Նարինե Աբգարյան. «Ուրախացեք ուրիշների հաջողությանը» - Mediamax.am

7151 դիտում

Նարինե Աբգարյան. «Ուրախացեք ուրիշների հաջողությանը»


Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը: Մինչ այդ Ռուս-հայկական համալսարանում Նարինեն հանդիպել է ընթերցողների հետ, պատասխանել է նրանց հարցերին ու մակագրել գրքերը։ Ներկայացնում ենք հանդիպման ընթացքում հնչած մտքերից մի քանիսը։

Բերդի մասին

 

Բերդցիները գրածներս չեն կարդում, ու դա ինձ փրկում է։ Եթե կարդային, յուրաքանչյուր բերդցի, ում պատահաբար կհանդիպեի փողոցում, կբողոքեր, որ սխալ եմ նկարագրել այս կամ այն իրադարձությունը ու նաեւ կասեր, որ իսկական բերդցին «աղբը տանից դուրս չի հանում»։

 

Հարավային Կորեայում ապրող ուսանողները «Մանյունյա»-ն էին կարդացել ու Բերդ մեկնել։ Այնտեղից ինձ լուսանկարներ էին ուղարկում՝ «Նարինե, ձեր ամրոցի ֆոնին ենք, այստեղ էլ թթի օղի խմեցինք ու ողջ մնացինք, այստեղ էլ ձեր խոզապուխտն ենք ուտում»: Հրաշալի լուսանկարներ էին։

 

Երկու օր առաջ էլ մի ընկերության ղեկավարից նամակ ստացա: Նա գրում էր, որ «Մանյունյա»-ն կարդալուց հետո ընկերության 50 աշխատակիցների հետ Հայաստան են գալու։ Այսպես էր գրել՝ «Շքեղ հանգիստ ենք պլանավորում, այնպես որ հաշվի առեք, որ բացի մարդկանց երջանկացնելուց, նաեւ ձեր երկրի տնտեսությունն եք խթանում»:

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրողների մասին

 

Հրատարակչական գործը Հայաստանում, ցավոք, այնպիսի վիճակում է, որ շատ տաղանդավոր գրողներ ստիպված են սեփական հաշվին գրքեր հրատարակել։ Իմ բախտը ժամանակին բերեց` հրատարակիչը նկատեց ինձ։

 

Ինձ հաճախ են տեքստեր ուղարկում։ Դա շատ մեծ սխալ է` գրողին պետք չէ տեքստ ուղարկել։ Գրողը սուբյեկտիվ է։ Գուցե շատ լավ բան եք գրել, իսկ նա կարող է չհավանել, դուք էլ հիասփափվեք ու դադարեք գրել։ Ձեր աշխատանքները խմբագրերին ուղարկեք։ Մի վախեցեք, որ դրանք կգողանան, նման բան չի լինի։ Եթե արժանի բան եք գրել, այն անպայման կտպագրեն։ Հավատացեք, հիմա լավ տեքստերի ու գրողների պակաս կա։

 

Նախանձի ու «աստղային հիվանդության» մասին

 

Նախանձն ահավոր բան է, գործընկերներիս մոտ հաճախ եմ նկատում։ Փորձեք ուրախանալ ուրիշների հաջողությանը, ու հաջողությունը ձեզ մոտ էլ կգա։ Այն պահին, երբ սկսում ես նախանձել, հաջողությունը երես է թեքում քեզնից։ Միանշանակ այդպես է․ նման բան տեսել եմ շատ գրողների մոտ։

 

Հաջողություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ճանաչումը՝ մեծ պարգեւ է, որը պետք է ընկալել որպես Աստծո շնորհ ու անսահման շնորհակալ լինել։ Մուսային սպասելն անիմաստ է՝ շատ ալարկոտ է ու հազվադեպ է գալիս։

 

Եթե մարդը չի օգտագործում շնորհը, այն սկսում է կամաց-կամաց սպանել իրեն։ Նման բանի միջով անցել եմ, մի պահ կար, որ որոշեցի՝ էլ չեմ գրելու։ Որոշ ժամանակ անց ընկա ու այնպես վնասեցի ուսս, որ երկար ժամանակ չէի կարողանում շարժվել։

 

Համարում եմ, որ ես տաղանդ չունեմ, շնորհ ունեմ, ավանակի համառություն եւ ջանասիրություն։

 

Ինձ փրկում է այն, որ էությամբ գյուղացի եմ մնացել։ Ինձ մանկուց ասել են, որ հանձնվելը լավ բան չէ։

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կանացի արձակի մասին

 

Կարող եմ երկար ու անսահման հպարտությամբ խոսել կանացի արձակի մասին։ Փառք Աստծո, որ ստեղծվեցին լվացքի մեքենաները, միկրոալիքային վառարաններն ու բլենդերները ու կանայք վերջապես կարողացան գրականությամբ զբաղվել։

 

Բնականաբար, կանանց ու տղամարդկանց ձեռագրերը տարբերվում են։ Տղամարդիկ դեռ մեզնից լավ են գրում, բայց կհասնենք նրանց։

 

Հիմա աշխատում եմ պատերազմի մասին պատմվածքների հավաքածուի վրա։ Դա պարտքս է այն մարդկանց հանդեպ, ովքեր պատերազմի միջով են անցել: Ես նրանց տեսել եմ, ես նրանց ճանաչում եմ։

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին