Իէն Գիլանը հայերի, հոգու, երազանքի եւ անվերջության մասին - Mediamax.am

exclusive
27159 դիտում

Իէն Գիլանը հայերի, հոգու, երազանքի եւ անվերջության մասին


Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` REUTERS

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս


1989 թվականից ի վեր, երբ համաշխարհային ռոքի լեգենդ, Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանը մասնակցեց Rock Aid Armenia նախագծին, նա կապված է Հայաստանի եւ հայերի հետ:

 

1990 թվականին Իէն Գիլանը չորս համերգ տվեց Երեւանում: 2009 թվականին նա վերադարձավ Հայաստան՝ Մեդիամաքսի եւ Do Something կազմակերպության նախաձեռնած Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

 

2010 թվականին Իէն Գիլանը երկու անգամ այցելեց Հայաստան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երկու բարեգործական համերգների եւ Deep Purple-ի համերգի համար:

 

Իէն Գիլանը վերջին այցը Հայաստան կայացավ 2013 թվականի սեպտեմբերին, երբ նա մասնակցեց Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծերի շրջանակում վերակառուցված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը:

 

2014 թվականի մայիսին Նյու-Յորքում Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Իէն Գիլանին շնորհվեց «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը:

 

2015 թվականի հունվարին Իէն Գիլանը նամակ գրեց գյումրեցիներին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո:

 

***

2010 թվականին Մեդիամաքսը նկարահանեց Իէն Գիլանի եւ Հայաստանի կապի մասին պատմող «Pictures of Home» Ֆիլմը:

 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ Իէն Գիլանի հարցազրույցից, որը օգտագործվել է ֆիլմում:

 

***

 

Ժամանակի եւ անցավորների մասին

 

Ժամանակն է մեծագույն բժիշկը, իսկ երաժշտությունն էլ նրա ուղեկիցն է: Մենք վշտանում ենք, երբ դժբախտություն է պատահում: Մենք վշտանում ենք մեզ համար, ոչ թե հեռացածների: Դա կորստի ցավն է: Մեծագույն վիշտ է, երբ կորցնում ես բարեկամիդ, կամ ընկերոջդ, կամ մտերիմներիդ: Հեռացած մարդիկ այլեւս չեն տառապում: Իրենց հոգին այլ տեղ է: Եվ հենց այն կապը, որ մենք ունենք ողջ մարդկության հետ, ցավ է պատճառում: Ժամանակ է հարկավոր այն բժշկելու համար:

 

Հայաստանի մասին

 

Մարդկային էության բարդությունը ճանաչողական գործընթաց է, որ օգնում է ընկերներ ձեռք բերել կամ բարդ իրավիճակներ զգալ: Երբ մտնում ես սենյակ, սկսում ես զգալ նրա մթնոլորտը` արդյո՞ք այն բարեկամական է, թե ոչ:  Որոշ մարդիկ եւ մշակույթներ ավելի զգայուն են, քան ուրիշները:

Իէն Գիլանը Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ես մի մեծ կապ եմ զգում իմ իրական հոգու հետ: Շատ հյուրասեր, չափազանց բաց... Շատ ուժեղ զգացողություն է, երբ քեզ ճանաչում են: Դու շատ վստահ ես զգում քեզ: Ուժ ես ստանում: Եվ զգում ես, որ ընդունված ես: Բնականաբար, երբ գնում ես մեկի տուն, դուռը բաց են անում, քեզ ներս են հրավիրում: Կերակուր են առաջարկում: Ընկերակցում են: Զրուցում են: Դա մեծապես գնահատելի է: Իրապես հեշտ է բարեկամանալ Հայաստանի եւ հայերի հետ:  Հեշտ է: Դուք եք դա հեշտացնում: Դուք ունեք ուժեղ հոգի, ձեր ապրումները պարզ են արտահայտվում, ինչպես նաեւ պարզ են ընկալելու համար: Ես զգում եմ առողջ լավատեսություն եւ հասկանում եմ այն, որովհետեւ դա  նաեւ իմ էությունն է, իմ ընտանիքի էությունը…

 

Երազանքի ու անվերջության մասին

 

Ես ունեմ երազանք իմ ամբողջ կյանքի ընթացքում: Երբ ութ տարեկան էի, առաջին անգամ լսեցի «անվերջություն» բառը: Իմ դպրոցական ուսուցիչն ասել էր. «Անվերջություն բառը նշանակում է, որ ամեն ինչ շարունակվում է հավերժ եւ բոլոր ուղղություններով»: Ես եկա տուն ու մտածում էի. «Ամեն ինչ հավերժ շարունակվում է: Դա հնարավոր չէ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ոչ, ամեն ինչ ինչ-որ տեղ պետք է ավարտվի»: Եվ ես սկսեցի մտածել իմ սենյակի մասին: Ես պառկած էի սենյակումս, այն ավարտվում է իր պատերով, բայց դռնից այն կողմ տունն է, տնից այն կողմ բակն է, բակից այն կողմ փողոցն է, փողոցից այն կողմ քաղաքն է, քաղաքից այն կողմ երկիրն է, այնտեղ Անգլիայի ափն է, որից հետո սկսվում է օվկիանոսը, ապա գալիս է Երկիր մոլորակը, երկինքը, աստղերը եւ գալակտիկաները: Զգացի, որ խելագարվում եմ եւ որոշեցի, որ ամեն ինչ ինչ-որ տեղ պետք է կանգ առնի: Մտովի աղյուսե պատ կառուցեցի մեր բակի վերջում, աշխարհի շուրջ, մտածեցի, որ ամեն ինչ լավ է եւ  քնով անցա: Ապա վեր թռա` մտածելով. «Աստված իմ, ի՞նչ կա այդ աղյուսե պատից այն կողմ»: Ես մտածեցի, որ ամեն ինչ իրապես շարունակվում է անվերջ, բայց դա հնարավոր չէ հասկանալ, որովհետեւ այն պետք է լինի հեշտ կառավարելի չափերով: Այնպես որ, այս մասին եմ մտածել ողջ կյանքիս ընթացքում:

 

Աստծո եւ կրոնի մասին

 

Աստվածն ու կրոնը նույն բաները չեն: Կրոնը մշակութային բան է: Իմ պատկերացումն Աստծո եւ կրոնի մասին ես արտահայտում եմ` ասելով, որ եթե ես ծնված լինեի Մեքայում, դժվար թե կաթոլիկ դառնայի: Եվ եթե այդ տրամաբանությանը հետեւենք, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի տարբերություն կա Աստծո, կամ ոգու եւ մեր տեղական մշակույթի, միջավայրի ընկալման միջեւ:

Իէն Գիլանը Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, բոլորն էլ տարբերվում են: Իհարկե, մենք միշտ խոսում ենք Աստծո գոյության մասին, բայց իմ խորին համոզմամբ, մենք նաեւ մեր ներսում հոգի ունենք, եւ այն նույնպես կարող ենք Աստված անվանել: Դա մի բառ է, որ բոլորս էլ հասկանում ենք եւ բոլորս էլ հարգում ենք: Բայց կրոններն ասում են, որ Աստված մեկն է: Ամեն կրոն արժեքավոր է: Բայց նրանք հին են: Նրանք գալիս են շատ տարիներ առաջ գրված մարգարեների գրքերից: Մենք կարող ենք լավացնել հասկանալու մեր գիտությունը: Էվկլիդեսն ասել է մեզ զուգահեռ գծերի մասին, բայց հարյուր տարի առաջ մենք սկսեցինք մտածել ժամանակակից կերպով եւ ահա մենք գիտենք, որ բացարձակ զուգահեռ գծեր գոյություն չունեն: Իմ երազանքն է պարզապես շարունակել նման փնտրտուքներն այն մարդկանց հետ, ովքեր ունեն երեւակայություն, եւ փորձել մի փոքր ավելի առաջ շարժվել մեր պատկերացումներում: Եթե մենք կարողացանք նման թռիչք կատարել մեր գիտության մեջ, ապա մենք կարող ենք կատարել նման թռիչք նաեւ մեր պատկերացումներում Աստծո մասին: Մենք կբարելավենք նաեւ մեր բարոյական նորմերը  եւ միգուցե որոշ  բաներ մի փոքր կփոխենք: Կարող է ոգեւորիչ չթվալ, բայց ինձ համար դա շատ կարեւոր է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին