Անցյալ դարի կապի միջոցը - Mediamax.am

exclusive
2689 դիտում

Անցյալ դարի կապի միջոցը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


1950-ականներին, ՀԽՍՀՄ կապի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանում եւ մայրաքաղաք Երեւանում մեծ տարածում գտան փողոցային ավտոմատ հեռախոսները:

 

Այսօր էլ Երեւանի փողոցներում տեսնում ենք նմանատիպ հեռախոսային կայաններ, որոնք, չնայած դարի հրամայականին, շարունակում են գործել:

 

Մեդիամաքսն անդրադարձել է անցյալ դարի հիշողությանը՝ փորձելով պարզել մեր օրերում այդ հեռախոսների կարեւորությունը:

 

Առաջին փողոցային ավտոմատ հեռախոսը տեղադրվել է Երեւանի կենտրոնում եւ աշխատել ԽՍՀՄ նախկին՝ 15 կոպեկ արժողությամբ դրամներով: 1961թ.` ԽՍՀՄ դրամի փոփոխությունից հետո, դրանք աշխատում էին 2-կոպեկանոցներով:

 

«Արմենտել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` ՀՀ անկախացումից հետո փողոցային ավտոմատ հեռախոսների մանրադրամի ընդունիչը ձեւափոխվեց, եւ կիրառվեց ժետոնային համակարգ:

 

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ անկախացումից հետո նման հեռախոսային կայաններն անցել են «Հայփոստ»-ի կառավարման ներքո, որտեղ սակայն դրանց մասին որեւէ տեղեկություն չի պահպանվել: 1998-ից սկսած միայն՝ փողոցային ավտոմատ հեռախոսների ծառայության տրամադրմամբ սկսել է զբաղվել «Արմենտել»-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույն թվականից էլ ներդրվել է քարտային հեռախոսների ծառայությունը, որը, ի տարբերություն նախկին՝ ժետոնային համակարգի,  հնարավորություն էր ընձեռում հատուկ քարտերի միջոցով զանգեր իրականացնել: 1998թ. հոկտեմբերի 1-ին «Արմենտել» ընկերության նախաձեռնությամբ տեղակայվել է առաջին քարտային հեռախոսը՝ Սարյան 22 գլխավոր փոստային շենքի առաջին հարկում: Այդ համակարգը թույլ էր տալիս քարտերով կատարել քաղաքային, միջքաղաքային եւ միջազգային զանգեր: Ի տարբերություն կոպեկով աշխատող հեռախոսների, որոնց դեպքում անհնար էր հետեւել կարգուկանոնին, քարտային հեռախոսներն ունեն հատուկ համակարգ, որը հետեւում եւ ֆիքսում է ցանկացած խնդիր:

 

Այսօր Հայաստանի տարածքում գործում է 407 քարտային հեռախոս: Այս հեռախոսները՝ որպես վճարային համակարգ, օգտագործվում են վճարային տարբեր դրամաչափի եւ միավորների քարտերով:

 

Ընկերությունում նշում են, որ ժամանակակից աշխարհում նման ապարատների անհրաժեշտություն գրեթե չկա. այդ հեռախոսներից օգտվողների թիվը շատ փոքր է:

Ներկայում քարտաֆոնային հեռախոսներն աշխատում են 50, 100, 300 եւ 500-միավորանոց  հեռախոսային քարտերի միջոցով՝ 960, 1920, 5760 եւ 9600 դրամ արժողությամբ համապատասխանաբար։ Քարտը կարելի է օգտագործել այնքան ժամանակ, մինչեւ կսպառվի նրանում ներառված գումարը։ Քարտերը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Քարտֆոնային հեռախոսները հնարավորություն են ընձեռում նաեւ անվճար՝  առանց հեռախոսային քարտի, զանգահարել արագ արձագանքման ծառայություններին։

Այս պահի դրությամբ քարտֆոնային հեռախոսները համապատասխանում են պահանջված չափորոշիչներին, եւ մոտ ապագայում փոփոխություններ նախատեսված չեն այս համակարգում։

 

Ինչպես էին «խաբում» տաքսաֆոններին

 

«ԱրմենՏել» ընկերության թանգարանում ներկայացված են առաջին տաքսաֆոնների նմուշները:

 

«Դրանք համարի հավաքմամբ, առանց կոպեկի աշխատող հեռախոսներն են, որից կա նաեւ «Շան Սիրտը» ֆիլմում: Հիշում ե՞ք, որ ֆիլմի հերոսներից Պրեոբրաժենսկին կողքից պտտելով  խոսում էր. հենց այդ նմուշից: Այդ տարբերակը 1939թ. է օգտագործվել եւ բերվել թանգարան  Իջեւանից»,- պատմում է «ԱրմենՏել» ընկերության Շահագործման, հաշվառման եւ նյութական ապահովման բաժնի պետ Արման Դեմիրխանյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ հետաքրքիր պատմություններ են եղել, երբ մարդիկ փորձել են «խաբել» տաքսաֆոններին. ոմանք կոպեկի մեջ անցք էին անում ու ամրացնում թելով, իսկ կոպեկը «կուլ տալու» պահին՝ թելը հետ քաշում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կամ, օրինակ, հասարակ մի ստվարաթղթի վրա գրել են 10 հազ. դրամ ու փորձել են զանգ կատարել: Հիմա արդեն կան համացանցի միացման հնարավորություններ, վեբ տեսախցիկ ունեցող տաքսաֆոններ, բայց մեզ մոտ դրանք դեռ չեն գործում,- ասում է Արման Դեմիրխանյանը: -Ամենասկզբում, երբ սկսեցին շահագործվել քարտերով աշխատող հեռախոսները, գոյություն ուներ մի համակարգ ու փորձնական տաքսաֆոն, որը ոչ մի կերպ չէր աշխատում: Որեւէ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես է աշխատում դրամը գանձող հաշվիչը: Այդ ամենը շատ պատահական կերպով բացահայտվեց: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ աշխատողներից մեկը բարկացած բռունցքը խփեց սեղանին, տեղի ունեցավ կարճ միացում ու հասկացանք, որ իմպուլս է հարկավոր տաքսաֆոնը աշխատեցնելու համար: Հիմնականում փողոցներում տեղադրված տաքսաֆոնները փչանում էին այն ժամանակ, երբ, օրինակ, երիտասարդ տղան զանգահարում էր իր սիրելին ու մերժում ստանալով՝ «մուռը» հանում հեռախոսից: Բացի այդ, տաքսաֆոնները ծառայում էին որպես կատարյալ հանդիպման վայր»:

 

Այլընտրանքային հեռախոսակայաններ

 

Տաքսաֆոնների դերն այսօր, որոշ չափով, իրենց վրա են վերցրել «Յուքոմ» ընկերության ժամանակակից հեռախոսակայանները, որոնցից առաջինը տեղադրվել է 2014թ. դեկտեմբերին: Երեւանում այժմ գործում է երեք հեռախոսակայան: Ընկերությունից մեզ տեղեկացրել են, որ մոտ ապագայում հեռախոսակայանների թիվը կհամալրվի եւս երեքով:

 

Հեռախոսակայաններից զանգերը կատարվում են անվճար: Բջջային եւ քաղաքային ուղղությամբ կատարված զանգերի թիվը գրեթե հավասար է, սակայն յուրաքանչյուր զանգի թույլատրելի տեւողությունը 3 րոպե է:

 

Լենա Գեւորգյան, Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին