Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ, կարծում է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

exclusive
26374 դիտում

Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ, կարծում է Ռուբեն Վարդանյանը


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ։

Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնող IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։

 

«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պետք է մտածի տարածաշրջանային «հանգույց» դառնալու մասին, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը եւ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների հետ գործարար կապեր ունենալու դարավոր ավանդույթները։ Իրանը աստիճանաբար «բացվելու» է արտաքին աշխարհի համար, եւ նման իրավիճակում Հայաստանի որպես հանգույց հանդես գալը էլ ավելի արդարացված կլինի», - ասել է գործարարը։

 

Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը եւ Եվրոպական միության հետ զարգացած առեւտրային հարաբերություններ ունենալը լրացուցիչ մրցակցային առավելություններ է տալիս Հայաստանին։

 

«Առաջիկայում շատ արտասահմանցի գործարարներ ու մասնագետներ մեկնելու են Իրան աշխատելու։ Հաշվի առնելով Իրանում կյանքի առանձնահատկությունները, նրանցից շատերը չեն տեղափոխվի ընտանիքների հետ։ Քանի որ Հայաստանը աշխարհագրորեն շատ մոտ է Իրանին, մենք պետք է մտածենք այնպիսի պայմաններ ստեղծելու մասին, որ այդ մասնագետների կանայք եւ երեխաները ապրեն Հայաստանում, իսկ ընտանիքի հայրերը հանգստյան օրերին այցելեն նրան», - Մեդիամաքսին ասել է Ռուբեն Վարդանյանը, ում նախագծերից մեկն է UWC Դիլիջան քոլեջը, որտեղ ուսանում են ավելի քան 200 երիտասարդներ 60 երկրներից։

 

Ռուբեն Վարդանյանի խոսքով, նոր հնարավորություններ կստեղծվեն նաեւ զբոսաշրջության ոլորտում։ «Վերջին տարիներին մենք զբոսաշրջիկների աճ են տեսնում՝ մարդիկ, մասնավորապես, այցելում են Հայաստանի հարավային տարածաշրջանները։ Նոր տուրիստական երթուղիների մշակումը թույլ կտա նրանց շարունակել ճանապարհորդությունը Հայաստանի հարավից դեպի Իրան», - նշել է բարերարը, որը 5 տարի առաջ սկսել է իրագործել «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում գործարկվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթեւեր» ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին