ՀՔԾ. Ոստիկանությունը լրագրողների նկատմամբ գործադրել է բռնություն - Mediamax.am

4952 դիտում

ՀՔԾ. Ոստիկանությունը լրագրողների նկատմամբ գործադրել է բռնություն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը լրագրողների եւ քաղաքացիների նկատմամբ գործադրել է բռնություն:

Այս մասին ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:

 

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015թ. հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում եւ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների եւ իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

 

Քննչական ծառայությունում նշել են, որ բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին