Արեւմտահայերենի փրկության բանալին [Արեւելյան] Հայաստանում է - Mediamax.am

exclusive
3326 դիտում

Արեւմտահայերենի փրկության բանալին [Արեւելյան] Հայաստանում է


Լուսանկարը` Nina Stössinger


Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում հուլիսի 29-30-ն անցկացվեց «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, որին աջակցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:

 

Համաժողովին առաջարկվել է երեք հանձնախումբ ստեղծել, որոնք կզբաղվեն արեւմտահայերենի պահպանության, լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղիների որոնմամբ, եւ միասնական ուղղագրության անցնելու հարցերով: Հանձնախմբերում կընդգրկվեն հայաստանյան եւ սփյուռքի մտավորականներ: Այդ հանձնախմբերի ստացած արդյունքները կամփոփվեն եւ կքննարկվեն առնվազն 6 ամիսը մեկ:

 

Համաժողովի արդյունքների եւ հայոց լեզվի շուրջ առկա խնդիրների վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ:

 

Արեւմտահայերենի պահպանություն

 

Արդեն 100 տարի է, որ արեւմտահայերենը իր բնականոն զարգացման հնարավորությունը չունի: Ցեղասպանության հետեւանքով հայերենի այս ճյուղն օգտագործողները, այդ թվում՝ գրողները, սպանվեցին կամ հայրենազուրկ դարձան՝ իրենց հետ տանելով արեւմտահայերենը: Լեզվի այս ճյուղը սկսեց կիրառվել սփյուռքում, որը մեկ միասնական տարածք չէ, ինչի հետեւանքով արեւմտահայերենը ծվեն-ծվեն եղած է գործառվում, չի կարողանում միասնական զարգացում ունենալ:

 

Նոր պայմանները թելադրում են, որ սփյուռքում ապրող հայ երիտասարդները ավելի շատ մղվեն օտար լեզվով կրթության եւ շփման: Արեւմտահայերենը դարձել է երկրորդական խնդիր, ուստի դրա պահպանումը գնալով հրատապ է դառնում:

 

Ճիշտ է՝ տեղի կազմակերպություններն ու նախարարությունը տարբեր ծրագրեր են իրականացնում, բայց այդ ամենը չեն կարող դիմագրավել նահանջին:

 

Համաժողովի բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ արեւմտահայերենի պահպանության միակ ուղին Հայաստանում գործածության եւ տարածման հնարավորություններ ստեղծելն է:

 

Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, որը միայն գրական արեւելահայերենը չէ: Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, բարբառների ամբողջությունն է մեր պետական լեզուն: Այսինքն, իրավական բոլոր հիմքերը կան արեւմտահայերենը գործածության մեջ դնելու համար: Պետական լեզվի բոլոր գործառույթները պետք է դրվեն նաեւ դրա վրա: Թերեւս, այդ ուղիով հնարավոր կլինի այն տարածել Հայաստանում, ինչը կնշանակի նորմալ կիրառում եւ զարգացում, եւ այստեղից ավյուն կգնա սփյուռք:

 

Առաջարկ եղավ Հայաստանում արեւմտահայերենով բուհ ստեղծել, որտեղ տարբեր մասնագիտությունների գծով ուսուցումը կլինի արեւմտահայերենով: Դա կնպաստի, որպեսզի արեւմտահայերենը դառնա բարձրագույն կրթության, գիտության լեզու: 

 

Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրները

 

Հայերենը միասնական լեզու է, երկու ճյուղերը պետք է մեկ միասնություն ընկալվեն եւ միաժամանակ զարգացում ապահովվի: Իրարից հեռացումը կամ նահանջը հղի է մի շարք վտանգներով, այդ թվում՝ ազգային ինքնագիտակցության կորստով:

 

Այս երկու ճյուղերի միջեւ կամուրջներ ձգելու խնդիր կա: Անհնար է, որ այս երկուսը միաձուլվեն եւ նոր գրական հայերեն ստացվի: Կարծիք կա, որ պետք է երկուսի համընթաց զարգացում ապահովել, փոխներթափանցումներ կատարել, որպեսզի երկու ճյուղերը փոխադարձաբար հարստացնեն իրար: Այսպես մտածում էին դեռեւս 20-րդ դարի սկզբին: Այն ժամանակ մտավորականներն ասում էին, որ հայերենի երկու ճյուղերի առկայությունը լեզական հարստություն է, երկուսն էլ պետք է զարգացնել, բայց չձուլել:

 

Ինչ վերաբերում է քերականական փոխներթափանցումներին, ապա դրանք չեն էլ կարող լինել, քերականություն հնարավոր չէ ստեղծել եւ պարտադրել:

 

Հիմնականում խոսքը բառապաշարային փոխներթափանցման, միասնական տերմինային համակարգի ստեղծման եւ զարգացման մասին է: Իսկ նոր ստեղծվող տերմինները կարող են երկուսի համար ընդհանուր լինել:

 

Միասնական ուղղագրություն

 

Անհեթեթություն է, երբ մի լեզու ունի երկու ուղղագրություն: Տարբեր ուղղագրություններ ունենալը ազգի պառակտման կարող է բերել: Համաժողովին չի առաջարկվել միանգամից դասական կամ գրական հայերենի ուղղագրությունն ընդունել: Առաջարկվեց ստեղծել հանձնախումբ, որը կդիտարկի ուղղագրության ամբողջ պատմությունը, երկուսի առավելությունները: Թերեւս, դասականի հիմքի վրա կմշակվի նոր ուղղագրություն: Այդ տարբերակը պետք է լայն քննարկման դրվի, որից հետո եւ Հայաստանում, եւ Սփյուռքում աստիճանաբար կանցնենք միասնական ուղղագրության: Այդ հարցը չի կարելի թողել սերունդներին:

 

Մենք ունենք դասական ուղղագրություն, որն իր մեջ հսկայական գիտելիքներ եւ լեզվի պատմություն է պարունակում: Ինչո՞ւ պետք է հրաժարվենք այդ գիտելիքներից, ինչ է թե նոր ուղղագրությունը հեշտ է: Չէ՞ որ գիտելիքը երբեք էլ հեշտ չէ, չպետք է գնալ հեշտի, մակերեսայինի հետեւից: Պետք է ուղղակի քննարկումներ կազմակերպել, լսել բոլոր կողմերի առաջարկները,  փաթեթ պատրաստել եւ հանգել այնպիսի եզրակացության, որ կբավարարի բոլորին: Սա միանգամյա հրամանագրով լուծելու հարց չէ եւ աստիճանաբար պետք է արվի:

 

Հասարակությանը պետք է բացատրել՝ ինչի համար է դա արվում, ներկայացնել հետեւանքները: Սովետական տարիներից մնացած վախ կա դասական ուղղագրության հանդեպ, բայց դա ինձ համար անհասկանալի է: Այդ կարծրացած մտածելակերպը մնացել է՝ առանց հարցին բոլոր կողմերից մոտենալու: Երկու հակամարտ կողմեր են ձեւավորվել, որոնց պետք է հաշտեցնել: Եվ դասական, եւ գրական ուղղագրությունները մեր լեզվի արժեքներն են, մեր մշակույթն է, պետք է այնպես անել, որ այդ երկուսի խառնուրդով միասնական ուղղագրություն ունենանք: Լավ է այն ուղղագրությունը, որը ոչ թե ուղիղ ձեւով ներկայացնում է արտասանությունը, այլ այն, որը գիտելիք է պարունակում: Այս նոր ուղղագրությունն իրականում հետընթաց էր, որը տանում էր «ինչպես խոսում ենք, այնպես գրենք» տարբերակին:

 

Հասարակությունը պետք է իմանա նաեւ, որ անցումը միանգամից չի լինելու: Հնարավոր է դպրոցում զուգահեռաբար անցնեն երկու ուղղագրություններն էլ, ապա սահուն անցում կատարվի ստեղծվելիք միասնականին:

 

Արհեստածին պատկերացում է այն, որ եթե ուղղագրությունը փոխենք, բոլորը կդառնան անգրագետ: Դպրոցում երեխային ինչ սովորեցնում ես, այն էլ սովորում է:

 

Հայերենի բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին

 

Խորհրդային տարիներին կառավարությանը կից Տերմինաբանական կոմիտե ունեինք, ապա այն մտել է Լեզվի տեսչության կազմ եւ վերանվանվել Հայերենի բարձրագույն խորհուրդ: Փորձը ցույց է տվել, որ այդ համակարգում այն չի կարող աշխատել, մարել է: Այժմ ջանքեր ենք գործադրում այդ խորհուրդը ստեղծելու ուղղությամբ, որը կզբաղվի նորմերի կանոնակարգմամբ: Լեզվական բարձրագույն մարմինը կգտնի ճիշտ տարբերակները եւ կառաջարկի հանրությանը: Այս խորհուրդը կարող է ուղղորդել գրական հայերենի հետագա զարգացումը, այժմ դրա կարիքը շատ մեծ է: Լեզուն որոշ իմաստով անկառավարելի վիճակում է, իսկ այդ խորհուրդը կարող է հարցերը լուծել:

 

Ուզում եմ նաեւ նշել, որ լեզուն ազգի համար շատ կարեւոր է: Եթե չկա լեզվական միասնություն, ազգային միասնություն լինել չի կարող: Պետք է մի կողմ թողնել սեփական հավակնությունները եւ միայն այն մեկնակետից ելնել, որ պետք է լեզվի միջոցով պահպանել ազգի միասնականությունը: Պետք է ամբողջ հասարակությունն ու պետական համակարգը նախանձախնդիր լինեն գրական հայերենի անաղարտության պահպանության հարցում:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին