորեղբայրս։ Մինչեւ այսօր այդ հրաշքը անհասկանալի ու անբացատրելի է բժիշկների համար, իսկ մեզ համար՝ շատ պարզ ու հասկանալի։ Պարզապես պետք է հավատալ»։

 

Անուշ Պետրոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին