Բուն Բարեկենդան կամ հայկական դիմակահանդես - Mediamax.am

exclusive
12153 դիտում

Բուն Բարեկենդան կամ հայկական դիմակահանդես


Լուսանկարը` Ֆոտոլուր

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Բուն Բարեկենդանը տոնելիս
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Բուն Բարեկենդանը տոնելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը
Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը

Լուսանկարը` Թումո


Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»: Մեդիամաքսը տոնի խորհրդի եւ յուրահատկությունների մասին զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ  Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մայլյանի եւ ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի հետ:

 

Բարեկենդանի խորհուրդը

 

Ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի փոխանցմամբ՝ Բարեկենդան բառը ստուգաբանորեն ենթադրվում է «բարի կենդանություն». այսինքն` այն աղերս է, խնդրանք եւ մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից:

 

«Տոնը նշվում է փետրվարին, գարնանամուտից առաջ: Հետեւաբար՝ Բարեկենդանի ծեսի կիզակետն է նպաստել ձմեռվա դժվարությունները հաղթահարելն ու դիմավորել գարունը՝ որպես երկրագործական նոր տարի, նոր կյանքի սկիզբ»,-ասում է Սոնիա Թաշչյանն ու նկատում, որ դժվար է հստակ ժամանակաշրջանն ասել, որից այս տոնը մտել է հայկական միջավայր: «Ինչպես բոլոր հին ժողովուրդների մոտ, այնպես էլ հայերի մշակույթում, այն ծնվել է հասարակության կենցաղային կյանքից, հետեւաբար, պիտի ասել, որ այն ծնվել է մեր ժողովրդի հետ», - նշում է նա:

 

Տոնին բնորոշ բոլոր արտահայտումները ենթադրել են տալիս, որ նախաքրիստոնեական շրջանում, հավանաբար, այն եղել է հայկական Ամանորը:

 

«Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ամենակարեւորն այն է, որ այն հավաքական տոն է եղել. ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը: Տոնական խրախճանքները տեւել են երկու շաբաթ: Հասարակության բոլոր անդամները մասնակցել են տոնական արարողությանը, որովհետեւ այն հավաքական աղերսի արտահայտություն է, միմյանց նկատմամբ հոգատարության եւ սիրո դրսեւորման լավագույն առիթն է  համարվել է: Բարեկենդանին հատուկ են նաեւ ընտանեկան միությունները` հարսանիքները, որպես նոր ընտանիքի եւ մարդկային սերնդի շարունակության բեղմնավորման տոն, որպես բնության երեւույթների արգասավորման ժամանակահատված»,-պատմում է Սոնիա Թաշչյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Բուն Բարեկենդանը տոնելիս Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Բուն Բարեկենդանը տոնելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տոնին բնորոշ դիմակահանդեսի նպատակը կերպարանափոխվելն ու նոր՝ մինչ այդ անհայտ երեւույթով կարողանալ ապրելն է: «Երբեմն այն ձգտման արտահայտություն է, ինչպիսին որ կուզենար լինել տվյալ անձնավորությունը: Երբեմն այլ մարդկանց (հատկապես իշխանավորներին ու կղերականներին) ծաղրելու բողոքի արտահայտություն է, նրանց սխալները վերհանելու եւ սրբագրելու հնարավորություն է հետապնդում, հաճախ նաեւ բնության չար ոգիներին վախեցնելու նպատակ ունի: Եվ, վերջապես, կերպարանափոխված մարդը անճանաչելի է, հետեւաբար անմնացորդ զվարճանալու առիթ է, հասարակության բարոյական սկզբունքներից ամբողջությամբ ազատ լինելու եւ իր ցանկացածը կատարելու միակ հնարավորությունն է», - պարզաբանում է մեր զրուցակիցը:

 

Ավանդույթի համաձայն, տոնի համար, յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր իր հնարավորության չափով նվիրաբերել ընտանիքի բարիքներից՝  անպայման մի անասուն մորթել եւ հնարավորինս ճոխ ու առատ սեղաններ պատրաստել:

 

Հաճախ կատակով տոնն անվանում են «փորեկենդան»: Մառաններից բերվում էր առատ գինի. մրգեր, չրեր, ընկուզեղեն ու շարոցներ: Տոնի հատուկ են փաթթիլլան (տապակած բլիթ` մեջը հորած պանիր կամ ղավուրմա), գաթա, հալվա, բխբխիկ, քելեկյոշ, ձվածեղի տեսակներ, փուռդիկ (պանրային միջուկով հացատեսակ), հայկական տնական երշիկ, միջուկով կոլոլակ, խորոված, տհալ-ղավուրմա, բրնձով փլավ, խաշիլ (փոխնձով եւ չորթանով ճաշ), պանրով հաց, մածնապուր, աղանձ:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բուն Բարեկենդանը տոնելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սոնիա Թաշչյանը նկատում է, որ Իտալիայում նշվող Վենետիկյան դիմակահանդեսը նույն բարեկենդանն է. «Նրանք այն վերածել են ազգային մեծ փառատոնի, իսկ մենք մոռացության ենք մատնել մեր ամենասիրելի տոնը: Պատանեկությանս տարիների լավագույն հիշատակներից է բարեկենդանը: Անշուշտ, կամեցողության դեպքում, հնարավոր է այն վերականգնել»:

 

Տոնի հոգեւոր կողմը

 

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մայլյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ արդեն երրորդ տարին է՝ թեմի  նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է Բուն Բարեկենդանը:

 

«Երեք տարի առաջ ծրագիր կազմեցի եւ դիմեցի Թեմի առաջնոր Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին, ծրագիրը հաստատելուց հետո թեմի երիտասարդների հետ անցանք գործի»,-ասում է Տեր Հայրը:

 

Առաջին տարում թեմի երիտասարդներն ուսումանսիրել են Բուն Բարեկենդանի խորհուրդն ու նշանակությունը: Հիշատակությունների համաձայն, 19-դարի վերջին եւ  20-րդ դարի սկզբին այն դեռ նշվում էր: 

 

«Բուն Բարեկենդանն առաջին հերթին հոգեւոր տոն է, որը նշվում է Մեծ պահքի նախորդող առաջի կիրակի օրը: Այն ներկայացնում է Ադամի դրախտային երանավետ ու անվիշտ կյանքը, որի ընթացքում Աստծուց պատգամ ուներ՝ օգտվել բոլոր բարիքներից՝ բացի Դրախտի գիտության ծառի պտուղից: Բայց նա գործեց առաջին մեղքը, որի համար արտաքսվեց դրախտից: Բուն Բարեկենդանին հաջորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի: Բարեկենդանով սկսում է ապաշխարության, զղջման ժամանակաշրջանը՝ մինչեւ Սուրբ Հարության տոնը»,-նշում է Տեր Պետրոս Ավագ քահանան:

 

Բարեկենդանը հիմնականում եկեղեցուց դուրս է նշվում: Սուրբ պատարագից հետո մարդիկ կարող են իրենց ճոխություններ թույլ տալ, վայելել տոնին բնորոշ ճաշերն ու ուրախությունը, հագնել ազգային դիմակներ ու ազգային երգ ու պարի ուղեկցությամբ խաղեր խաղալ:

 

Տեր Պետրոս ավագ քահանան նշում է, որ հնում Բուն բարեկենդանի խաղերի ժամանակ նաեւ կենդանիների մասնակցություն է եղել՝ ձիերով աղջիկ փախցնոցի, կոխ եւ այլն: Այս տոնախմբությանը մասնակցում են նաեւ կուսակրոն հոգեւորականները: 

 

Այս տարի եւս Արարատյան Հայրապետական թեմը նախատեսում է մեծ շուքով նշել տոնը: Փետրվարի 7-ին, ժամը 13:30-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդներն ու մի շարք հոգեւորականներ, թատերական ու երգի-պարի խմբակների հետ միասին, երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կլինեն տարբեր հարթակներ՝ ազգային խաղերի, թատերական խմբերի, ազգագրական խմբերի եւ վարչական խմբագրեի պարերի համար նախատեսված: Տոնակատարության ընթացքում կլինի նաեւ նկարների եւ բարեկենդանյան տոնի հատուկ ուտեստների ցուցահանդես-վաճառք:

 

Բարեկենդանը փետրվարի 7-ին տոնելու են նաեւ Թումո կենտրոնում: Ժամը 15:00-ին ցանկացողները կարող են հավաքվել Թումոյի փայտե աստիճանների մոտ, որտեղ տոնի մասին կպատմի Սոնիա Թաշչյանը, այնուհետեւ ելույթ կունենա Թումոյի Թմբաթա նվագախումբը:

Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը Թումոյում պատրաստվում են տոնել Բուն Բարեկենդանը

Լուսանկարը` Թումո

Ավելի ուշ մասնակիցները հայկական ավանդական պարեր կսովորեն Կարին ավանդական երգի եւ պարի համույթի անդամ Արտավազդ Այվազյանի եւ նրա ընկերների օգնությամբ:

 

Խնջույքը կշարունակվի Թումոյի ցայտող շատրվանների մոտ, որտեղ մասնակիցները կնկարեն ավանդական հայկական նախշեր, դիմակներ կներկեն ու ավանդական խաղեր կխաղան: «Եղանակի համար մի անհանգստացեք: Եթե հանկարծ ձյուն գա, կտեղափոխվենք ներս», - ասում են Թումոյում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին