Ֆրանցիսկոս Պապ. «Թող Աստված օրհնի հայ ազգը» - Mediamax.am

41549 դիտում

Ֆրանցիսկոս Պապ. «Թող Աստված օրհնի հայ ազգը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիմավորել են Բարիգալստյան «Հրաշափառի» արարողությամբ:

Ինչպես Մայր Աթոռից հաղորդում է Մեդիամաքսի թղթակիցը, քիչ առաջ Մայր Տաճարում ավարտվել է Հռոմի Սրբազան Քահանայապետի այցին նվիրված Բարիգալստյան արարողությունը:

 

Մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո հնչող «Հրաշափառի» շարականի երգեցողության եւ աղոթքից հետո՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարի գալստյան խոսքով դիմել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին:

 

Ուրախություն եւ գոհունակություն հայտնելով Հռոմի Պապին՝ առաջին քրիստոնյա երկիր այցի համար՝ Գարեգին Բ-ն նշել է. «Ձերդ սրբության այցելությունը նոր վկայություն է մեր եկեղեցիների եղբայրության եւ գործակցության, որը զորացնում է Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների հավատացյալներին եւ տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:

 

Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Վատիկանի Սուրբ Պետրոս մայր տաճարում Ձեր մատուցած հանդիսավոր պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ Ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառը: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ միասնաբար կարող ենք աղոթել եւ հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլեւ քրիստոնեական հավատքի հաղթանակի հավաստիքն է»:

 

Գարեգին Երկրորդն ասել է, որ մարդասիրական ճգնաժամերի խորացման ժամանակաշրջանում առավել կարեւորվում է քույր եկեղեցիների գործակցությունը՝ աշխարհում հոգեւոր եւ բարոյական արժեքների պահպանման համար:

 

«Աղոթք ենք բարձրացնում աշխարհում համերաշխ կյանքի համար: Բարի եք եկել Աստվածաշնչյան երկիր Հայաստան եւ Մայր Աթոռ Էջմիածին»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, իր հերթին ողջունելով ներկաներին, ասել է.

 

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ցնծագին ընդունելության համար, որով ինձ դիմավորեցիք: Տիրոջը գոհություն եմ մատուցում ձեր ժողովրդի հավատի լույսի համար, հավատ, որը Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոսը Ձեր փառքն է, ձեր լույսը, արեգակը, որը ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին: Խոնարհվում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղավ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնեությունը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակվում էին բորբոքվել հալածանքները: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանավորված, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի, ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս օրինակելի պահպանման համար»:

 

Հռոմի պապը գոհունակություն է հայտնել հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ երկխոսության եւ եղբայրության համար:

 

Ֆրանցիսկոս պապը խոսել է նաեւ խաղաղության մասին:

 

«Տիրոջ աշակերտների միջեւ համագործակցությունը նման է լույսի՝ խավարամտած գիշերում, եւ կանչ է՝ ապրելու սիրով եւ տարբերությունների փոխըմբռնմամբ: Այն մի հզոր կոչ է տարակարծություններն ու հակասությունները հարթելու երկխոսությամբ եւ արժեւորելու այն, ինչ մեզ միացնում է: Երբ մեր գործը ներշնչված եւ ուղղորդված է Քրիստոսի սիրով, ստեղծվում են պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի եւ ամբողջ հասարակության առարկայական, երթեւեկելի ճանապարհի համար՝ ներդաշնակելու հակամարտությունները, որոնք պատառոտում են քաղաքակիրթ կյանքը եւ փորում դժվար բուժող բաժանումներ: Ամենակարող Աստված, թող Աստված օրհնի ամբողջ հայ ազգը եւ պահպանի հավատի մեջ, որը ստացել եք Ձեր հայրերից եւ փառավորություն տվել ձեզ դարեր ու դարեր»:

 

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստան է եկել «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով:

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին