Ռուբեն Վարդանյան. «Ստելը շատ ծանր գործ է» - Mediamax.am

17647 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ստելը շատ ծանր գործ է»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` IDEA


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իրեն երջանկացնում եւ ոգեշնչում է երեխաների հետ շփումը:

Ինչպես հաղորդում է «Այբ» դպրոցի կայքը, այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է սեպտեմբերի 23-ին «Այբ» դպրոցում կայացած «Անկեղծության պահեր» ձեւաչափով հանդիպմանը:

 

Պատասխանելով աշակերտներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կընտրեր, եթե հնարավորություն ունենար մասնագիտությունը փոխելու, Ռուբեն Վարդանյանն ասել է.

 

«Երբ փոքր էի, կարծում էի՝ ծնողներիս եւ քրոջս պես կզբաղվեմ արվեստով: Երբ մեծացա, հասկացա, որ ոչ մի տաղանդ չունեմ եւ որոշեցի զբաղվել գործարարությամբ: Այն հազվադեպ մարդկանցից եմ, ով աշխատում է իր մասնագիտությամբ: Ընտրել եմ այն, ինչ սիրել եմ, եւ երբեք չէի փոխի մասնագիտությունս»:

 

«Երբ հարցնում են՝ որտեղ եմ ապրում, ես պատասխանում եմ՝ չորս տարբեր տեղերում: Իմ կարծիքով՝ ամեն ինչ փոխվել է, եւ դու ունես հնարավորություն՝ ապրելու աշխարհի տարբեր կետերում: Ես իմ կյանքը տարվա տարբեր եղանակներին տեսնում եմ տարբեր վայրերում», - ասել է գործարարը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի մտածում մշտապես Հայաստանում բնակվելու մասին:

 

«Չեմ կարողանում ստել: Ես հասկացել եմ, որ ստելը շատ ծանր գործ է, քանի որ պետք է հիշես, թե ինչ ես ստել, ում ես ստել եւ երբ: Հասկացա, որ ծույլ եմ եւ կդժվարանամ այդքանը հիշել, այդ պատճառով սկսեցի չստել», – կես կատակ, կես լուրջ ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Հյուրը հանդիպումն ավարտել է հետեւյալ խոսքերով.

 

«Հեշտ է ասել, որ քեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում ուրիշի մեղքով կամ ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Կյանքում ամեն ինչ ձեր ձեռքերում է, եւ ես վստահ եմ, որ Հայաստանը նոր հաջողություններ կունենա՝ ձեր շնորհիվ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին