Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումը կարգելվի օրենքով - Mediamax.am

exclusive
8668 դիտում

Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումը կարգելվի օրենքով


Լուսանկարը` REUTERS


ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ին հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հաստատումից հետո, սահմանված կարգով, օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:

 

Մեդիամաքսն անդրադարձել է կատարվելիք փոփոխություններին, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

 

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության համաձայն, յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք: Այդ իրավունքի սահմաններում կինը կարող է դիմել հղիության արհեստական ընդհատման հետեւյալ ճանապարհով՝

 

- մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետի դեպքում պտղի հեռացումը  կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն, իսկ բժշկական ցուցումների դեպքում՝ մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը, ընդհատումն իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ:

 

- 12-22 շաբաթական հղիության ժամկետի դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

 

Նախագծով օրենսդրորեն արգելվում է  սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը մինչ օրս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ:

 

Մասնավորապես՝ 12-ից մինչեւ 22 շաբաթական ժամկետում բժշկի կողմից ցուցումների բացակայության, ինչպես նաեւ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն արգելվում է:

 

Նախագծում նշվում է նաեւ, որ հղիության ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` 3 օր ժամկետով:

 

Ի տարբերություն դեռեւս գործող օրենքի՝ նախագծում հստակեցված է նաեւ հղիության արհեստական ընդհատման վայրը, որը պետք է իրականացվի միայն մանկաբարձական եւ գինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:

 

Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն՝ ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվում կնոջ ստորագրությամբ: Ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց հետո բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվում կնոջ ստորագրությամբ: Վերոնշյալ դրույթների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված  պատասխանատվություն:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, նախագիծը միտված է հղիության չհիմնավորված, ներառյալ՝ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը. «Նախագծով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման համար ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվություն է սահմանվում բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատման օրենքի պահանջները խախտելու համար»:

 

Ինչպես արդեն նշեցինք, նախագծային փաթեթի մաս են կազմում նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները: Մասնավորապես, բժիշկի կողմից հղիության արհեստական ընդհատում  կատարելուց առաջ եւ հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու համար նախատեսվում է պատասխանատվություն հետեւյալ դեպքերում՝

 

- բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:

 

- բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ)  անմիջապես հետո կնոջը  անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:

 

- բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից 100-ապատիկի չափով:

 

Օրենքով թույլատրված դեպքերում, հղիության արհեստական ընդհատում իրականացնելիս, բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը եւս առաջացնում է տուգանքի նշանակում:

 

Վերոնշյալ կարգավորումները ուժի մեջ կմտնեն օրենսդիր մարմնի կողմից ընդունվելուն, ապա նաեւ պաշտոնապես հրապարակվելուն հաջորդող 10-րդ օրը:

 

Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից: Արդեն մի քանի տարի է՝ նախարարության եւ այլ կառույցների կողմից քննարկվում էր վերոնշյալ օրենքներում փոփոխությունների հարցը, որոնք, սակայն, ճանապարհին հանդիպում էին խոչընդոտների՝ ստանալով տեղական, միջազգային կառույցների բացասական եզրակացությունները:

 

ՀՀ առողջապահության նախարարության մեկնաբանությամբ, նոր մշակված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումների ոլորտը կարգավորող օրենսդրության առկա բացերը լրացնելու անհրաժեշտությունից:

 

Հավելենք նաեւ, հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարելը քրեականացված է եւ առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչեւ ազատազրկում, սակայն հղիության արհեստական ընդհատման գործընթացին ներկայացվող պահանջների խախտման համար վարչական  պատասխանատվություն սահմանված չէ: Մինչդեռ, վերը ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը օրենքով ամրագրել, ինչպես նաեւ այլ օրենսդրական լրացուցիչ կարգավորումների եւ մեխանիզմների միջոցով բարելավել ոլորտում գրանցված ցուցանիշները:

 

Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների արդյունքում ստեղծված անհավասար պատկերի, նախկինում պատկան մարմինների կողմից կատարված քայլերի եւ ՀՀ ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխության վտանգի մասին կարող եք կարդալ Մեդիամաքսի նախորդ հրապարակումներում՝ Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ եւ Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ. Մաս 2:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին