Տաթեւի երգչախումբը հանդես է եկել մի շարք եկեղեցիներում - Mediamax.am

4677 դիտում

Տաթեւի երգչախումբը հանդես է եկել մի շարք եկեղեցիներում


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Տաթեւի վանքի երգչախումբը՝ վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ, ապրիլի 12-18-ը Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցել է հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում հանդես է եկել հոգեւոր երգերի կատարումներով:

Երգչախումբը ելույթ է ունեցել Աշտարակի Սբ. Մարինե, Օշականի  Սբ. Մեսրոպ Մաշտոց, Օհանավանի Հովհաննավանք, Երեւանի Սբ. Երրորդություն եւ  Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցիներում, ինչպես նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

 

«Զատկական տոներին հաջորդող այս շրջանում որոշեցինք Քրիստոսի հարության ավետիսի բարի լուրը փոխանցել մարդկանց եւ  կազմակերպեցինք այս ուխտագնացություն-շրջագայությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի հովանավորությամբ: Ելույթների ընթացքում ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի եւ հայ նշանավոր վարդապետների շարականները, Կոմիտասի մշակումները: Հուսով ենք, որ բոլորը մեծ բավականություն ստացան: Երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով այս օրերն անցկացրին տարբեր սրբավայրերում»,- ասել է Միքայել վարդապետ Գեւորգյանը:

 

Տաթեւի վանական համալիրի երգչախումբը ստեղծվել է  2013 թվականի տարեվերջին՝  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի  կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երգչախմբում ընդգրկված են շնորհալի երեխաներ վանական համալիրի հարակից Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր, Սվարանց եւ Խոտ համայնքներից:

 

Երգչախումբն արդեն իսկ հանդես է եկել մի շարք եկեղեցիներում: Միքայել վարդապետ Գեւորգյանի ղեկավարությամբ կատարվել են  ուխտագնացություններ նաեւ Էջմիածին, Երեւան եւ Արցախ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին