100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» մրցանակին - Mediamax.am

exclusive
12208 դիտում

100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» մրցանակին


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ 7.000.000 ԱՄՆ դոլար նվիրաբերելով դժվարության մեջ գտնվող երեխաներին:

««Ավրորա» մրցանակով մենք՝ հայերս, մեր շնորհակալությունն ենք հայտնում աշխարհին, որ մեկ դար առաջ մեր ազգին օգնեց արժանապատիվ ապագա կառուցել: Այսօր աշխարհում միայն 100 նվիրատու ունի բացառիկ հնարավորություն միանալու երախտագիտության շղթային՝ 70.000-ական դոլար նվիրաբերելով Մերձավոր Արեւելքում ապրող երեխաների կրթաթոշակային ֆոնդին՝ նրանց տալով հնարավորություն սովորելու UWC (Աշխարհի միացյալ քոլեջներ) 14 քոլեջներից մեկում»,- «Մեդիամաքսին» ասաց 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

 

«Ավրորա» մրցանակը կշնորհվի ապրիլի 24-ին, Երեւանում: Դրան նախորդելու են երկօրյա միջոցառումներ՝ միջազգային կազմակերպությունների եւ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ: Մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներ Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելն ու հումանիստ եւ օսկարակիր դերասան Ջորջ Քլունին նույնպես ներկա կգտնվեն միջոցառումներին՝ ազդարարելով դափնեկրի անունը: Այս 100 նվիրատուները կմիանան երկօրյա միջոցառումներին՝ դառնալով համաշխարհային մարդասիրական շարժման մասնակից եւ իրենց ներդրումն ունենալով աշխարհը բարեփոխելու ջանքերին: 

 

«Մերձավոր Արեւելքն այսօր դժվարին կացության մեջ է, եւ մենք պարտավոր ենք միանալ աշխարհին՝ հնարավորինս աջակցելու նրանց: Մենք երախտապարտ ենք Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին մեկ դար առաջ տեղահանված հայերին ապաստան տրամադրելու համար եւ վստահ ենք, որ այս մարդասիրական քայլին պատրաստ են միանալ շատերը»,- ավելացրեց Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց այսօր:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին