Փրկված գրքեր. Գողգութի Ավետարան - Mediamax.am

exclusive
2751 դիտում

Փրկված գրքեր. Գողգութի Ավետարան


Գողգութի Ավետարանը
Գողգութի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գողգութի Ավետարանը
Գողգութի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը գանձ համարելու մոտեցումը հայության շրջանում դարերի դրսեւորում ունի եւ հատկապես ցայտուն է դարձել տեղահանությունների ու Ցեղասպանության ընթացքում։ Գիրքը՝ առավելաբար Ավետարանն ու Նարեկը կյանքի գնով փրկելու փաստական պատմությունները հաշվվում են ոչ թե մեկ-երկուսով, այլ տասնյակներով։ Թերեւս բոլոր հրաշագործ կամ խնդրակատար Ավետարանները անցել են փրկության այդ ուղին եւ ավելի զորացել ու երկյուղածության մղել ոչ միայն հավատավոր հայությանը, այլեւ այլադավան օտարերկրացիներին։ Նմանօրինակ մի քանի Ավետարանների պատմությունը կներկայացնենք Մեդիամաքսի նոր շարքում։

 

Կարդացեք շարքի առաջին եւ երկրորդ հոդվածները:

 

Դեռ վաղ ժամանակներից հայերը մեծ հավատ են ունեցել գրքի հանդեպ: Եվ ամեն անգամ տեղահանությունների ժամանակ իրենց անձից ավել գնահատել են գրքերն ու նրանց փրկությունը: Հատուկ վերաբերմունք է դրսեւորվել, իհարկե, հրաշագործ Ավետարանների հանդեպ, որոնք փրկել են գաղթի ճանապարհը բռնած հարյուրավոր հայերի կյանքեր:

 

Շատ ավետարաններ, որոնք անցել են գաղթի ճամփան, հանձնվել են Մատենադարան, հարյուրավորներն էլ մնացել են հենց ժողովրդի մեջ՝ տոհմում փոխանցվելով սերնդեսերունդ, դառնալով պահապան եւ փրկիչ ամեն մի դժվար իրավիճակում եւ հիվանդության ժամանակ:

 

Տոհմական ավետարանները, որոնք մեծամասամբ բերվել են Արեւմտյան Հայաստանից, միշտ գաղտնի են պահվել՝ տան որեւէ անկյունում, քանի որ ԽՍՀՄ տարիներին հավատքի որեւէ դրսեւորում չէր խրախուսվում: Չնայած դրան մարդիկ պահպանեցին իրենց հավատը Աստծո եւ Ավետարանի հանդեպ, սակայն երկյուղը, որ մի օր գիրքը իրենցից կվերցնեն, չի անցնում մինչ օրս: Այդ իսկ պատճառով բազմաթիվ ավետարաններ թեպետ հայտնի են իրենց հրաշագործություններով, բայց անհայտ են մնում անցած ճանապարհով:

 

Թովմասյանների ընտանիքը Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից իր հետ գաղթի ժամանակ Հայաստան բերեց Գողգութի Ավետարանը, որը, ըստ տոհմի տարեցների, Ալաշկերտ էր հասել Երուսաղեմից (Գողգոթայից) Տեր Ավետիս քահանա Հարությունյանի միջոցով: Տեր Ավետիսը երկար ժամանակ ծառայել է Ալաշկերտի եկեղեցում: Սակայն հոգեւորականը, ինչպես նաեւ մյուս տղամարդիկ, չի փրկվել թուրքական յաթաղանից։ Այնուամենայնիվ, Թովմասյանների ընտանիքի կանայք հասցրել են փրկել Ավետարանը եւ Տեր Ավետիսի խաչը: Նրանք իրենց գլխաշորերով փաթաթել են Ավետարանը, դրել երեխայի բարուրի մեջ եւ անցել Արաքսը: Սակայն գետն անցնելիս գիրքը կորցրել են: Վերգտել են` երազում տեսնելով, թե որտեղ է գիրքը։ Ստիպված են եղել վերադառնալ ու փնտրել-գտնել Ավետարանը ափամերձ մի քարի մոտ:

Գողգութի Ավետարանը Գողգութի Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավետարանը հիմա մեր տանն է գտնվում՝ Աշտարակի շրջանի Աղցք գյուղում: Սակայն նախկինի պես վախենում ենք շատ խոսել Ավետարանի մասին: Նախքան ամուսնությունս չէի հավատում Աստծուն: Կոմերիտմիության շարքերն անցնելիս գրել էի` երդվում եմ պայքարել կրոնական նախապաշարմունքների դեմ: Բայց Ավետարանը հենց ինձ հետ հրաշագործություն կատարեց՝ ես հավատում եմ: Ընտանիքս էլ պաշտպանված է, առողջ ու հաջողակ: Պատահել է աննկարագրելի վտանգավոր վթարի են ենթարկվել, բայց իրենց ոչինչ չի եղել։ Ուղղակի հրաշք է։ Բոլոր նրանք, ովքեր հավատքով գալիս են Ավետարանին ուխտի, բուժվում են, խնդրանքն էլ ի կատար է ածվում»,- Մեդիամաքսի հետ զրույցում պատմեց Թովմասյանների կրտսեր որդու կինը՝ Քրիստինե Մելքոնյանը:

 

Գողգութի Ավետարանի ուխտի օրը Զատիկին հաջորդող կիրակին է՝ Կրկնազատկի օրը: Այդ օրը Թովմասյանների տան հարեւանությամբ կառուցված սենյակը, բակն ու այգին մարդաշատ է լինում` մեկտեղվում են տարբեր գյուղերի բնակիչներ, որոնցից ամեն մեկն իր խնդրանքն ու երախտիքն է հայտնում Ավետարանին ուխտի օրը։

 

«Գալիս են ամենատարբեր մարդիկ ու դիմում ամենատարբեր խնդրանքներով։ Որպես երախտիք էլ խաչեր են բերում, մատաղ անում: Շատերը, այստեղ երբեք չեղած, երազում տեսնում են, որ պետք է գան Ավետարանին ուխտի: Պատահել է նույնիսկ, վիրահատության ժամանակ տեսիլք են ունեցել, որ ուխտի պետք է գան: Եկել են, մոմ վառել, շնորհակալություն հայտնել Ավետարանին: Ամենամանր ու մեծ հարցերի լուծում ունի Ավետարանը: Երկյուղում եմ երբեմն ինքս խնդրել Ավետարանից՝ վախենալով սխալվել. չէ՞ որ ամեն ինչ իրականանում է՝ հավատքով խնդրելու դեպքում»,- անկեղծանում է Քրիստինե Մելքոնյանը։

 

Անուշ Պետրոսյան                    

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին