Հռոմի Պապի ելույթի անակնկալները եւ սերը հայկական ծիրանի հանդեպ - Mediamax.am

8183 դիտում

Հռոմի Պապի ելույթի անակնկալները եւ սերը հայկական ծիրանի հանդեպ


Լուսանկարը` Reuters

Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին
Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 24-ի երեկոյան Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին ամփոփել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի առաջին օրը:

Ներկայացնում ենք նրա խոսքի առավել կարեւոր հատվածները:

 

Պապը վերջին պահին իր ելույթում ավելացրել է «ցեղասպանություն» բառը

 

ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրառել է եւ՛ Մեծ եղեռն, եւ՛ ցեղասպանությունը բառերը՝ նկարագրելու 1915թ.-ի դեպքերը: Պապը նախկինում բազմիցս ասել է, որ դա ցեղասպանություն է եղել: Մենք երբեւէ չենք ժխտել, որ դա այդպես է եւ Նորին Սրբությունը պատճառ չէր տեսնում ցեղասպանություն բառն այսօր էլ  չկիրառելու համար:

 

Պապը նախօրոք հաստատել էր այսօրվա իր ելույթի տեքստը, որի սկզբնական տարբերակում չի եղել «ցեղասպանություն» բառը: Անհերքելի է, որ այսօր նա որոշեց ավելացնել «ցեղասպանություն» բառը նախապես գրված տեքստում: Նա մտածեց դա, եւ որոշեց ավելացնել այդ եւ ուրիշ բառեր: Այդ հարցում նրա վրա որեւէ ճնշում, պարտադրանք չի եղել ոչ մեկի կողմից: Նա պատրաստել էր տեքստը, այն մեզ հանձնել, մենք էլ այն նախապես բաժանել էինք մամուլին: Բայց մենք ձեզ ասել ենք միշտ, որ Պապը իր ելույթներում սովորաբար վերջին վայրկյանին փոփոխություն է անում: Միշտ հորդորել ենք, որ պատրաստ լինեք անակնկալների, քանի որ իր ելույթում նա կարող է որեւէ բան փոխել, եւ անգամ շոկի ենթարկել ոմանց:

 

Ես ձեզ կոչ եմ արել միշտ ուշադիր լսել Պապի ճառերը: Հորդորում եմ նաեւ հիմա:  Վաղը նա դեռ ասելիք ունի:

Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին Ֆրանցիսկոս Պապը եւ Ֆեդերիկո Լոմբարդին

Լուսանկարը` Reuters

Թուրքիայի արձագանքի մասին

 

Ես չեմ կարող Թուրքիայի փոխարեն խոսել: Կարող եմ կրկնել միայն այն, ինչ ասել է Պապը, իսկ նա միշտ խոսում է խաղաղության, ազգերի միջեւ հաշտության, երկխոսության համար: Այս այցի ընթացքում, նա նույնպես նույն ոգով է արտահայտվել: Կան շատ հայեր, ովքեր լավ հարաբերություններ ունեն թուրքերի հետ եւ հակառակը: Անհամեմատ շատ մարդիկ ուզում են խաղաղություն եւ երկխոսություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն:

 

Պապի այցը նոր քրիստոնյաներ կբերի Հայաստան

 

Պապը մեծ հարգանքով է վերաբերում Հայաստանի մշակույթին, քրիստոնեական անցյալին, պատմությանը: Դուք անհավատալի պատմություն, իմաստություն ունեք, որը համաշխարհային կարեւորություն ունի: Կարծում եմ, Պապի այցը շատերի համար կբացահայտի հայ ժողովրդի հոգեւոր հարստությունը, եւ վստահ եմ, որ այս այցից հետո շատ քրիստոնյա ուխտավորներ կգան Հայաստան:  

 

Հայկական ծիրանի մասին

 

Հայկական ծիրանը հայտնի է ողջ աշխարհում: Այսօր, երբ հասանք Էջմիածին, մեր սենյակներից մեկում հայտնաբերեցինք մի սկուտեղ՝ լի այդ սքանչելի մրգով: Մեծ հաճույք ստացանք այն ուտելուց: Պապը լավ իրազեկ է հայկական ծիրանի մասին եւ շատ է այն գնահատում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին