Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ - Mediamax.am

exclusive
2107 դիտում

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ


Լուսանկարը` http://gdb.rferl.org/

Հարություն Սելիմյանը
Հարություն Սելիմյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում առկա իրավիճակի մասին Մեդիամաքսը զրուցել է տեղի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանի հետ:

 

Հարություն Սելիմյանի խոսքով` իրավիճակը Հալեպում բավական բարդ է եւ լարված, քանի որ հիմնականում պայմանավորված է ոչ թե ներքին բախումներով, այլ միջազգային զարգացումներով:

 

«Վերջին 1-2 շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարաբերությունները, ստիպեցին Սիրիայի ընդդիմադիր զինյալ ուժերին սահմանափակել իրենց գործունեությունը, քանի որ Սիրիային նեցուկ ուժը Իրանն է եւ նրան առընթեր Լիբանանի հարավում գործող «Հիզբալլահը»: Միջազգային բեմահարթակի այս քաղաքական զարգացումները կարող են ծայր տալ Սիրիայի պատերազմի ավարտի առաջին հանգրվանին: Ես խորապես հավատում եմ, որ արդեն այդ փուլում ենք»,- ասել է նա:

 

Անդրադառնալով Հալեպում հայերի դրությանը՝ Հարություն Սելիմյանը նշել է, որ քաղաքը, ընդհանուր առմամբ, ծանր կացության մեջ է՝ շրջափակված զինյալ ընդդիմադիրների կողմից, որոնք չեն ցանկանում ընդհանուր հայտարարի գալ ներկա իշխանության հետ:

 

«Մեր ունեցած տվյալներով՝ այսօր 8-10 հազ. հայ է ապրում Հալեպում: Նրանք, ովքեր պատրաստվում էին արտագաղթել, արդեն արտագաղթել են: Կարծում եմ մնալ ցանկացողները շատ են: Գուցե այս թվից եւս 1-2 հազ-ը պակասի: Անցնող 4 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 120-125 զոհ: Անտուն մնացած ընտանիքներ շատ ունենք»,- ասել է Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ եկեղեցիներն ու դպրոցները քաղաքում գործում են:

 

Տեղի հայ համայնքի առջեւ ծառացած խնդիրներից Հարություն Սելիմյանն առաջին հերթին առանձնացնում է առաջին անհրաժեշտության սննդամթերքների բացակայությունը:

 

«Արդեն 3-րդ,4-րդ շաբաթն է, որ քաղաքում ջուրն անջատված է: Եկեղեցիներում եւ ակումբներում մենք 6-7 ջրհոր ունենք, որոնցով ջուր ենք մատակարարում մեր ժողովրդին: Ջրի պակասի պատճառով նաեւ հիվանդություններն են շատացել: Բժշկական համակարգը Հալեպում անդամալուծված է: Կան վիրուսային հիվանդություններ երեխաների շրջանում, որոնք մասամբ ջրհորների ջուրն օգտագործելու, մասամբ աղբակույտերի պատճառով են առաջանում: Դամասկոսում եւ Քեսաբում վիճակն ավելի լավ է: Չկան ջրի, էլեկտրականության եւ բժշկական օգնության խնդիրներ»,- պատմել է նա:

 

Հալեպի հայ համայնքն օգնություն է ստանում տարբեր աղբյուրներից, որոնցից Հարություն Սելիմյանն առանձնացրել է ամերիկյան SARF կազմակերպությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը, Ամերիկայի Ավետարանչական ընկերակցությունը, ՀՀ կառավարությունը:

 

Հարություն Սելիմյանի հետ զրուցել է Անժելա Կժդրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին