Քնեսեթի փոխխոսնակ. «Ցեղասպանությունը ճանաչել չենք կարող» - Mediamax.am

exclusive
10411 դիտում

Քնեսեթի փոխխոսնակ. «Ցեղասպանությունը ճանաչել չենք կարող»


Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովը
Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովը

Լուսանկարը` http://main.knesset.gov.il/


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ «Իսրայելն այսօր հնարավորություն չունի պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

«Իսրայելի նախագահը, Քնեսեթի նախագահը ասել են, որ ընդունում են այդ ողբերգության փաստը: Այլ բան է, որ Իսրայելի եւ այլ պետությունների քաղաքական հարաբերությունները թույլ չեն տալիս պետական մակարդակով ընդունել Հայոց ցեղասպանությունը: Սակայն մեզանից յուրաքանչյուրը իր սրտի խորքում ընդունում է, թե դա ինչպիսի ողբերգություն է եւ հայկական կողմին իր աջակցությունն է առաջարկում»,- Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւան ժամանած Քնեսեթի փոխխոսնակը:

 

Այդուհանդերձ, Թալի Պլոսկովը ընդգծել է, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության ընդունման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, երբ Քնեսեթի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը հունիսին ընդունել է այն:

 

«Հաջորդ քայլը պետք է լինի Իսրայելի նախագահի կամ արտգործնախարարի կողմից, բայց, ցավոք, չեմ կարող ասել, որ դա կլինի: Այս հարցը այդպես էլ կմա: Նման հարցերը արագ չեն լուծվում», - ասել է նա:

 

Քնեսեթի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելի համար կարեւոր է, որ «Երեւանում հասկանան, որ մենք Հայաստանի դեմ ոչինչ չունենք»:

 

«Այո՛, մենք չենք կարողանում հայտարարել այն, ինչ մեր հայ գործընկերներն են ցանկանում: Դրա համար կան պատճառներ, եւ բոլորը դա հասկանում են: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող համագործակցել», - ասել է պատգամավորը:

 

Թալի Պլոսկովը տեղեկացրել է, որ Հայաստանում է Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:

 

«Այցիս բուն նպատակից բացի՝ իմ գործընկեր Արտակ Զաքարյանի հետ որոշել ենք կազմակերպել գործարարների համաժողով, որին մասնակցելու են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ երկու երկրներից: Սեպտեմբերի 24-ին նախատեսված է անցկացնել առաջին նման հանդիպումը», - ասել է Թալի Պլոսկովը:

 

Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի եւ պատգամավորների հետ, որոնց հետ քննարկելու է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

«Վերջին մեկ տարում ակտիվացել է մեր երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչը պետք  է շարունակական լինի: Դրա համար պետք է շատ աշխատել: Այս հարցում, համոզված եմ, խոչընդոտներ չեն առաջանա», - Մեդիամաքսին ասել է Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին