Պատչ Ադամս. Այստեղ ենք՝ սիրելու հայ ժողովրդին - Mediamax.am

14945 դիտում

Պատչ Ադամս. Այստեղ ենք՝ սիրելու հայ ժողովրդին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի  հիմնադիր Պատչ Ադամսը (Հանթեր Դոհերթի Ադամս) այսօր ժամանել է Հայաստան: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կազմակերպած մեկշաբաթյա այցի ընթացքում Պատչ Ադամսը, հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում կայցելի մանկատներ ու մանկական հիվանդանոցներ:

 

Նա դասախոսություններ կկարդա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Մինչ այդ, «ծիծաղով ապաքինող բժիշկը» Երեւանում այսօր հանդիպել է լրագրողներին, պատմել ծիծաղով բժշկելու, մարդկանց հանդեպ ունեցած մեծ սիրո եւ առանց տառապանքի ապրելու իր բանաձեւի մասին:

 

«Մենք այստեղ ենք՝ սիրելու հայ ժողովրդին: Իհարկե, կհանդիպենք նրանց, ովքեր ամենաշատն են տառապում: Ես հենց տառապողների կողքին եմ ցանկանում լինել: Տեսարժան վայրերն ինձ շատ չեն հետաքրքրում: Երբ ես մտնում եմ հիվանդանոց, առաջին բանը, որ հարցնում եմ, այս է. «Ո՞վ է ամենաշատը տառապում, ո՞ւմ վիճակն է ամենավատը»: Ոչ թե, որովհետեւ կարծում եմ, որ գիտեմ՝ ինչպես է պետք նրանց օգնել, այլ որովհետեւ չեմ վախենում լինել նրանց կողքին: Իսկ երբ օգնում ես, դա հրաշալի զգացողություն է»,- ասել է Պատչ Ադամսը:

 

Երախտագիտության օվկիանոսը

 

Երկու շաբաթից կդառնամ 70 տարեկան, 18 տարեկանում որոշեցի, որ այլեւս ծանր կամ դժվար օր չեմ ունենալու: 52 տարի է՝ վատ օր չեմ ունեցել: Ես նետվել եմ երախտագիտության օվկիանոսը եւ այդ օվկիանոսից դեռ չեմ կարողանում դուրս գալ: Ես ինքս ինձ եմ կերտել: Յուրաքանչյուրիս կյանքում պահ է գալիս, երբ մարդը որոշում է, թե ով է ցանկանում լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես մտավորական եմ, գրադարանս 40 հազար գիրք է կազմում: Հեռուստացույց չեմ նայում տարիներով: Հեռուստացույցի պատճառով իմ երկրում հիմար մարդիկ են ապրում: Այսօր սովորական է դարձել ամբողջ աշխարհում բողոքելը, տոնելն այլեւս սովորական չէ: Բոլոր լուրերը վատ բաների մասին են, ինչն էլ մարդկանց գցում է դեպրեսիայի մեջ:

 

Իմ տեսած որեւէ գրականության մեջ գրված չէ, թե ինչպես ենք մենք, որպես մարդկություն, գոյատեւելու մինչեւ այս դարի վերջը: Ես, օրինակ, աշխատելու եմ սիրել:

 

«Բժիշկ Ադամսը» ֆիլմը

 

10 օր ապրել եմ Ռոբին Ուիլյամսի հետ: Եկել էր տեսնելու իմ կատարումները: Երկար ժամանակ անցկացրել եմ նրա շարժական վագոնում: Նա չափազանց ինտրովերտ էր, իսկ ես՝ չափազանց էքստրավերտ:

 

Ես ներողություն եմ խնդրում, որ ես ֆիլմը չեմ: Հիասթափված էի սկզբում, խայտառակություն էր, քանի որ մի ֆիլմ իմ մասին, որում չէր նշվում խաղաղությունն ու արդարադատությունը, բացառապես իմ մասին չէր: Այսօր մոլորակի վրա սիրո եւ խնամքի սով կա, որ նման պրիմիտիվ ֆիլմն այսքան մեծ ազդեցություն է կարողացել գործել: Հազվադեպ են սերը քարոզող ֆիլմերը:

 

Կանայք ու տղամարդիկ

 

Մարդկանց պատմության մեջ սիրո մեծ մասը եկել է կանանցից: Անկախ այն փաստից, թե որքան սարսափելի է եղել տղամարդկանց վերաբերմունքն իրենց կանանց հանդեպ, այդ կանայք ամուր սիրել են իրենց երեխաներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տղամարդկանց 85%-ը վտանգավոր են կանանց համար: Երբեւէ մի կին չի եղել, որ կվիճարկեր սա: Եթե մի բան կա, որ ձեզ դուր է գալիս իմ մեջ, դա ինձ փոխանցվել է մորիցս: Հայրս զինվոր էր, պատերազմում զոհվեց, երբ 16 տարեկան էի: Ինձ մեծ սեր է տվել իմ մայրը: Կանայք ավելի հակված են սիրո, եթե չեն վնասվում։ Բայց կան կանայք, ովքեր վնասվում են, տառապում, միեւնույնն է շարունակում են սիրել։ Նրանք ընտրում են սերը։

 

Մարդկանց մեծ մասը նյարդայնանում է, երբ խոսում ես սիրո մասին: Մենք պետք է հանձնվենք այն երեւույթներին, որոնք սիրում ենք, ոչինչ չունենալը դժոխք է: Մեզ կեղծ բաներ պետք չեն: Իսկ սերն այնքան հզոր է, որ կարող է բուժել:

 

Երեխաները

 

48 տարի է՝ որպես բժիշկ 4 ժամանոց հարցազրույցներ եմ անցկացնում հազարավոր հիվանդների հետ: Սիրո, անվտանգ զգալու, կյանքը վայելելու սով կա: Բոլորս կարող ենք դա անել: Որոշել, որ ցանկանում ենք եւ անել: Աշխարհի ամենաաղքատ երկրներում երեխաներն ավելի երջանիկ են, քան ԱՄՆ-ում: Երեխաներին տանում են տխուր դպրոցներ՝ տխուր կանոններով դաստիարակելու:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխարհում կան հիվանդ երեխաներ, ովքեր չեն կարող բուժվել, քանի որ գումար չունեն: Ես լուծում չունեմ: Պարզապես հենց դրա համար էր, որ ես բացեցի անվճար հիվանդանոց: Հարստությունը եւ հարուստները պետք է իրենցից ամաչեն: Մեկ պատճառ կա այսօր հարուստ լինելու՝ այդ պատճառը, սկզբունքորեն, ինչ-որ մեկին տալն է: Բոլորն ամբողջ աշխարհում պետք է ամաչեն, որ դպրոցի ուսուցիչն ավելի քիչ գումար է ստանում, քան մարզիկը: Դպրոցի ուսուցիչը մարդկության մշակույթի ամենակարեւոր մարդն է: Իսկ այսօր ամբողջ աշխարհում նրանք ստանում են ամենացածր աշխատավարձն ու ամենավատ վերաբերմունքը: Հիմարություն է, չէ՞: Արժեքը, որի վրա հիմնված է համակարգը, փողն ու իշխանություն է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը չհամաձայնի:

 

Դեպրեսիա

 

Ինչո՞ւ սերը կամ սիրո զգացմունքը չի հեղափոխվում: Հիմա բնակչությանը պահում են վախի, ձանձրույթի, միայնության մեջ: Դեպրեսիան հիվանդություն չէ, դեպրեսիան հորինել են դեղագործական կազմակերպությունները: Դեպրեսիան միայնության ախտանիշ է: Մարդու կյանքի ամենածանր փորձությունը սեր չզգալն է, սիրո չարժանանալը: Եթե ընկեր ունես, ապա երբեք դեպրեսիայի մեջ չես լինի: Եթե ընկեր ունես եւ ցանկանում ես լինել դեպրեսիվ, ընկերոջդ դնում ես պահարանի մեջ, դուռը փակում ու հետո ընկնում դեպրեսիայի մեջ: Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ: Նույնը կարելի է ասել եւ Աստծո մասին: Հայաստանը քրիստոնեական երկիր է: Քրիստոնյա նշանակում է սիրել Քրիստոսին: Ես ինչպե՞ս եմ հասկանում, որ տվյալ մարդը քրիստոնյա է. նա սովորաբար դեպրեսիվ չի լինում: «Այո, ես հավատում եմ Աստծուն», սրանք սովորական խոսքեր չեն, դա ազատության զգացում է, հավատքը ազատություն է, չես կարող հավատալ Աստծուն եւ լինել դեպրեսիվ: Սա է պատճառը, որ մարդիկ, ովքեր իմ երկրի կառավարությունում են այսօր, ցանկանում են, որ բոլորը դեպրեսիվ լինեն: Նույնիսկ, եթե ամեն ինչ ունես, միեւնույնն է՝ դեպրեսիվ ես:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես քրիստոնյայի հետ քրիստոնյա եմ, բուդդիստի հետ՝ բուդդիստ, աթեիստի հետ՝ աթեիստ, մահմեդականի հետ՝ մահմեդական:

 

Երջանիկներ եւ դժբախտներ

 

Միգուցե աշխարհի բնակչության 5%-ն է միայն երջանիկ: Մի մոռացեք, որ երջանիկ լինելը աշխարհի կառավարման միջոց է: Մի պատճառ կա չէ՞, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը՝ սերը, այլեւս ոչ մի տեղ չի քարոզվում: Ցավոք, ոչ մի դպրոց այսօր չի սովորեցնում սիրել: Մարդիկ, ովքեր այսօր աշխարհի տիրակալներն են, ավելի շատ սիրում են փող եւ իշխանություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրող մարդկանց դժվար է կառավարել ու վերահսկել, ավելի հեշտ է վերահսկել դժբախտներին: Ուրախությունը բիզնեսին ձեռնտու չէ: Այսօր աշխարհի վրա չկա առողջ որեւէ վայր: Բայց ընտրությունը միշտ կա, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պահի կարող է ընտրել փոփոխությունը եւ դառնալ երջանիկ: Ես հոռետես չեմ, փոխվելու համար երբեք ուշ չէ:

 

Պատչ Ադամսի մասին Մեդիամաքսի նախորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին