Կայացել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը - Mediamax.am

4724 դիտում

Կայացել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը


Լուսանկարը` Աննա Բուբուշյանի

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo


Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսը:

Զորահանդեսին մասնակցել են ՀՀ զինված ուժերի մոտահգրաձգային, հատուկ նշանակության, տանկային, հրետանային, հրթիռային, հակաօդային զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաեւ մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

 

Զորահանդեսին ներկայացվել են ՀՀ Զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող հրթիռային «Սմերչ» եւ «Իսկանդեր» համակարգերը:

 

Զորահանդեսի մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:

 

Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել:

 

Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:

Վկան այս զորահանդեսն է:

 

Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է:

 

Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:

 

Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել: Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով:

 

Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը: Ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զորահանդեսն է:

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը: Փա՛ռք նոր արժեք ստեղծող հայաստանցուն:

 

Կեցցե՛ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը. միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել:

 

Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հավասարապես լծված են մեր երկրի զարգացումն ու պաշտպանությունը հետևողական առաջ տանելու գործին:

 

Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող և ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին