Անազատություն՝ ազատության մեջ - Mediamax.am

exclusive
2357 դիտում

Անազատություն՝ ազատության մեջ


Լուսանկարը`


Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ներդրվել է պրոբացիոն ծառայություն, եւ հունիսի 17-ին տրվել է պիլոտային ծրագրի մեկնարկը:  Մեդիամաքսը պարզել է, թե ինչ է իրենից ներկայացնում այս ծառայությունը, ինչ խնդիրներ է լուծում եւ ինչ ռիսկեր է պարունակում:

 

Պրոբացիոն ծառայության ներդրումը մի շարք խնդիրներ է լուծում

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասում է, որ պրոբացիայի ծառայության ներդրումը մի շարք խնդիրներ է լուծում: Նախ, այն երաշխավորում է դատապարտյալի վերականգնումն ու վերաինտեգրումը: Երկրորդ, նպաստում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերի եւ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության նվազեցմանը:

 

Երրորդ, ՀՀ-ում քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունումը հանգեցնում է պրոբացիայի ծառայության ստեղծման անհրաժեշտության, պարզաբանում է փոխնախարարը:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Պրոբացիան ազատազրկման այլընտրանք է այնպիսի իրավախախտների համար, որոնք հասարակության անվտանգության համար գնահատվել են ցածր ռիսկային:

 

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ, քրեական արդարադատության ոլորտի հոգեբան Արշակ Գասպարյանն էլ նշում է, որ պրոբացիոն ծառայության առկայության դեպքում դատավորի ծանրաբեռնվածությունը թեթեւանում է, քանի որ պրոբացիոն ծառայությունը դատավորին ներկայացնում է դատապարտյալին նկարագրող փաստաթուղթ, որն օգնում է նրան դատավճիռ կայացնելու հարցում:

 

Դատապարտյալների երկու երրորդը` պրոբացիայի ծառայության շահառու

 

Սուրեն Քրմոյանն ասում է, որ պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդրվելու է փուլային տարբերակով: Նրա խոսքով՝ պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգով տարբերակում չի դրվում կոնկրետ հանցագործությունների տեսակի կամ անձանց թվաքանակի միջեւ:

 

«Որպես ուղենիշ կարելի է ընդունել այն ցուցանիշը, որ ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործություններ կատարած եւ ներկայում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց շուրջ երկու երրորդը կլինի պրոբացիայի ծառայության շահառու»,- ասում է արդարադատության փոխնախարարը:

 

Արշակ Գասպարյանն էլ ընդգծում է, որ պրոբացիոն ծառայությունը չի ստեղծվում որպես համաներում կամ պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտ: Այս ծառայությունը ստեղծելու արդյունքում որեւէ մեկի նախկինում կրած պատիժը որեւէ կերպ չի փոփոխվելու:

 

«Նախատեսում ենք աշխատել Երեւանի Շենգավիթի տարածաշրջանում եւ Վանաձորում, բայց, բնականաբար, եթե տեսնենք, որ ներգրավված պիլոտային անձնակազմի հնարավորությունները թույլ են տալի, ապա նրանք կսպասարկեն նաեւ այլ տարածքներ»,- նշում է Եվրոպայի խորհրդի` «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը:

 

Նա ասում է, որ ծրագրի շրջանակում մշակվել է պրոբացիոն պետական ծառայության մասին համապարփակ օրենքի նախագիծ: Արդարադատության նախարարությունը նախատեսում է այն սեպտեմբերին ներկայացնել Ազգային ժողով: Պրոբացիոն ծառայության ամբողջական ներդրումը նախատեսվում է 2016-ից:

 

Ծառայության ներդրումը տնտեսապես արդյունավետ է

 

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ պրոբացիայի ծառայության ներդրումը արդյունավետ է նաեւ տնտեսապես, քանի որ էականորեն կրճատվելու են պետության կողմից կատարվող ծախսերը:

 

«Պրոբացիայի ծառայության պահպանման տարեկան ընդհանուր ծախսը առաջին տարում կկազմի մոտ 841 270 000 դրամ: Այս այն դեպքում, երբ մոտ 351 950 000 դրամը լինելու է մեկանգամյա ծախս` նկատի է առնվում ավտոմեքենաների, համակարգչային տեխնիկայի եւ էլեկտրոնային վերահսկողության սարքավորումների ձեռք բերման համար նախատեսված ծախսերը: Այսինքն` պրոբացիայի ծառայության գործունեությունն ընդհանրապես ապահովելու համար անհրաժեշտ է լինելու մոտ 489 320 000 դրամ: Այսինքն` պրոբացիայի տակ գտնվող անձի վրա կատարվելիք ծախսը ենթադրյալ 4000 անձի դեպքում կազմելու է տարեկան 122 300 դրամ կամ օրական մոտ 335 դրամ»,- ասում է նախարարի տեղակալը:

 

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ

հանցագործին բանտարկվելով՝ տուժողի կրած վնասը չի փոխհատուցվում: 

 

Նրա խոսքով` պրոբացիոն ծառայության ներդրումը ոչ միայն նախատեսում է անձի վերականգնումը հասարակությունում (rehabilitation), այլեւ նրա կողմից տուժողին եւ համայնքին պատճառած վնասի փոխհատուցման արդարադատությունը (restorative justice):

 

Հնարավոր խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը

 

Արշակ Գասպարյանը պրոբացիոն ծառայության ներդրման հարցում կարեւորում է հասարակության դիրքորոշումը:

 

«Պրոբացիոն ծառայությունը կարող է առաջացնել չպատժվելու պատրանք, քանի որ հանցագործություն կատարած անձն ազատազրկված չէ: Սակայն պրոբացիոն ծառայության սոցիալական աշխատողի կողմից հանցագործություն կատարած անձի եւ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը (ընդհուպ ընտանիքին առնչվող հարցերում) ենթադրում է նաեւ վերահսկողությունից դուրս մնացած կամ վերահսկողության պայմանները խախտած անձանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք, ներառյալ միջնորդություն դատարանին՝ ազատազրկումը վերականգնելու վերաբերյալ»,- ասում է Արշակ Գասպարյանը:

 

Արդարադատության փոխնախարարը, իր հերթին, ընդգծում է, որ պրոբացիոն ծառայությունը գործելու է առանձին՝ քրեակատարողական համակարգից անկախ:

 

«Պրոբացիոն ծառայության աշխատողները եւս պետք է օժտվեն անկախության որոշ երաշխիքներով: Այսինքն, վերջիններս հանդես չեն գալու մեղադրանքի կամ պաշտպանության կողմում, ինչը, կարծում ենք, նպաստելու է կոռուպցիոն ռիկսերի նվազեցմանը: Պրոբացիոն ծառայության կողմից նախապատրաստվող զեկույցները կրելու են խորհրդատվական բնույթ, պարտադիր չեն լինելու նախաքննություն իրականացնող մարմնի, դատախազի եւ դատարանի համար, ինչը եւս նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը»,- ասում է փոխնախարարը:

 

Իսկ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը Արշակ Գասպարյանը տեսնում է էլեկտրոնային համակարգերի ներդրման եւ մարդկային գործոնի նվազեցման միջոցով:

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին