«Ավրորա» եւ Նոբելյան մրցանակները, Քարդաշյաններն ու Հռոմի Պապը - Mediamax.am

exclusive
5475 դիտում

«Ավրորա» եւ Նոբելյան մրցանակները, Քարդաշյաններն ու Հռոմի Պապը


Լուսանկարը` Մեդիամաքս/Aurora Prize

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդում
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդում

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Երեւանում
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Երեւանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը
Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Aurora Prize


2015-16 թթ. մեր երկրում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շնորհիվ աշխարհում շատերն իմացան Հայաստանի, Հայոց ցեղասպանության եւ հայերի` մարդասիրությանն ուղղված ջանքերի մասին:

 

Դրանցից կարելի է առանձնացնել «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը (2016թ.), Քարդաշյանների այցը Հայաստան (2015թ.) եւ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան (2016թ.):

 

Մարքեթինգի եւ հաղորդակցության ոլորտում համաշխարհային առաջատար Edelman ընկերությունն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվերով իրականացրել է վերոնշյալ իրադարձությունների` ավանդական եւ սոցիալական մեդիայում լուսաբանման ծավալների համեմատական վերլուծություն: Բացի վերեւում թվարկված իրադարձություններից, Էդելման ընկերությունը համեմատական վերլուծության մեջ ներառել է նաեւ 2015 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հայտարարությունը:

 

Վերլուծության են ենթարկվել այն բացառիկ հոդվածները, որոնք հրապարակվել են տարբեր երկրների անգլիալեզու լրատվամիջոցներում, ներառյալ այնպիսի առաջատար պարբերականներն, ինչպիսիք են The Guardian-ը, The New York Times-ը, Forbes-ը եւ այլն: 

 

Վերլուծությունը ներառում է հոդվածների ծավալների համեմատություն երկշաբաթյա ժամանակահատվածում` իրադարձությանը նախորդող եւ հաջորդող օրերին:

 

Խաղաղության Նոբելյան մրցանակ

 

«Ավրորա» մրցանակի հետ համեմատության մեջ գտնվող երեք իրադարձություններից լուսաբանման ծավալով առաջատարն է Խաղաղության Նոբելյան մրցանակը: Անգլիալեզու լրատվամիջոցներում այս թեմայով տպագրվել են 476 բացառիկ հոդվածներ: Հոդվածների մեծ մասը ենթադրություններ էին հավանական դափնեկրի վերաբերյալ, որոնց թվում նշվում էին Անգելա Մերկելը եւ Ֆրանցիսկոս Պապը: Հոդվածների մյուս մասն էլ հաղթողին ուղղված շնորհավորական ուղերձներ էին: Լուսաբանումը մեծամասամբ հիմնված է եղել մամուլի հաղորդագրությունների շրջանառության վրա:

 

Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան

 

Լուսաբանման ծավալով երկրորդն է Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. անգլերեն լեզվով տպագրվել են 366 բացառիկ հոդվածներ: Լուսաբանումը հիմնականում է կենտրոնացած էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խնդրի վրա, ինչպես նաեւ այն կանխատեսումների, թե Ֆրանցիսկոս Պապը կարտասանի արդյո՞ք «Ցեղասպանություն» բառը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդում

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերլուծության ենթարկված 366 հոդվածներից 120-ը հրապարակվել են հայկական լրատվամիջոցներում (անգլերեն լեզվով):

 

Քարդաշյանների այցը Հայաստան

 

2015-ին Քարդաշյանների Հայաստան այցի արդյունքում անգլիալեզու լրատվամիջոցներում հրապարակվեցին 206 բացառիկ հոդվածներ, որոնք մեծ ուշադրություն հրավիրեցին Հայաստանի եւ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ: Լուսաբանման մեծ ծավալը պայմանավորված էր հատկապես սոցիալական մեդիայի ակտիվությամբ, քանի որ Քարդաշյանները հետեւորդների մեծ բանակ ունեն Twitter եւ Instagram սոցիալական ցանցերում: Հարկ է նշել, որ այս հոդվածների մեծ մասը կենտրոնացած էր ոչ այնքան այցի վրա, որքան Քարդաշյան ընտանիքի ամենօրյա հարաբերությունների վրա: Այցը մեծամասամբ լուսաբանում էին ժամանցային լրատվամիջոցները, մի քանի հոդվածներ հրապարակվել են նաեւ The New York Times, The Guardian, ABC News, The Telegraph եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցներում:

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Երեւանում Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Երեւանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի դեպ, 2015թ. ապրիլին մեդիա մոնտիտորինգի փորձագետ Մայք Շալջյանը հաշվարկել էր, որ PR արշավի դեպքում Քարդաշյան քույրերի` Հայաստան կատարած այցի առաջին երկու օրերի լուսաբանումը ամերիկյան հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կարժենար $ 36 507 929: Այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

 

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխություն

 

«Ավրորա» մրցանակի մասին հրապարակվել են 126 բացառիկ հոդվածներ: Լուսաբանումը հիմնականում կենտրոնացած էր Ջորջ Քլունիի Հայաստանում գտնվելու, Մարգարեթ Բարանկիցեի դափնեկիր հռչակվելու եւ Հայոց Ցեղասպանության վրա: Չնայած լուսաբանման համեմատաբար քիչ ծավալին, այն բավականին նշանակալի էր, եւ հոդվածներում առկա էին մրցանակի բանալի հաղորդագրություններից (key message) նվազագույնը երկուսը:

Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Aurora Prize

«Ավրորայի» լուսաբանումը, ի տարբերություն մյուս իրադարձությունների, ամենաշատն էր կենտրոնացած Հայաստանի եւ մարդասիրական նպատակների վրա:

 

«Ավրորա» մրցանակի լուսաբանման արդյունքներից են`

 

•    յուրօրինակ լուսաբանում միջազգային հարթակում (հոդվածների 94%-ը պարունակում է 2 եւ ավելի key message);

 

•    մոտ 90 հարցազրույցներ համահիմնադիրների, ընտրող հանձնաժողովի անդամներրի, մրցանակի թեկնածուների եւ VIP-հյուրերի հետ;

 

•    մամուլի ասուլիս 80 լրագրողների մասնակցությամբ;

 

•    15,840 թվիթ (4,580 թվիթ եւ 11,095 ռեթվիթ) եւ մոտ 57.5 միլիոն օգտատերերի ներգրավում;

 

•    18,717 օնլայն հիշատակումներ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին