Իրանը Հայաստանը դիտարկում է որպես մեծ ներուժ ունեցող երկիր - Mediamax.am

6446 դիտում

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես մեծ ներուժ ունեցող երկիր


Վարդան Ոսկանյանը
Վարդան Ոսկանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Իրանագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ Իրանը շարունակում է դիտարկել Հայաստանը որպես կարեւորագույն երկիր Հարավային Կովկասում:

«Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Իրանի նախագահի այցը Հայաստան, ցույց է տալիս, որ այսօր Իրանն առավել քան երբեւէ հետաքրքրված է հարաբերությունների խորացմամբ»,- ասել է փորձագետը:

 

Նրա խոսքով՝ Իրանը, մոտ մեկ տարի առաջ ազատվելով պատժամիջոցներից, որոշակի ուշադրություն է սեւեռել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ «փորձելով որոշ տարբերություններով հանդերձ՝ հարաբերություններ զարգացնել բոլոր կողմերի հետ»:

 

«Իրանցիների համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Հայաստանը շարունակում է մնալ կարեւորագույն գործընկեր: Իրանը Հայաստանը դիտարկում է որպես լրջագույն ներուժ ունեցող երկիր՝ կապված Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերի հետ», - ասել է Վարդան Ոսկանյանը: Նա նկատել է, որ ավտոմայրուղու շինարարությունը պետք է հնարավորինս արագացվի, քանի որ «իրանական բեռնափոխադրողները լուրջ դժվարություններ են ունենում Թուրքիայի տարածքը օգտագործելիս, եւ Իրանը շահագրգիռ է, որպեսզի դեպի Սեւ ծով իր ելքը ապահովվի Հայաստանի եւ Վրաստանի տարածքով»:

 

Նա նշել է, որ Հայաստանը եւս քայլեր է ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունների խորացման համար:

 

«Կարեւորագույն քայլ էր վիզաների չեղարկումը, ինչը ցույց տվեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատվել են վստահության եւ չափազանց բարձր մակարդակի հարաբերություններ»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին