Բունդեսթագում հակված են քվեարկել Ցեղասպանության բանաձեւի օգտին - Mediamax.am

8708 դիտում

Բունդեսթագում հակված են քվեարկել Ցեղասպանության բանաձեւի օգտին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հարցն արդեն ներառվել է Բունդեսթագի հունիսի 2-ի նիստի օրակարգում ՝ «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» ձեւակերպմամբ: 

 

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) եւ Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) խմբի մամուլի խոսնակն արդեն հաստատել է, որ քննարկումը տեղի է ունենալու: Նրա խոսքերով, բանաձեւի տեքստը, որը մշակվել է Քրիստոնեա-դեմոկրատների, Քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից, արդեն պատրաստ է:

 

Այսուամենայնիվ,  հունիսի 2-ին անվանական քվեարկություն տեղի չի ունենա: Սա նշանակում է, որ գերմանացի պատգամավորները պարտադրված չեն ներկա գտնվել քվեարկությանը: Քվեարկությունը տեղի կունենա ձեռք բարձրացնելու միջոցով:   

 

DW-ն գրում է, որ Բունդեսթագի խմբակցությունների արտաքին քաղաքական հարցերով մասնագետների մեծամասնությունն արդեն հստակ ազդանշան է տվել, որ իրենց քաղաքական ուժերն աջակցելու են բանաձեւը:

 

«Հնարավոր է, լինեն խնդիրներ Անկարայի հետ, բայց Բունդեսթագը չպետք է թույլ տա, որ պարոն Էրդողանի պես բռնակալը շանտաժի ենթարկի իրեն»,- ասել է Բունդեսթագում Կանաչների խմբակցության համանախագահ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակ, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:

 

Գերմանական լրատվամիջոցի փոխանցմամբ, բանաձեւի տեքստում նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այլեւ անդրադարձ է կատարվում այդ հանցագործության մեջ Գերմանիայի ունեցած դերակատարությանը:

 

Ձախակողմյան եւ կանաչների կուսակցության պահանջով, բանաձեւի տեքստում ներառվել է ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ Գերմանիայի կողմից ներողության հայցումը:    

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2015 թ.- ի ապրիլի 24-ի նիստի ընթացքում, որին  մասնակցել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագը որոշել էր  հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը:

 

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթն այդ օրը շուրջ 2 ժամ տեւած քննարկումների ընթացքում հայտարարել էր, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր» եւ «իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել զոհերի սերունդների համար արդարությունը»:

 

Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը Բունդեսթագում ներկայացվել էր նաեւ 2016 թ.-ի փետրվարին, սակայն չէր դրվել քվեարկության՝ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փախստականների ճգնաժամի վերաբերյալ բանակցային գործընթացը չվտանգելու պատճառաբանությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին