Հաստատվել է Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ձերբակալության փաստը - Mediamax.am

4744 դիտում

Հաստատվել է Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ձերբակալության փաստը


Գագիկ Բեգլարյանը
Գագիկ Բեգլարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որով անուղղակի հաստատվում է մամուլում հայտնված տեղեկությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ձերբակալության մասին:

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձի՝ Ա.Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին եւ Հ.Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել եւս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Գագիկ Բեգլարյանի անվան հետ կապված է եւս մեկ աղմկալի պատմություն:

 

Երբ Գագիկ Բեգլարյանը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը, նա փաստացի առեւանգել էր ՀՀ Պետական արարողակարգի աշխատակիցներից մեկին: Դա հանգեցրեց Բեգլարյանի պաշտոնանկությանը, սակայն որոշ ժամանակ անց նա դարձավ ՀՀ կառավարության անդամ՝ նշանակվելով կապի եւ տրանսպորտի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին