Ալեքսեյ Բուկալով. Պապի՝ Էջմիածնում իջեւանելը հատուկ հարգանքի նշան էր - Mediamax.am

exclusive
20861 դիտում

Ալեքսեյ Բուկալով. Պապի՝ Էջմիածնում իջեւանելը հատուկ հարգանքի նշան էր


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

Լուսանկարը` PAN Photo

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Բուկալովը
Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Լուսանկարը` PAN Photo


Ռուս լրագրող Ալեքսեյ Բուկալովը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ուղեկցող պատվիրակության կազմում հունիսի 25-27-ն այցելել էր Երեւան:

 

Ալեքսեյ Բուկալովն Իտալիայում ու Վատիկանում ТАСС ընկերության ներկայացուցչության ղեկավարն է: 2001-ից նա միակ ռուս լրագրողն է, որը Հռոմի պապի մամուլի ծառայության աշխատանքային խմբի կազմում քահանայապետերին ուղեկցում է իրենց ինքնաթիռներում ու լուսաբանում արտասահմանյան այցերը: Անցյալ տարի կայացավ Բուկալովի «Քահանայապետերի հետ աշխարհով շրջագայելիս» գրքի շնորհանդեսը, որում լրագրողը պատմում է իր տպավորությունների մասին եկեղեցական տարբեր առաջնորդներին ուղեկցելիս:

 

Մեդիամաքսի լրագրողները Երեւանում հանդիպել են Ալեքսեյ Բուկալովի հետ եւ զրուցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցի կարեւորության, մյուս քահանայապետերի մասին հիշողությունների, նաեւ իր հեղինակած գրքի մասին:

 

Վերադարձ Հայաստան

 

Ինձ համար հուզումնալից է վերադառնալ Հայաստան: Բազմիցս եղել եմ այստեղ: Հայաստան եմ եկել նաեւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցի շրջանակում: Որպես «Նովոյե Վրեմյա» ամսագրի թղթակից՝ Հայաստանում էի 1988թ. երկրաշարժի ժամանակ, ռազմական ինքնաթիռով էինք ժամանել: Կյանքումս ունեցած ամենաահավոր տպավորություններն էին, այդքան շատ երեխաների դիակներ երբեւէ չէի տեսել: Հուսով եմ՝ նման տպավորություններ երբեւէ չեմ ունենա:

 

Հայաստանից սկսող շրջագայությունը

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի մասին կուզեի խոսել աշխարհաքաղաքական տեսանկյունից: Երբ նրան երեք տարի առաջ ընտրեցին Հռոմի Պապ, ինքն իր մասին ասաց՝ «Աշխարհի ծայրից եք Պապ ընտրել»: Մինչ օրս նրա քաղաքական ուշադրությունը՝ որպես եկեղեցու առաջնորդի, Վատիկանի գերագույն ներկայացուցչի, ուղղված է դեպի հեռավոր տարածաշրջաններ: Նույնիսկ Պատրիարք Կիրիլի  հետ նրան հաջողվեց հանդիպել Կուբայում: Այժմ, կարծում եմ, եկել է ժամանակը ուշադրությունը սեւեռելու դեպի հսկայական փլուզված կայսրություն, որի անունն էր Խորհրդային Միություն: Այս շրջագայությունը նա սկսում է հենց Հայաստանից: Ինքն իրենով այս ընտրությունը չափազանց կարեւոր է: Հատկանշական է նաեւ, որ դեպի Հայաստան ուղեւորությունը Պապը կատարում է  ողորմածության տարվա ընթացքում:

Ալեքսեյ Բուկալովը Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշեցնեմ, սա Պապի 14-րդ ուխտագնացությունն է եւ 24-րդ երկիրը, որ նա այցելում է: Պապական յուրաքանչյուր ուղեւորություն իր նշանաբանն ունի, որն էլ որոշում ու նկարագրում է ուխտագնացության նպատակը: Այս անգամ նա ասաց, որ այցելում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջինը ազգին: Սրանով ամեն ինչ ասված է, հարգանքի առավելագույն նշանն է, որ նա կարող էր ցուցաբերել:

 

Մի անգամ Բրազիլիայում

 

«Պապամոբիլե»-ն Ֆրանցիսկոս Պապի հայտնի ավտոմեքենան է, որը նա ժառանգել է Հովհաննես Պողոս Երկրորդից ու Բենեդիկտոս 16-րդ-ից: Ի դեպ, վերջինս Հայաստան այդպես էլ չայցելեց, ու հատկանշական է, որ նրա բառապաշարում «ցեղասպանություն» բառը բացակայում էր:

 

Իր հետ դեպի Բրազիլիա կատարած իմ առաջին ճանապարհորդության ընթացքում նա շրջում էր պապամոբիլեով, իսկ դիմացից նրան ուղեկցում էր ոստիկանության մեքենան: Ոստիկանը, որ ղեկին էր, Բրազիլիա քաղաքից էր ու չկողմնորոշվելով Ռիո-Դե-Ժանեյրոյում՝ Պապին փակուղի մտցրեց: Հռոմի Պապը հայտնվեց քաղաքային տրանսպորտի արանքում, ուղեւորները դուրս վազեցին ավտոբուսներից ու շրջապատեցին նրա մեքենան: Մենք այդ ամենին ահ ու սարսափով հետեւում էինք մամուլի կենտրոնից: Ֆրանցիսկոս Պապը շատ շփվող է, այնպես որ ինքնաթիռում հարցրեցինք նրան՝ «Հուզմունքով հետեւում էինք Ձեզ, չէի՞ք վախենում. հերիք է, որ նրանց մեջ մի խենթ լիներ ու վերջ»: Նա պատասխանեց՝ «Դե, ինչ վախենամ, տեսաք, ոչ մի խենթ էլ ինձ չհանդիպեց»: Սա անհավատալի է, նա ոչնչից չի վախենում: Անկեղծ ասեմ, երբ իր հետ ինքնաթիռով թռչում եմ, ես էլ ոչնչից չեմ վախենում:

 

Գարեգինի հյուրը

 

Բայց այստեղ նա իր մեքենայով ոչ միայն անցավ ամբոխի միջով, այլեւ իր հետ տարավ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հասկանո՞ւմ եք՝ դա իր անձնական տարածքն է, բայց նա հիասքանչ հոգեբան է ու շատ լավ գիտի, թե ինչ է անում: Բայց սա էլ բավական չէ, նա կանգ է առել Էջմիածնում, այսինքն՝ Գարեգինի հյուրն է: Նման բան երբեւէ չէր արել, որեւէ մեկի մոտ որպես հյուր չէր մնացել:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Լուսանկարը` PAN Photo

Այս ավանդույթի սկիզբը դրել է դեռեւս Հռոմի Պողոս 6-րդ Պապը. իրենց ուղեւորությունների ընթացքում Հռոմի Պապերը կանգ են առնում նունցիատուրայում՝ տվյալ քաղաքի Վատիկանի ներկայացուցչությունում: Եթե այն չկա, ուրեմն Հռոմի Պապը կանգ է առնում կաթոլիկ եկեղեցում: Իսկ այստեղ նա մնաց Էջմիածնում, կարծես թե այս փաստը որեւէ մեկը չառանձնացրեց: Իսկ սա հաստատված հարաբերությունների ու հատուկ հարգանքի նշան է:

 

Իրականում, նման այցերը բաղկացած են հենց այսպիսի մանրուքներից, որոնք դառնում են այցը կառուցող հիմնաքարերը:

 

Հայաստան մեկնելուց առաջ

 

Հայաստան գալուց մեկ օր առաջ տեղի ունեցավ բրիֆինգ՝ Պապի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի հետ: Խոսքի ընթացքում գրեթե մեկ անգամ «ցեղասպանություն» բառը չասաց: Նրա հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, շատ եմ հարգում նրան, հարցրի՝ «Հայր, այդպես էլ չստացվեց, որ ցեղասպանություն բառն ասեք, մեզ համար դա պիտի նշա՞ն լինի»: Որովհետեւ Ֆրանցիսկոսին ուղեկցում էի նաեւ Թուրքիա կատարած այցի ընթացքում ու տեսնում էի՝ ամեն ինչ արվում էր, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին նա ներկա չլինի: Այս բրիֆինգները միայն լրագրողները չէ, որ նայում են, նաեւ Վատիկանի հիմնական վարչական մարմնի ներկայացուցիչները, այդ պատճառով էլ, կարծում եմ, ճիշտ արեցի, որ նման հարց տվեցի: Որովհետեւ հետո արդեն երեք անգամ ասաց ցեղասպանություն՝ շատ պարզ ու հստակ:

 

Ֆրանցիսկոս Պապն իհարկե հասկանում է, որ Թուրքիայի հետ վիճելը ձեռնտու չէ հիմա, ավելի հեշտ կլիներ ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային, բայց դա նրա գործելաոճը չէ: Իր համար շատ կարեւոր էր ցույց տալ  իր դիրքորոշումը: Կարծում եմ, որ պատմական պահի եմ մասնակցում:

 

Հովհաննես Պողոս 2-րդը

 

Երբ հայտնվեցի պապական մամուլի ծառայության կազմում, Հովհաննես Պողոս 2-րդն արդեն վատառողջ էր: Նրան տարբեր իրավիճակներում եմ տեսել: Մենք էինք գնում նրա մոտ՝ նրան ողջունելու: Վերջին ուղեւորություններից մեկն էր, իր սրահ մտա, նստած էր՝ աչքերը փակ, ձեռքն էլ պարզած: Ինձ թվաց, թե անջատված վիճակում է: Իր օգնականին նայեցի, հարցրի, գուցե հետո մտնեմ: Նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ու կարող եմ մոտենալ:

Ալեքսեյ Բուկալովը Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ականջիս փոքրիկ, մարմնագույն վիրակապ կար: Մի քանի օր առաջ թեթեւ վիրահատություն էի տարել: Իր ձեռքին դիպա: Օգնականն ասաց, թե ով եմ: Արդեն պատրաստվում էի դուրս գալ, երբ պինդ սեղմեց ձեռքս, բացեց աչքերն ու ասաց՝ «Ականջդ ի՞նչ է եղել»: Որոշեցի կատակել ու ասացի, որ եթե նկատեց ու հարցրեց, ուրեմն արդեն ամեն ինչ լավ է:

 

Կազանյան սրբապատկերի արկածները

 

Հովհաննես Պողոս 2-րդը լավ խոսում էր ռուսերեն, բայց ոչ հանրային վայրերում: Շատ էր ցանկանում Ռուսաստան ուղեւորվել, բայց նրան այդպես էլ թույլ չտվեցին: Տարբեր մտքեր ուներ, թե ինչպես կարող է գնալ այնտեղ: Վերջում արդեն մտածում էր, որ գուցե կկարողանա Կազանյան սրբապատկերն իր հետ Ռուսաստան տանել:

 

Կազանյան սրբապատկերը թաքցված էր Ֆատիմայում՝ Պորտուգալիայում գտնվող փոքրիկ մի վայր է, որտեղ Ֆատիմայի տիրամոր հայտնությունն էր եղել: Երբ թուրք ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջան կրակել էր Հռոմի Պապի վրա ու նրան արյունահեղ վիճակում տանում էին հիվանդանոց, հանկարծ նա գիտակցության եկավ ու հարցրեց ամսաթիվը: Նրան պատասխանեցին, որ մայիսի 13-ն է: Պապն ասաց, որ հանգիստ լինեն, իր հետ բան չի պատահի, որովհետեւ Ֆատիմայի տիրամոր հայտնության օրն է, ու նա կպաշտպանի իրեն: Պապը կենդանի մնաց, ու երբ նրան թույլ տվեցին տեղաշարժվել, նա առաջին հերթին Ֆատիմա մեկնեց ու այնտեղի սպասավորներին հանձնեց փամփուշտը, որն այսօր զարդարում է Ֆատիմայի թագը: Նրան հարցրեցին, թե ինչպես կարող են շնորհակալություն հայտնել: Պապը խնդրեց իրեն նվիրել Կազանյան սրբապատկերը: Սակայն նրան մերժեցին, որովհետեւ հատուկ թույլատվություն էր պետք: Որոշ ժամանակ անց Պապը ստացավ սրբապատկերը, որը տեղադրվեց նրա ննջասենյակում:

 

Ես ներկա էի Հովհաննես Պողոս 2-րդի եւ Պուտինի հանդիպմանը: Ինչ-որ պահի Պապը հատուկ նշան արեց, դռները բացվեցին ու ներս բերվեց Կազանյան սրբապատկերը: Մեր նախագահն անհանգստացավ, մտածեց, թե հիմա սրբապատկերն իրեն կհանձնեն: Իսկ Պատրիարքի հետ հատուկ պայմանավորվածություն չկար, ոչ էլ նախապես գրված տեքստ կար: Հովհաննես Պողոսը զգաց նրա անհանգստությունը, ձեռքը մեկնեց ու ասաց՝ «Պարզապես ցանկանում էի, որ նա էլ ներկա լիներ մեր հանդիպմանը»:

 

Բենեդիկտոս Պապը

 

Բենեդիկտոսին մարդկային ամբոխն այդքան էլ չէր սիրում, չնայած ամբոխը քչերին է սիրում: Պարզապես նա բավարար էմոցիոնալ ու շփվող չէր: Իմ կինը՝ Գալյան, էքսկուրսավար է, հետաքրքիր թեմա ունի՝ Վատիկանի այգիներն է ցուցադրում զբոսաշրջիկներին: Նա ինձ պատմում էր, որ երբ Վատիկանում շատ լուռ էր լինում, կարելի էր լսել, թե ինչպես է Բենեդիկտոսը ռոյալ նվագում: Մի անգամ էլ զբոսաշրջիկներին ասել էր՝ «Եթե լռեք, կլսեք, ինչպես է նվագում Հռոմի Պապը»: Ու նրանք լսել էին:

Ալեքսեյ Բուկալովը Ալեքսեյ Բուկալովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեհաստան էինք մեկնել, նա պնդեց, որ իրեն Օսվենցիումմ տանեն, չնայած նման այց ծրագրում չկար: Ահավոր մի տեղ է, նա հրաժարվեց ավտոմեքենայով գնալուց, ասաց, որ միայն նացիստներն են մեքենայով մտել այնտեղ եւ ոտքով քայլեց: Անձրեւ էր գալիս, նրա օգնական հայր Գեորգը անձրեւանոց էր բռնել: Մենք էլ, կանգնած ծածկի տակ, հետեւում էինք: Յուրաքանչյուր հուշաքարի մոտ կանգ էր առնում ու աղոթք կարդում: Բենեդիկտոսը հասավ վերջին հուշաքարի մոտ, անձրեւը վերջացավ ու հայր Գեորգը փակեց անձրեւանոցը: Պապը բարձրացրեց գլուխն ու բարձր ասաց՝ «Ու՞ր էիր աստված»: Ամենահրաշալին այն էր, որ նա ստացավ իր պատասխանը՝ երկնքի վրա ծիածան հայտնվեց, որ կտակարանում խորհրդանշական նշանակություն ունի: Անհավատալի էր:

 

«Քահանայապետերի հետ աշխարհով շրջագայելիս»

 

Գրքումս մի լուսանկար կա, որտեղ Ֆրանցիսկոս Պապի հետ զրուցում ենք ինքնաթիռում: Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու ընթացքում էր: Լավ չէի զգում, ջերմություն ունեի: Շահադիտական մղումներով ամենավերջին շարքում նստեցի, որ ուղեկցորդուհուց հաճախ թեյ խնդրեմ: Պապն ինձ մոտեցավ: Ընդհանրապես ինքնաթիռում մենք ոտքի չենք կանգնում, որ չփակենք իր մուտքը, բայց ես վերջում էի նստած ու կանգնեցի: Նա ասաց ինձ, թե որքան է հարգում Վատիկանում Ռուսաստանի դեսպանին, ես էլ շնորհակալություն հայտնեցի, մի քիչ զրուցեցինք: Մեզ հետ բազմաթիվ նոր լրագրողներ էին ուղեւորվում, որոնք խանդում էին: Ավելի ուշ ինձ մոտեցան ու հարցրին, թե ինչ էինք այդքան երկար խոսում: Ես էլ ասացի, որ Պապն իրենց մասին էր հարցնում, ու ես էլ նրան պատասխանեցի, որ «անպիտաններ են»:

 

Հայաստան գալուց առաջ Պապն ասաց ինձ՝ «Բուկալով, լիքը ռուսերեն կխոսես, հատուկ եմ ընտրել նման երթուղի»:

 

Իսկ գիրքը Վատիկանի յուրահատուկ ուղեցույց է: Գրքում տարբեր պատմություններ կան, չէ՞ որ ես պաշտոնական ժամանակագիր չեմ: Փորձել եմ ցույց տալ այս կյանքի ռիթմը, որովհետեւ ժամանակին Հռոմի Պապերը Վատիկանում փակված էին, որեւէ տեղ չէին ուղեւորվում: Իսկ Ֆրանցիսկոս Պապն իրեն դիվանագետ չի համարում, նա հասարակ մարդ է, որ մոտ է գտնվում ժողովրդին, չի նեղանում, եթե իր հետ ցանկանում են սելֆի անել: Կարծում եմ, բախտս բերել է, որ այս ամենին կարող եմ ներսից հետեւել:

 

Զրուցեց Լենա Գեւորգյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին