Գրության խորհուրդը՝ վերադարձ Մարաշ 100 տարի անց - Mediamax.am

exclusive
6021 դիտում

Գրության խորհուրդը՝ վերադարձ Մարաշ 100 տարի անց


Ուրֆայի տան փորագրությունը
Ուրֆայի տան փորագրությունը

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Բաբկեն պապիկն ու իր քույրը Արաբկիրի  մոտակա գյուղերից մեկում
Բաբկեն պապիկն ու իր քույրը Արաբկիրի մոտակա գյուղերից մեկում

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Նորայր Շահինյանը
Նորայր Շահինյանը

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Հայ կինը Էրգենում
Հայ կինը Էրգենում

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Կեսարիան
Կեսարիան

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Թոմարզայում
Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Թոմարզայում

Լուսանկարը` Նորայր Շահինյան


Բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանն Փարիզում ներկայացրել է իր լուսանկարներն ու «Դատարկության հզորությունը» գիրքը: Արվեստաբան Լիլիթ Սոխակյանը զրուցել է լուսանկարչի հետ իր հայկական արմատների, Ուրֆա եւ Մարաշ ճանապարհորդության եւ ապագա ծրագրերի մասին:

 

- Նորայր, կպատմես Հալեպի Շահինյան լուսանկարչական ստուդիայի մասին:

 

- Պապիկս` Ավետիս Շահինյանը, ծնվել է 1913 թվականին Մարաշում: Ջարդերի ժամանակ, 1920 թվականին, ընտանիքով փախչում են Հալեպ: Այստեղ նա սկսում է սովորել լուսանկարչություն Վարդան Տերունյանի մոտ, ով Հալեպի հռչակավոր լուսանկարիչներից էր: 1937 թվականին Տերունյանը մեկնում է Բեյրութ եւ իր ստուդիան հանձնում պապիկիս, որն իր աջ ձեռքն էր: Այդպես Տերունյան լուսանկարչական ստուդիան որոշ ժամանակ անց դառնում է Շահինյան:

 

Պապիկս մնում է Հալեպում մինչեւ 1963 թվականը: Այդ երեսուն տարիների ընթացքում հետաքրքիր ձեւով նկարում է քաղաքի կյանքը, հայկական գաղութը, միությունները, մտավորականներին: Սիրիայի համար բավականին հետաքրքիր աշխատանքներ է անում:

Նորայր Շահինյանը Նորայր Շահինյանը

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Երբ պապիկս Հալեպից տեղափոխվում է Բրազիլիա, հարուստ արխիվի մեծ մասը բերում է իր հետ: Ես մեծացել եմ արխիվային այս լուսանկարների մեջ: Շատ մտերիմ էի պապիկիս հետ, առաջին քայլերս լուսանկարչության մեջ արել եմ իր օգնությամբ եւ խորհուրդներով:

 

Պապիկս ինձ հաճախ էր ասում. «Ես տարիքս առած եմ, Մարաշ չեմ կարողանա վերադառնալ, բայց դու պետք է մեծանաս եւ գնաս»: Այդ մտքով էլ մեծացա: Եվ մի օր, երբ պապս էլ չկար, վերցրեցի իր ֆոտոխցիկն եւ ուղեւորվեցի Մարաշ: Այսինքն, իր թոռնիկի աչքերով պապիկս վերադարձավ իր ծննդավայր:  

 

- Դու առաջինն էիր ընտանիքից, ով գտավ Ուրֆայի պապական տան այն պատմական գրությունը:

 

- Այո, պատմությունն այսպիսինն էր: Տատիկիս`Անահիտ Տեր-Պետրոսյանի ընտանիքը Ուրֆայից էր: Մեծ եւ ճանաչված ընտանիք էր քաղաքում, ապրում էին միասին երկհարկանի տանը:  1915 թվականին ընտանիքի 35 անդամներից 33-ը սպանվեցին: Երկու եղբայր` Հարությունն (Անահիտի հայրը) ու Պետրոսը, որ այդ ժամանակ երիտասարդ տղաներ էին, ընտանիքի սպանության ժամանակ տանը չէին: Փրկվելով, եղբայրները որոշում են փախչել: Սակայն դրանից առաջ համաձայնության են գալիս, որ եթե որեւէ մեկը կարողանա վերադառնալ տուն, պատի վրա գրվածք թողնի, ով է եւ ուր է գնում, որպեսզի հետո իրար կարողանան գտնել: Հարությունը 1915 թվականին իր քուրդ ընկերոջ միջոցով փախչում է Հալեպ:

 

Պետրոսը յոթ տարի մնում է Ուրֆայում, 1922 թվականին նոր կարողանում է հասնել Հալեպ: Գնալուց առաջ, տան պատին, պայմանավորվածության համաձայն, թողնում է գրություն. «1922թ եկա Նշան Էֆենդիի տուն: 25 օր մնացի այստեղ: Հիմա մեկնում եմ Հալեպ: Ցտեսություն ընկերներ: Նրանք, ովքեր կարդան իմ այս տողերը, հիշեք Պետրոսին: Ստորագրություն. Տեր …յան»:

 

Բարեբախտաբար, երկու եղբայր Հալեպում իրար գտնում են եւ փորձում նոր կյանք սկսել: Ամեն մեկն իր ընտանիքն է կազմում, երեխաներ ունենում, այստեղ ծնվում է նաեւ Անահիտը` տատիկս: Իսկ գրությունը պատին մնում է: Անցնում է 90 տարի: 2012 թվականին, ես մեկնում եմ Ուրֆա եւ գտնում պապական տունը: Պետությունը ժամանակավոր օգտագործման համար այն հանձնել էր մի կնոջ: Վերջինս, մեծ աշխատանքներից հետո, տունը վերածել էր հյուրանոցի, բայց պատի փորագրությանը ձեռք չէր տվել: Հիշում եմ, երբ մտա սենյակ եւ ձեռքս դրեցի քարին, մի տարօրինակ զգացողություն ունեցա. բոլոր անցյալի ցավերը գնացին, եւ ապագայի հույս բացվեց: Գրվածքն իր նպատակին հասավ:

Ուրֆայի տան փորագրությունը Ուրֆայի տան փորագրությունը

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Ապրիլին, երբ Դիարբեքիրում էի, ընկերս տեղեկացրեց, որ տունը դատարկ է: Հավանաբար, ժամկետը լրացել էր, հյուրանոցի գործն էլ լավ չէր ընթանում՝ Ուրֆան առանձնապես տուրիստական քաղաք չէ, կինը թողել եւ հեռացել էր:

 

Անպայման ուզեցի տեսնել տան դատարկ վիճակը: Լուսանկարիչների մեծ խմբով Դիարբեքիրից մեկնեցինք Ուրֆա: Պահակին համոզելուց հետո, մտանք տուն եւ պատերին լուսանկարներիս պրոեկցիան արեցինք: Շատ խորհրդանշական գիշեր ստացվեց. փաստորեն գրեթե հարյուր տարի անց կոտորված ընտանիքի մի հետնորդ վերադարձավ եւ հին տան դատարկ պատերին ցուցադրեց իր լուսանկարները: Փաստորեն թուրքերի ծրագիրը չհաջողվեց: Մենք դեռ այստեղ ենք:

 

- Կպատմե՞ս Բրազիլիայի հայկական համայնքի մասին:

 

- Բրազիլիայում մոտավորապես 40 000 հայ ունենք, որոնց մեծամասնությունը ապրում է Սան Պաոլո քաղաքում: Այստեղի գաղութն ունի չորս եկեղեցի, մեկ դպրոց, բազմաթիվ միություններ: Մեր գաղութը հին է: Ներգաղթը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունից հետո`1920-ական թվականներին, դրանից հետո նոր ալիք չեկավ: Դրա հետեւանքով երիտասարդների մեծ մասը հայերեն չի խոսում: Ես, օրինակ, հայկական դպրոց  չեմ գնացել, որովհետեւ այն մեր տնից բավականին հեռու էր: Ծնողներիս շնորհիվ եմ սովորել հայերեն:

 

Ուրախությամբ եմ նկատում, որ վերջին տարիներին, Սան Պաոլոյի հայ երիտասարդների շրջանակներում հետաքրքրություն եւ Հայաստանն այցելելու ցանկություն է առաջացել: Այսօր երիտասարդական շատ ծրագրեր կան կապված Հայաստանի հետ: Պետք է հաշվի առնել նաեւ, որ Բրազիլիան հեռու է: Եվրոպայից չորս-հինգ ժամում կարող ես լինել Հայաստանում, Բրազիլիայից` 18:

 

- Քեզ ավելի շատ համարում ես ճարտարապետ, թե՞ լուսանկարիչ:

 

- Ես տարօրինակ կյանք եմ ապրում: Ինձ համար ճարտարապետությունն ու լուսանկարչությունը փոխկապակցված են: Ով տեսնում է լուսանկարներս, դա հասկանում է. կոմպոզիցիա, համաչափություն, լույս: Շենքերն ու քաղաքները իմ աշխատանքներում մեծ տեղ են գրավում: Փոքր ճարտարապետական գրասենյակ եմ հիմնել բարեկամներիս հետ: Իհարկե, իրենք հասկանում են, որ ես նաեւ լուսանկարիչ եմ, երբեմն ներկա եմ, երբեմն բացակա:

Կեսարիան Կեսարիան

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Այս տարի դոկտորանտուրան պետք է սկսեմ, ուսումնասիրում եմ լուսանկարչությունը` որպես գործիք հետեւելու ուրբանիզմի փոփոխություններին: Հիմնականում Սան Պաոլոյի մասին  է խոսքը: Քաղաքը չափազանց արագ մեծացավ: Տարիներ առաջ, բարձրանալով լեռան գլխին, ողջ Սան Պաոլոն կարելի էր տեսնել, մեկ լուսանկարով ամենը պատկերել: Այսօր այլեւս այդպես չէ, եւ շատ կարեւոր է ուսումնասիրել ճարտարապետական բոլոր փոփոխությունները:  

 

- Քեզ համար լուսանկարչությունը գործիք է` նաեւ ճիշտ ներկայացնելու պատմական փաստերը: Ինչպե ՞ս ես մտադրված դա անել:

 

- Քարերը խոսում են, ես էլ խոսում եմ այդ քարերի հետ: Դրանք լուսանկարելն արդեն կարեւոր փաստ է: Ո՞վ է ապրել, աղոթել այս քարերի տակ, ո՞վ է շարել այս տունը, ո՞ր վարպետները կարող էին այսպես քար շարել: Շինությունների եւ քարերի միջոցով հնարավոր է փաստել, որ Ցեղասպանությունը եղել է, այստեղ ապրում էին հայեր:

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Թոմարզայում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Թոմարզայում

Լուսանկարը` Նորայր Շահինյան

1915 թվականին Թուրքիայում մոտ 2300 եկեղեցի կար, հիմա 25-28-ն են մնացել, ու՞ր են մյուս 2200-ի ավերակները: Շատերը մզկիթների են վերածվել, շատերը քանդվել են: Ոչ միայն եկեղեցիներ, նաեւ դպրոցներ, տներ եւ տեսարաններ: Սասնա Մարաթուկ լեռը դեռ այնտեղ է, տեսել եւ հիշում է Ցեղասպանությունը: Ես փորձում եմ աշխատել այս հիմքերի վրա, փաստելու համար ոճրագործության հետքերը, նաեւ հպարտությամբ արձանագրելու, որ թուրքերի ծրագիրը չհաջողվեց:

 

Արյունով գրվեց մեր պատմությունը, բայց հիմա նոր սերունդ կա: Ըստ իս, մենք պետք է այլ կերպ գործենք, ատելությանն այլեւս տեղ չմնաց: Նրանք, ովքեր գործն արել են, արդեն չկան: Թուրքիայի նոր սերունդը հանցանք չունի, պետությունը` միշտ, բայց ժողովուրդը` ոչ: Կարծում եմ, պետք է փորձել ստեղծել հարաբերություն, կապ նոր սերունդների միջեւ:

 

- Դու ասում ես, թուրքերի մեջ ներողություն կա:

 

- Այո, նաեւ խղճի հարց կա: Մանավանդ քրդերի մեջ: Ասվում է, որ պատմության մեջ կեղտոտ գործը քրդերն են արել. թուրքերն իրենց կարգադրեցին սպանել հայերին եւ հետո այդ տարածքում շինել իրենց երկիրը:

Հայ կինը Էրգենում Հայ կինը Էրգենում

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Այսինքն, քրդերին էլ խաբեցին: Երկար ճանապարհիս ընթացքում մի քանի քուրդ հանդիպեցի, որ ինձնից ներողություն էին խնդրում, ասելով նույն բանը. «Մենք եւ մեր պապերն էշ եղանք, չհասկացանք, որ հայերը նախաճաշ էին, իսկ մենք՝ կեսօրվա ճաշ»: Թուրքեր կան, որ նույնիսկ չգիտեն պատմությունը, հայն իր համար մյուս ազգերի նման ազգ է: Մեր գործը մրջյունի գործ է. մեկ-մեկ, մարդ-մարդ, գյուղ-քաղաք պետք է ներկայացնել պատմությունը, խոսել դրա մասին: Հիմա, ճանապարհորդությունից մեկ տարի անց, շատ հետաքրքիր նամակներ եմ ստանում: Մարդիկ ինձ գրում են, որ գիրքս տեսել են Պոլսում, հրավիրում են իրենց գյուղ, վկայում, որ այնտեղ էլ հայ տատիկ-պապիկներ եւ հայկական քարեր կան: Փաստորեն, անվերջ գործ է: Մենք պետք է փոխենք սխալ գրված պատմությունը:

Բաբկեն պապիկն ու իր քույրը Արաբկիրի  մոտակա գյուղերից մեկում Բաբկեն պապիկն ու իր քույրը Արաբկիրի մոտակա գյուղերից մեկում

Լուսանկարը` Նորայր Շահինյան

Երբ ես Բրազիլիայում հայտնեցի ճանապարհորդությանս մտադրության մասին, ինձ ամեն բան ասացին` դավաճան, խենթ, սխալ գործ եմ սկսել, այնտեղ հայ չի մնացել, այդ հողերում ինձ համար նյութ չկա: Բայց ես վստահ գնում էի : Երբ վերադարձա առաջին ճանապարհորդությունից, կարծես, թռչուն լինեի: Ինձ համար թռչունը շատ կարեւոր խորհրդանիշ է, լուր բերել, տանել, տարածել, ետ վերադառնալ բույն: Այդ ճանապարհորդությունները շատ բան փոխեցին իմ հոգեբանության մեջ: Կամաց-կամաց կարողացա հետաքրքրություն առաջացնել իմ սերնդի հայերի շրջանակներում: Հարցուփորձ անելուց հետո, շատերն ասում էին, որ իրենք էլ կուզեն գնալ: Դա իմ առաջնային նպատակն էր:

 

- 2016 թվականին Երեւանում առաջին անգամ բացվեց քո լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Որպես ճարտարապետ, ի՞նչ կասես մերօրյա Երեւանի մասին:

 

- Առաջին անգամ այցելեցի Երեւան 2004 թվականին, երբ Հյուսիսային պողոտան դեռ փլատակային վիճակում էր: Շատ զարմացա, որ դրա կառուցման համար այդքան հետաքրքիր շենքեր քանդեցին: Իհարկե, Հյուսիսային պողոտան Թամանյանի նախագծի մասն էր կազմում, բայց պետք էր այն կառուցել քաղաքի պատմական ոճին համահունչ՝ պահպանելով երեւանյան հին դեմքը: Այս տարի ցավով տեսա, որ գործընթացը շարունակվում է, ամենը քանդում են: Շատ ափսոս է:

 

Մենք դեռ շատ մեծ ճանապարհ ունենք` զարգացնելու համար մեր երիտասարդ պետությունը: Ցուցահանդեսիս կազմակերպման ժամանակ պայծառ երիտասարդների հետ ծանոթացա: Այդպես էլ պետք է շարունակենք: Կարծում եմ, Հայաստանում դեռ սովետական ժամանակաշրջանի շունչը կա, երբ բնակչությունը հարուստ չէր, բայց պետությունն ամեն ինչով ապահովում էր: Պետք է փոխել այդ մտածելակերպը եւ առաջ նայել:            

 

- Կպատմե՞ս ապագա ծրագրերիդ մասին:

 

- Հիմա աշխատում եմ պապիկիս արխիվի վրա, ուզում եմ Սիրիայի հետ կապված պատմական մի բան ստեղծել: Պապիկս ժամանակին նկարել է Սիրիայի կյանքը, հայրս, ով նույնպես ճարտարապետ եւ լուսանկարիչ է, հետաքրքիր նկարներ ունի Սիրիայի հետ կապված, ես էլ այնտեղ եղա 2004 թվականին: Փաստորեն, երեք սերնդի լուսանկարների միջոցով կարելի է ներկայացնել Սիրիայի վերջին հարյուր տարվա կյանքը:

 

Սպասում եմ, որ պատերազմական վիճակը հանդարտվի, հուսով եմ, շուտով այդպես էլ կլինի, որպեսզի վերջին ֆոտոշարքն էլ ստեղծեմ: Այդ ամենը փորձելու եմ ներառել մեկ ծրագրի մեջ: Կուզենայի նաեւ մի փոքր վավերագրական ֆիլմ պատրաստել այն բոլոր վիդեոնյութերից, որ արել եմ ճամփորդության ընթացքում: Շատ հետաքրքիր զրույցներ ունեմ` նկարահանած տեղի ընտանիքների, տատիկ-պապիկների հետ: Թուրքերեն են, պետք է ամենը թարգմանվի: Մեծ աշխատանք կա անելու, բայց հիմնական նյութն արդեն ունեմ: Այսօր շատ դժվար կլիներ կրկնել այն ժամանակ արված ճամփորդությունս: Բախտավոր եմ, որ Սասունում եղա, Մուշ բարձրացա: Այս առումով էլ նկարածս նյութն արժեքավոր է: Գիրքս եւ լուսանկարները մի քանի օր առաջ ներկայացրեցի այստեղ` Փարիզում, հուլիսին Բուենոս Այրեսում պետք է ցուցահանդես ունենամ, ապա` Ուրուգվայում: Մի խոսքով, բավականին շատ ծրագրեն կան:  

 

- Հայաստան լսելով ի՞նչի մասին ես մտածում առաջինը:

 

- Հայաստանը հույս է: Եթե նման արյունալի պատմությունից հետո, ազգը շարունակում է գոյություն ունենալ, նշանակում է, որ իր հետ կապված մեծ հույսեր կան : Մեր պատմությունը լիովին հիմնված է հույսի վրա:  

 

Լիլիթ Սոխակյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին