Եվանգելինա Հիմիտյան՝ Պապը շատ քաջ է, որ որոշեց գալ Հայաստան - Mediamax.am

exclusive
8540 դիտում

Եվանգելինա Հիմիտյան՝ Պապը շատ քաջ է, որ որոշեց գալ Հայաստան


Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը
«Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը լուսաբանող լրագրողների խմբի կազմում Հայաստան է ժամանել նաեւ արգենտինյան LA NACION թերթի թղթակից Եվանգելինա Հիմիտյանը:

 

Նա Արգենտինայի Հայ Ավետարանչական եկեղեցու սպասավոր Խորխե (Հրայր) Հիմիտյանի դուստրն է: Բուենոս Այրեսի Արքեպիսկոպոս եղած ժամանակ կարդինալ Խորխե Բերգոլիոն, որը 2013-ին Ֆրանցիսկոս Պապ հռչակվեց, ընկերություն էր անում Խորխե Հիմիտյանի հետ: 

 

Ավելի ուշ Խորխե Բերգոլիոյի հետ լրագրողական աշխատանքի բերումով սկսեց շփվել նաեւ Եվանգելինան եւ 2013-ին լույս տեսավ նրա «Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը:

 

Մեդիամաքսի թղթակիցը Երեւանում հանդիպել է Եվանգելինա Հիմիտյանի հետ:

 

***

 

Հայերեն, ցավոք, չգիտեմ: Մայրս արգենտինուհի է, հայրս՝ հայ: Թեեւ շատ հայ ընկերներ ունեմ, բայց, ցավոք, հայերեն չեմ խոսում: Բայց լավ գիտեմ իմ մեծ պապի եւ մեծ տատի պատմությունը: Նրանց երկուսին էլ ցեղասպանության ժամանակ փրկել են թուրք հասարակ մարդիկ: Հայրս պատմում էր, որ Մեծ տատս՝ Վիրջինը, ինը տարեկան էր, երբ Այնթափից սկսեցին նրա ընտանիքի տեղահանությունը: Այդ գիշեր նա տեսավ, թե ինչպես իր ընտանիքին այրեցին: Միայն նա, եղբայրն ու քույրը կարողացան փրկվել թուրք գյուղացու օգնությամբ:

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծ պապս`Մովսեսը, ով նույնպես Այնթափից էր, 15 տարեկան էր այդ ժամանակ: Նրա ողջ ընտանիքին թուրքերը սպանեցին, իսկ նրան ու մի խումբ տղամարդկանց աքսորի ուղարկեցին դեպի Սիրիայի անապատները: ճանապարհին նրան հաջողվեց փախչել թուրք զինվորականներից ու մի քանի օր ապաստան գտնել թուրք ռամիկի տանը, ով հոգ է տանում մեծ պապիս մասին: Հետո նա հասավ Սիրիա: Մեծ պապս ու մեծ տատս իրար հանդիպեցին Սիրիայում, ամուսնացան, ապրեցին Հալեպում, հետո Հայֆայում, իսկ Երկրորդ Համաշխարհայինի ավարտից հետո որոշեցին նավով տեղափոխվել Արգենտինա, եւ այնտեղ նոր կյանք սկսել:

 

Մեր ողջ ընտանիքը խորապես հուզված էր, երբ 2015 թ.-ին ապրիլին Պապը Վատիկանում հատուկ պատարագ անցկացրեց եւ 1915թ.-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Դա վկայում էր, որ մարդիկ կիսում են մեր վիշտը, ընդունում, որ դա իրականություն է եղել: Եթե ցեղասպանությունը չլիներ, եթե իմ ընտանիքի անդամներն այն ժամանակ չսպանվեին, ես Արգենտինայում չէի լինի:

 

***

 

Հայաստանում առաջին անգամ եմ: Շատ հուզիչ է, մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ:  Կարծես կյանքիս խճանկարում ինչ-որ կարեւոր բան էր պակաս, որը վերջապես լցվեց:

 

***

 

Հայրս, ով Բուենոս Այրեսի Ավետարանչական եկեղեցիների սպասավորների խորհրդի նախագահն էր, 2001 թ.-ին հանդիպեց  կարդինալ Բերգոլիոյի հետ: Նրանք մտերմացան, միասին պատարագներ էին անցկացնում: Նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ ներգաղթյալների ընտանիքից էին, անցել էին նոր երկրում հաստատվելու բարդ ճանապարհը եւ ամեն ինչ զրոյից սկսել:

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պապը շատ մտերիմ էր Արգենտինայի հայ համայնքի հետ: Հայաստանի դեսպանությունը շատ մոտ է գտնվում Բուենոս Այրեսի գլխավոր եկեղեցուն, եւ լինելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը, նա հաճախ էր այցելում համայնքին եւ դեսպանություն:

 

2004 թ.-ին դեկտեմբերին Բուենոս Այրեսի գիշերային ակումբներից մեկում ուժեղ հրդեհ բռնկվեց: Զոհվեց շուրջ 200 մարդ, մեծ մասը՝ երիտասարդներ: Այդ օրերին հոգեւոր գլխավոր այրերը մեկնել էին քաղաքից, եւ Բուենոս Այրեսում մնացել էր միայն կարդինալ Բերգոլիոն: Դեպքից հետո, զոհերի հարազատների բարոյական օգնության տրամադրելու կարիք կար, նրանց հետ պետք էր զրուցել, սփոփել: Կարդինալ Բերգոլիոն զանգեց Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդին եւ խնդրեց, որ գերաշնորհ տերը միանա իրեն՝ օգնելու այդ հարցում: Այդ դեպքից հետո կարդինալի համակրանքը Արգենտինայի հայության հանդեպ էլ ավելի մեծացավ:

 

***

 

Կարդինալը չէր սիրում խոսել լրագրողների հետ: Երբ նա դեռ քաղաքի արքեպիսկոպոսն էր, բազմիցս փորձել էի զրուցել նրա հետ, բայց անընդհատ չէր ստացվում: Նա չէր ուզում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել: Գերադասում էր խոսել «առանց հրապարակման» ձեւաչափով: Շատ համեստ էր, զուսպ, այդպիսին է նաեւ այսօր:

 

Մի օր, երբ հոդված պատրաստեցի քաղաքի կայարանի մոտ ապրող չքավոր ընտանիքների թշվառ վիճակի մասին, նա օգնականի միջոցով ինձ էլեկտրոնային նամակ ուղարկեց՝ ասելով, որ ընթերցել է հոդվածս եւ շատ է այն հավանել:

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ սկսեցի լուսաբանել եկեղեցական հարցերը, կարդինալի հետ հանդիպելու առիթները շատացան: Եկեղեցական հարցերով ժողովներից մեկի ժամանակ, կարդինալ Բերգոլիոյին հարցրեցին, թե ո՞ր ռեստորանում կցանկանա ճաշել: Նա պատասխանեց, որ ռեստորան չի գնա, կընթրի նույն վայրում, որտեղ հանդիպման բոլոր մասնակիցները: Ճաշի ժամին, եկեղեցու սպասավորներն առաջինը մոտեցան ընդհանուր սեղանին:

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հերթը հասավ լրագրողներին, տեսանք, որ սեղանին գրեթե ոչինչ չէր մնացել: Վերցրեցինք այն, ինչ մնացել էր եւ կիսվեցինք միմյանց հետ: Դա տեսնելով՝ կարդինալը վերցրեց հոգեւորականների առջեւ դրված ուտելիքը, բերեց լրագրողների մոտ եւ հյուրասիրեց մեզ: Նա միշտ նույնքան հոգատար, կամեցող եւ համեստ է եղել:

 

***

 

2013 թ.-ին, երբ կարդինալը Պապ դարձավ, նույն տարվա մայիսին հայրս եւ արգենտինացի մի քանի հոգեւորականներ այցելեցին Վատիկան: Որպես եկեղեցական հարցերը լուսաբանող լրագրող՝ նրանց հետ Վատիկան մեկնեցի նաեւ ես: Երբ հասանք պապի կեցավայրը, անվտանգության պահակախումբն ինձ ներս չթողեց, քանի որ անունս, ի տարբերություն հոգեւորականների անունների, ցուցակում չկար: Պապը հորս հետ խոսեց գրքիս մասին:

«Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը «Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրս էլ ասաց, որ ես ներքեւում եմ, բայց չկարողացա մտնել: Պապը զանգեց պահակախմբին, եւ ես բարձրացա վերեւ: Խոսեցինք գրքից, նա ասաց, որ իսկապես շատ է հավանել այն: Դրանից հետո մենք պարբերական շփման մեջ ենք եղել էլեկտրոնային նամակագրության միջոցով:

 

***

 

Կարծում եմ` նա շատ քաջ է, որ որոշեց գալ Հայաստան: Նա արդեն գիտի, որ իր այցով փոխում է աշխարհաքաղաքական շախմատի խաղաքարերը: Սա իսկապես շատ կոնֆլիկտային տարածաշրջան է, եւ նա գալիս է ասելու, որ խաղաղությունն այստեղ իսկապես հնարավոր է: Նա աղոթում է Աստծուն, որպեսզի կամուրջ դառնա երկրների միջեւ՝ խաղաղ ապագա ստեղծելու հարցում:

 

Եկատերինա Պողոսյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին