Հայաստանը կմասնակցի շեֆերի համաշխարհային հավաքին - Mediamax.am

exclusive
5006 դիտում

Հայաստանը կմասնակցի շեֆերի համաշխարհային հավաքին


Լուսանկարը` Pursuitist.com

Կարեն Պողոսյանը
Կարեն Պողոսյանը

Լուսանկարը` Ասատուր Եսայանց


Նոյեմբերի 27-ից 29-ը Մոնակոյի Գրիմալդի ֆորումում տեղի կունենա շեֆ-խոհարարների համաշխարհային գագաթնաժողովը (Chefs World Summit):Առաջին անգամ անցկացվող գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանը, որը կներկայացնի Կարեն Պողոսյանը:

 

Գագաթնաժողովի անցկացման վայրը խորհրդանշական է՝ Մոնակոն ընկալվում է որպես գաստրոնոմիական ապրելակերպի հոմանիշ: Գագաթնաժողովը կհամախմբի աշխարհի առաջատար շեֆ-խոհարարներին, ոլորտի լավագույն մասնագետներին:

 

«Հայաստանի մասնակցությունը այս գագաթնաժողովին կարեւորվում է նրանով, որ մենք փոքր երկիր ենք եւ ցանկացած ոլորտում նոր գիտելիքները մեզ համար անչափ կարեւոր են: Իհարկե, այսօր Երեւանում ռեստորաններ ունենք, որոնք կարող են մրցել եվրոպական հաստատությունների հետ, սակայն, միեւնույն է, մեզ դեռեւս պակասում է գաստրոնոմիայի ոլորտում աշխարհին համընթաց քայլելու փորձառությունը», - մեզ հետ զրույցում ասել է Կարեն Պողոսյանը: 

Կարեն Պողոսյանը Կարեն Պողոսյանը

Լուսանկարը` Ասատուր Եսայանց

Գագաթնաժողովի շրջանակներում փարիզյան Le Chef ամսագիրը կկազմի 2017 թվականի 100 լավագույն համաշխարհային շեֆ-խոհարարների վարկանիշը: 

 

Ավելի քան 14 տարվա խոհարարական փորձ ունեցող Կարենն այս շրջանում բնակվում է Ֆրանսիայում ու համարվում է ֆրանսիական եւ իտալական խոհանոցների  գիտակ:

 

Հայաստանը ներկայացնող մասնակիցն աշխատել է բազմաթիվ ռեստորաններում եւ հյուրանոցներում որպես շեֆ-խոհարար, հասցրել է լինել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անձնական խոհարարը:

 

Կարենի պատրաստած ուտեստները ճաշակել ու գնահատել են Շառլ Ազնավուրը, Պլաչիդո Դոմինգոն, Կիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը եւ այլ հայտնի մարդիկ:

 

«Սա ինձ համար մեծ քայլ է դեպի ֆրանսիական գաստրոնոմիայում հայտնի «Միշլենի աստղ»: Գագաթնաժողովին մասնակցությունը ինձ համար աշխարհին ներկայանալու առաջին լուրջ հարթակն է: Չափազանց կարեւոր է շփվել ու սովորել վարպետ շեֆ-խոհարարներից», - ասել է Կարեն Պողոսյանը:

 

Լենա Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին