Լիբանանի հայ պատանիները խմբագրում են Արեւմտահայերեն Վիքիպեդիան - Mediamax.am

exclusive
2551 դիտում

Լիբանանի հայ պատանիները խմբագրում են Արեւմտահայերեն Վիքիպեդիան


Լուսանկարը` http://www.ragmamoul.net/


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 3-12-ը Լիբանանի Զմմառ քաղաքում կազմակերպված Վիքիճամբարում 10 լիբանանահայ վարժարանների 43 աշակերտներ խմբագրում են Արեւմտահայերեն Վիքիպեդիան:

15-18 տարեկան լիբանանահայ պատանիների մասնակցությամբ ընթացքող Վիքիճամբարը անցկացվում է «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության կողմից՝ Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման ծրագրի շրջանակում:

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, որը Լիբանան է մեկնել լիբանանյան անդրանիկ Վիքիճամբարի աշխատանքները կազմակերպելու համար, Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմում է, որ պատանիները մեծ ոգեւորությամբ են խմբագրում Վիքիպեդիան:

 

«Նրանք ուզում են խմբագրել անգամ հանգստի ժամերին: Առհասարակ երեւույթը համայնքում մեծ արձագանք է գտել: Առաջին անգամ է, որ կողք կողքի են հավաքվում քաղաքական եւ կրոնական տարբեր պատկանելիություն ունեցող մասնակիցներ: Ծնողները նույնպես շատ ոգեւորված են եւ սիրով են մասնակցում հանդիպումներին»,-ասում է նա:

 

Պատանիների համատեղ ջանքերով Արեւմտահայերեն Վիքիպեդիան հարստացել է  շուրջ 700 հոդվածով։ «Առաջին օրերի համար նախապատրաստել էինք ցանկեր եւ տեքստեր Վիքիդարանում տեղադրելու համար, այնուհետեւ երեխաները սկսեցին խմբագրել ազատ թեմաներով՝ թարգմանելով անգլերենից, ֆրանսերենից կամ փոխարկելով արեւելահայերենից»,- նշում է «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահը:

 

Սուսաննա Մկրտչյանի հետ Հայաստանից Լիբանան են մեկնել 4 պատանիներ, ովքեր հայաստանյան Վիքիճամբարի լավագույն խմբագիրներ էին ճանաչվել: Լիբանանյան ճամբարում լավագույն արդյունքներ ցուցաբերած պատանիները կմեկնեն Հայաստան եւ կմասնակցեն Աղվերանում անցկացվող Վիքիճամբարի աշխատանքներին:

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման հիմքը դրվել է 2014թ. Վանաձորի Վիքի ճամբարի ընթացքում։ Լիբանանյան Վիքիճամբարի կազմակերպմանը աջակցել է  «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը»:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին