2016-ին գնումների համակարգում բողոքների թիվն աճել է - Mediamax.am

5222 դիտում

2016-ին գնումների համակարգում բողոքների թիվն աճել է


Վարուժան Հոկտանյանը
Վարուժան Հոկտանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր ասել է, որ գնումների համակարգը շատ կարեւոր դերակատարում ունի երկրի տնտեսության համար:

Այս մասին նա նշել է լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով 2015-2016թթ. ՀՀ հանրային մարմինների եւ կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

 

«2008-ից սկսած՝ մեր կողմից իրականացվող այս մոնիտորինգային ծրագիրը նպատակ ունի վեր հանել այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կան գնումների համակարգում»,- ասել է նա:

 

Վարուժան Հոկտանյանը հայտնել է, որ այս տարի աշխատանքները կենտրոնացրել են երեք առավել զգայուն ուղղությունների վրա:

 

«Դրանք են՝ գնումների բողոքարկման համակարգ, շրջանակային համաձայնագրերի ուսումնասիրություն եւ մեկ անձից կատարվող գնումներ: Զուգահեռաբար ուսումնասիրել ենք ՊՈԱԿ-ների հետ կապված գնումները, էլեկտրոնային գնումները եւ այլն»,- ասել է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանն էլ նշել է, որ հիմնականում ուսումնասիրվել են գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» խորագրում ներկայացված տեղեկությունները:

 

«Ուշագրավ է, որ ՊՆ-ի դեմ ներկայացված բողոքները հիմնականում աճել են ապրիլյան պատերազմից հետո: 2016թ. հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է միայն 6 բողոք, իսկ ապրիլ-մայիս ամիսներին դրանք ավելացել են ավելի քան 1.5 անգամ»,- հայտնել է Արտակ Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ ավելացել է հիմնականում առցանց քննության բողոքների թիվը:

 

«2016թ. հունվար-հունիս ամիսների բողոքների մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ 2016թ. էականորեն ավելացել է բողոքների թիվը, մասնավորապես՝ 2015թ. ամբողջ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 25 տոկոս աճ»,- նշել է փորձագետը:

 

Ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակություններ» հիմնադրամի աջակցությամբ:

 

Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրության արդյունքները կհրապարակի իր պաշտոնական կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին